Լրահոս
Օրվա լրահոսը

«Կինո եմ տարել թատրոնում ձեռք բերածս փորձի «փշրանքները»

Սեպտեմբեր 22,2017 13:30

Հարցազրույց ճանաչված դերասան Լեւոն Շարաֆյանի հետ

– 2001թ. ԱՄՆ տեղափոխվելուց հետո ընդամենը մեկ-երկու անգամ եք եղել հայրենիքում: Ասում են՝ այս անգամ Ձեր այցելությունը երկու նպատակ է հետապնդում՝ պատվավոր կոչումների շնորհում ՀՀ անկախության տոնի եւ Ձեր ծննդյան 70-ամյակի առիթներով:

– Իսկապես երկու անգամ եմ այցելել Հայաստան՝ 2007թ. ծննդյանս 60 եւ 2008թ. Դրամատիկական թատրոնի 40-ամյակների կապակցությամբ: Վաստակավորի կոչմանն արժանացել եմ 37 տարեկանում, իսկ եթե գնահատում են մի քանի տասնամյակ ձգվող ստեղծագործական գործունեությունս՝ արժանացնելով արդեն ժողովրդականի, խնդրեմ… դա ինձ համար երբեք սկզբունքային հարց չի եղել: Այս օրերին Երեւանում եմ որդուս նշանադրությանը մասնակցելու համար, հետո կրկին վայելել իմ քաղաքը, այցելել կոլեգաներիս շիրիմներին, հասկանալի պատճառով ավագ ընկերոջս՝ Պերճ Զեյթունցյանի հրաժեշտին չկարողացա մասնակցել:

– Շարաֆյանի ներկայությունը անպակաս է ԱՄՆ-ում նկարահանված հայկական սերիալներից… Եթե չենք սխալվում, շուրջ երկու տարի առաջ էր՝ «Մոսկվա» կինոթատրոնում ընդամենը մեկ անգամ ցուցադրվեց հոլիվուդյան կինոռեժիսոր Քրիստոֆեր Չամբերսի ֆիլմը Ձեր մասնակցությամբ…

– Դա 2014թ. նկարահանած «Արամ, Արամ» ֆիլմն է, որտեղ նկարահանվել են նաեւ Ալլա Թումանյանը, Սեւակ Հակոյանը, Ռազմիկ Մանսուրյանը եւ ուրիշներ: Ֆիլմը Լոս Անջելեսի հեղինակավոր կինոփառատոնում ներկայացված էր երկու անվանակարգերում՝ «Լավագույն տղամարդ դերասան» եւ «Լավագույն ֆիլմ»: Ես եւ կինոռեժիսորը ճանաչվեցինք այդ անվանակարգերի հաղթողներ: Երկրորդ ֆիլմը Ջակ Թոփալյանի «Դավաճանությունն» է՝ մասնակցությամբ հայտնի դերասանների՝ Մարկո Խանիի, Էրիկ Ռոբերթսի, Օլեգ Տակտարովի, ընդ որում՝ հայ ընտանիքի մասին պատմող ֆիլմը «շրջագայեց» հեղինակավոր այնպիսի կինոփառատոներում, ինչպիսիք են Մոնրեալի, Բոստոնի…


– Տեղեկություններն ամերիկահայ գաղութի թատերարվեստի մասին տարաբնույթ են, ոմանք հավաստիացնում են, թե օրինակ՝ «Վարդան Աճեմյան» թատերախումբը կանոնավոր ներկայացումներ է խաղում, մի մասը հերքում է…

– «Վարդան Աճեմյան», որպես այդպիսին, հիմնական գործող խաղացանկային թատրոն չկա, այո, այդ անվան ներքո բեմ ենք բարձրանում, ժամանակ առ ժամանակ խաղում, կոնկրետ ես 17 տարվա ընթացքում խաղացել եմ Ժան Նշանյանի, Արմեն Էլբակյանի, Հրաչյա Հարությունյանի եւ մյուսների բեմադրություններում, որոնք ներկայացվում են մեկ-երկու անգամ, ոչ ավելի: Մյուս կողմից՝ հանդիսատեսն արդեն երկրորդ անգամ դժվարությամբ է գալիս ներկայացում դիտելու, նշեմ, որ ամերիկյան դահլիճների վարձակալումը թանկ հաճույք է, օրինակ՝ հանրահայտ «Ալեքսում» մեկ երեկոն արժե $10000, փաստորեն, զուտ ֆինանսապես զեռնտու չէ, էլ չենք խոսում օգուտի մասին: Հիմա կառուցվում է հայ-ամերիկյան մշակութային համալիր, ինչը պատրաստ կլինի հավանաբար մեկուկես տարուց, կգործեն տարբեր սրահներ, մենք էլ հույս ունենք, որ մեկ դահլիճ կտրամադրվի թատրոնին, ինչի արդյունքում վերջապես կունենանք կամ կհիմնենք խաղացանկային թատրոն:

– Ձեր խոսքերից ենթադրվում է, որ բեմադրություն իրականացնելը դժվար է, ավելին՝ անեկամտաբեր: Ամեն օր էլ ամերիկաբնակ դերասաններդ ֆիլմերում կամ սերիալներում չեք նկարահանվում: Նման դեպքում ինչպե՞ս եք դիմակայում ամերիկյան թանկությանը:

– Մենք բոլորս էլ աշխատում ենք, ավելի ճիշտ, կատարում այլ աշխատանք ու յուրաքանչյուր ամիս ստանում աշխատավարձ, կոնկրետ ես աշխատում եմ հիվանդանոցում, որպես հերթափոխի պետ:

– Անդրադառնանք մշակույթին, ավելի կոնկրետ՝ դերասաններ կրթող Երեւանի կինոյի եւ թատրոնի պետական ինստիտուտին: Պետք չէ ոլորտի մարդ լինել, գոնե ենթադրելու համար, որ ինստիտուտը պետք է պատրաստի եւ կինոյի, եւ թատրոնի դերասաններ…

– Ես էլ չեմ հասկանում՝ ինչ ասել է կինոյի եւ թատրոնի, բայց մի բան հաստատ գիտեմ՝ թատրոնում կոփվում է դերասանը, դաստիարակվում, ստեղծում մեկը մյուսից տարբերվող կերպարներ, հետո միայն խաղում կինոյում կամ սերիալում: Բոլոր մեծ դերասանները, ասենք՝ Սմակտունովսկին, Հրաչյա Ներսիսյանը… բոլորն էլ թատրոնից են գնացել կինո: Օրինակ՝ Ջիգարխանյանը ֆիլմերի շնորհիվ մեծ հռչակ ձեռք բերեց, բայց ես գտնում եմ, որ նա շատ հետաքրքիր կերպարներ էր ստեղծում թատրոնում՝ կինո տանելով իր թատրոնի «փշրանքները»: Ես էլ Երեւանի Դրամատիկականի «Հուլիոս Կեսարում» խաղում էի Անտոնիոս, ու նման շատ ներկայանալի դերեր, որ կերազեին շատերը, բայց կինո եմ տարել թատրոնում ձեռք բերածս փորձի «փշրանքները»:

– Հայաստանցի Ձեր կոլեգաներից շատերը «մի աչքով» են նայում սերիալներում իրենց գործունեությանը, պատճառաբանում, որ դա ընդամենը եկամտի աղբյուր է:

– Դա ձեւականություն է, չեմ հավատում: Ես տեսնում եմ սերիալներում Արմեն Մարությանին, Ալեքսանդր Խաչատրյանին, Արտաշես Ալեքսանյանին, Լուիզա Ղամբարյանին… հետաքրքիր կերպարներ են ստեղծում: Իհարկե, գումարի պահն էլ կա…Դերասանը բոլոր ժամանակներում իր ոչ մեծ, բայց հավելյալ գումարը ստացել է՝ մասնակցելով տարբեր միջոցառումների, եւ չեմ կարող հավատալ, որ սերիալում նկարահանվող ցանկացած բարձրակարգ դերասան, ինչպես ասացիք՝ «մի աչքով» նայի իր այդ գործին:

Զրուցեց ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ

21.09.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930