ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ
Գիրք տասնութերորդ
Գլուխ հարյուր երեքերորդ
ՃԱԿԱՏԱԳՐՈՎ
Եվ Ֆրունզիկը հորս հարցրեց՝ «ձերոնք էլ Իգդիրից են չէ՞ գաղթել, Ուստա Հակոբ», եւ հայրս պատասխանեց ու ասաց՝ «հա» եւ մի քիչ մտածեց, նայեց Ֆելոյին ու հեգնանքով ավելացրեց՝ «մերոնք էլ չեն փախել. մերոնք էլ են գաղթել», եւ Ֆրունզիկն ասաց՝ «Խորիկը շատ ա գլուխ գովում, որ իգդիրցի ա», եւ հայրս մի քիչ մտածեց ու ասաց՝ «գլուխ գովալու բան չկա» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «ճակատագրով մեկը վանեցի ա, մյուսը՝ իգդիրցի, երրորդը՝ մի ուրիշ տեղացի», եւ Ֆրունզիկը մի քիչ մտածեց ու ասաց՝ «ես ճակատագրով լենինականցի եմ, բայց մերոնք մշեցի են» եւ Ֆելոյին նայելով՝ ժպտաց ու ասաց՝ «մերոնք էլ չեն փախել», եւ հայրս ժպտալով ասաց՝ «մեր Վոլոդյան էլ ճակատագրով Լուգանսկից ա», եւ հիմա, երբ էս բաները գրում եմ, Լուգանսկում ու Ուկրաինայի ռուսաբնակ այլ քաղաքներում իսկական պատերազմ է ռուսների եւ ուկրաինացիների միջեւ, եւ արդեն ահագին զոհեր կան, եւ Ղրիմն արդեն անցել է Ռուսաստանին, ու էդ եղբայրասպան պատերազմի վերջը չի երեւում. եղբայրասպան եմ ասում, որովհետեւ մեզ համար ռուսներն ու ուկրաինացիք համարյա նույնն են, ավելի ճիշտ՝ նախքան էս դեպքերն էին համարյա նույնը, բայց ես գիտեմ, որ հորս գործընկեր Վոլոդյան ոչ թե ուկրաինացի էր, այլ՝ ռուս, որովհետեւ անցյալ դարի էդ հիշարժան օրը, երբ իրենց գեղագրական արհեստանոցում հայրս ժպտալով ասաց՝ «մեր Վոլոդյան էլ ճակատագրով Լուգանսկից ա», Վոլոդյան մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «վի ճակատագրով արմյանե, ա յա ռուսկիյ», եւ, հիշում եմ, երբ Վոլոդյան էդ ասաց՝ Ֆրունզիկը ժպտալով Վոլոդյային ասաց՝ «դու ճակատագրով մեր ախպերն ես, Վալոդ ջան» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «դու ճակատագրով մեր մեծ ախպերն ես, Ուստա Վալոդ», եւ Ֆելոն ժպտալով Ֆրունզիկին հարցրեց՝ «ուզում եք ասեք՝ ռուսները մեր մեծ ախպերն ե՞ն», եւ Ֆրունզիկը մի քիչ մտածեց ու ասաց՝ «Ստանիսլավսկին էլ ա մեր մեծ ախպերը», եւ Ֆելոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «Ստանիսլավսկին վայ թե ռուս չի», եւ Ֆրունզիկը զարմացած հարցրեց՝ «բա ի՞նչ ա», եւ Ֆելոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «երեւի հրեա», եւ Ֆրունզիկը մի քիչ մտածեց ու ժպտալով Ֆելոյին ասաց՝ «դու որ ռուսներին ու հրեաներին իրարից տարբերում ես, մեծ ռեժիսոր կդառնաս», եւ Ֆելոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «ռուսներին ու հրեաներին տարբերելը մեծ բան չի», եւ Ֆրունզիկը մի քիչ մտածեց ու ասաց՝ «ես, օրինակ, չեմ տարբերում» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «բայց Խորիկը լավ էլ տարբերում ա», եւ Ֆելոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «հրեաներն ու հայերն իրար ավելի նման են, քան՝ ռուսներին», եւ Ֆրունզիկը մի քիչ մտածեց ու ասաց՝ «էդ բաները Խորիկն ա լավ հասկանում», եւ Ֆելոն մի քիչ մտածեց ու Ֆրունզիկին հարցրեց՝ «որ էդ բաները լավ ա հասկանում, բա ինչի՞ ռեժիսոր չի դառել», եւ Ֆրունզիկը մի քիչ մտածեց ու ասաց՝ «շուտ թե ուշ կդառնա»:
Շարունակությունը՝ հաջորդ ուրբաթ: