ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանն այսօր թիվ 1 համալսարանական հիվանդանոցում Անկախության տարեդարձի առիթով շնորհավորելով այստեղ բուժում ստացող ապրիլյան պատերազմում վիրավորված զինվորներին՝ նշեց. «Այսօր մեր ամենաարժանապատիվ տոնն է: Այն խորհրդանշում է, որ ժողովուրդը վերականգնել է իր պետականությունը, որ մենք կարող ենք աշխատել մեր հայրենիքում, սիրել այն, պաշտպանել ու արժանապատվորեն աշխարհին ներկայանալ մեր հաջողություններով:
Մերօրյա սիրելի հերոսներ, այսօր այստեղ են նաեւ բժիշկները, որոնք ցանկություն են հայտնել տարվա մեկ օրը նվիրել այստեղ հիմնադրվող վերականգնողական կենտրոնի հնարավորությունները շատացնելուն: Մենք կոչ ենք անում նաեւ մեր բոլոր՝ ութ հազար շրջանավարտներին, որոնք աշխատում են 40 երկրներում: Եթե նրանք էլ համախմբվեն եւ իրենց մեկ օրը տրամադրեն այս նախաձեռնությանը, դա ոչ միայն կենտրոնը օր առաջ շահագործելու ֆինանսական հնարավորություն կլինի, այլեւ համախմբվածության հիանալի օրինակ, ինչը խիստ անհրաժեշտ է բոլորիս, առավել եւս մեր հերոսներին: Շնորհավորում եմ ձեզ, բոլորիս՝ Անկախության տոնի առիթով եւ գլուխ խոնարհում ձեր, ի դեմս ձեզ, բոլոր զինվորների առջեւ»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ