Medialab.am-ն այսօր Անկախության օրը նշեց յուրովի՝ Մաշտոցի անվան պուրակում կազմակերպելով քաղաքական ծաղրանկարների բաց ցուցադրություն:
«Ասում են՝ ընտանիքի/երկրի ներքին խնդիրները կեղտոտ սպիտակեղեն են, որն ուրիշներին ցուցադրել ընդունելի չէ: Մենք համոզված ենք, որ թաքցրած կեղտոտ սպիտակեղենը վնաս կարող է պատճառել: Խնդիրներից ազատվելու լավագույն միջոցը դրանք ընդունելն ու լուծումներ փնտրելն է», – ասվում է Medialab.am-ի տարածած մամուլի հաղորդագրությունում:
Medialab.am-ի գլխավոր խմբագիր Մարիաննա Գրիգորյանը Aravot.am-ին ասաց. «Փորձում ենք մեկ տարվա մեր արած աշխատանքն ամփոփել եւ այն լվացքի տեսքով ներկայացնել հանրությանը: Եղել ենք Գյումրիում, Վանաձորում, Ստեփանավանում, Իջեւանում, Դիլիջանում՝ կազմակերպելով բացօթյա ցուցահանդեսներ, մարդկանց բաժանել ենք «Ցեց» երգիծաթերթը, շփվել, խոսել եւ դրական խոսքեր ենք լսել: Մարդիկ շատ զարմացած էին, որ կարելի է նման գործունեություն ծավալել եւ ողջ մնալ: Ամենաշատ հնչող հարցն այն էր, թե չե՞նք վախենում:
Մենք մեր ասելիքն ամեն օր ենք ասում ծաղրանկարներով եւ մեր հոդվածներով, որոնց հեղինակները իրենց մեսիջներն են ուղարկում կոնկրետ իրադարձությունների շուրջ իրենց դիրքորոշման մասին: Մենք հիմնականում անդրադառնում ենք քաղաքական իրադարձություններին, քանի որ քաղաքական ծաղրանկարի ծրագիր ենք իրականացնում: Սովորաբար, ընտրում ենք այն թեմաները, որոնք ամենաակտուալն են: Շուտով կսկսենք կոմիքսների ծրագիրը, որն ուղղակիորեն առնչվելու է մեր քաղաքացուն ու մերօրյա խնդիրներին: Կարծում ենք՝ դա նույնպես շատ հետաքրքիր կլինի»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ