Այսօր «Վանաձոր-Քիմպրոմի» տարածքում ապամոնտաժման աշխատանքներ են իրականացվել: Տարածքում աշխատել է վերամբարձ կռունկը: Քիմպրոմի նախկին աշխատակիցները մեզ հետ զրույցում ասացին, որ գործարանի տարածքում ապամոնտաժման աշխատանքներ ամեն օր են կատարվում. «Էս օրն առանձնահատուկ չէ, միշտ էլ ապամոնտաժման աշխատանքներ տանում են»:
Նրանք ասացին, որ գաղափար անգամ չունեն, թե ապամոնտաժումն ու՞մ կողմից է իրականացվում եւ այդ գումարներն ու՞ր են ուղղվում. «Բացարձակ չգիտենք, թե էդ գումարներն ու՞ր են գնում: Մեզ մարդատեղ չեն դնում, որ ասեն, գիտես, էս ծախեցինք ու էլեկտրաէներգիայի կամ գազի վարձ ենք տվել»:
Հիշեցնենք, որ ամբողջովին ապամոնտաժվել է նաեւ «Վանաձոր-Քիմպրոմի» ջերմաէլեկտրակայանը: Իսկ ընկերությունը դատարանի որոշմամբ 2011 թվականից 153 աշխատակցի պարտք է շուրջ 130 միլիոն դրամ:
Լուսանկարները՝ Նարինե Ավետիսյանի
Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ