Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Գուսան Հայկազուն. «Լավագույն տղերքը Հայաստանում մնացողներն են»

Սեպտեմբեր 21,2017 21:35

Սեպտեմբերի 21-ին սահմանամերձ Նոյեմբերյան քաղաքի մշակույթի կենտրոնում կայացավ Հայաստանի անկախության 26-րդ տարեդարձին նվիրված միջոցառում: Դրան մասնակցում էին խոշորացված Նոյեմբերյան համայնքի ղեկավար Կարեն Աբազյանն իր տիկնոջ`Լուսինեի հետ, համայնքի ավագանու անդամներ, Տեր Սմբատ քահանա Աբրահամյանը, Նոյեմբերյան քաղաքի հարյուրավոր բնակիչներ, Նոյեմբերյանի սահմանապահ զորամասի մի քանի տասնյակ զինվորներ:

Միջոցառումը վարում էր Հայաստանի գրողների միության Տավուշի մարզային բաժանմունքի ղեկավար Սամվել Բեգլարյանը: Վերջինս գնահատելով Հայաստանի անկախությունն՝ ասաց, որ հայերից քանակով մեծ ազգեր կան, որոնք սեփական պետություն չունեն: Նրա խոսքերով՝ չպետք է ասել`էս երկիրը, հարկ է ասել՝ մեր երկիրը, որի զավակը լինելը հպարտություն է, այն պաշտպանելը՝ պատիվ:

Համերգի ժամանակ հնչեցին գուսան Հայկազունի հայրենասիրական երգերը, լեփլեցուն դահլիճը ծափահարություններով ընդունեց երգիչներ Նաիրա Ներսիսյանի. Դավիթ Մանթաշյանի, ասմունքող Նաիրա Աբրահամյանի, Նոյեմբերյանի «Պարող կարապներ» (գեղարվեստական ղեկավար՝ Ինեսա Ասատրյան) եւ «Սոսե» (գեղարվեստական ղեկավար՝ Կարինե Ջիլավյան) մանկական պարային համույթների ելույթները:
Նոյեմբերյանցիներին մեծ ոգեւորություն պատճառեց, որ տոնական միջոցառմանը մասնակցում է 140 երգերի հեղինակ, «Հայկազունք» երաժշտական համույթի գեղարվեստական ղեկավար, ազատամարտի մասնակից Գագիկ Նազարյանը՝ գուսան Հայկազունը: Նա բեմ բարձրանալով՝ ասաց, որ շուրջ 10 տարի իրեն տանջում էր մի երգ այն մասին, որ լավագույն տղերքը հեռանում են օտար ափեր, այնտեղ են բախտ որոնում: Գուսանն ասաց, որ լավագույն տղերքը գնացողները չեն, այլ`մնացողները, ովքեր Հայաստանում, թեև զրկանքներ են կրում, սակայն ապրում են հայրենի հողի վրա: Գուսանի խոսքերով`հայրենիքը հյուրանոց չէ, որ պայմանները չհավանես,սենյակդ փոխես, հայրենիքը մեր տունն է, մենք պետք է այն շենացնենք: Նա հնչեցրեց լավագույն տղերքին նվիրված իր երգը, «Պիտի գնանք», նաեւ՝ սիրային «Լուսաշող կարոտ» երգերը:

Նոյեմբերյանի մշակույթի կենտրոնի տնօրեն Սոնա Զուրաբյանը մշակույթի կենտրոնի եւ Նոյեմբերյանի համայնքապետարանի կողմից նվերներ հանձնեց գուսան Հայկազունին, Նոյեմբերյան համայնքի ղեկավար Կարեն Աբազյանը համայնքապետարանի կողմից գուսանին հանձնեց շնորհակալագիր: Կ. Աբազյանը Հայաստանի անկախության օրվա առիթով շնորհավորելով միջոցառման մասնակիցներին`խաղաղություն մաղթեց մեր երկրին, որպեսզի խաղաղ պայմաններում մարդիկ արարեն:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930