Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱԿ-ում Թրամփի հարձակումն Իրանի վրա կարող է հակառակ էֆեկտն ունենալ. NYT

Սեպտեմբեր 21,2017 20:07

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ միջուկային համաձայնագրի թեմայով պաթետիկ հարձակումներն Իրանի վրա կարող են անկանխատեսելի հետևանքներ ունենալ, մասնավորապես կարեկցանք առաջացնել Իրանի կառավարության նկատմամբ, գրում է The New York Times-ը:

«Ոմանք պնդում են, որ երեքշաբթի ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում Թրամփի պատերազմական ճառի  և չորեքշաբթի Իրանի նախագահ Հասան Ռուհանիի առավել չափավոր ելույթի միջև կոնտրաստը Իրանին անսպասելի առավելություն է տվել. խելամտության իմիջ՝ հակառակորդի թունոտ ճառի ֆոնին»,-գրում է հոդվածի հեղինակ Ռիք Գլեդսթոունը:

Eurasia Group վերլուծական ընկերության ղեկավար Քլիֆ Կուպչանը կարծում է, որ դա կարող է միջազգային հանրությունում կարեկցանք առաջացնել Իրանի նկատմամբ: «Դա հատկապես վտանգավոր է, քանի որ Իրանը շատ փորձառու է, երբ ընդունում է օտարերկրյա պետությունների կողմից տասնամյակներ շարունակ ճնշումների ենթարկվող զոհի կարգավիճակ»,- ասում է նա:

Այն դեպքում, երբ Թրամփը և ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Նիկկի Հեյլին Իրանի վրա հարձակումներ գործելիս, չներկայացրին ոչ մի հստակ ապացույց առ այն, որ իրանցիները խախտում են միջուկային համաձայնագիրը, գրում է հեղինակը:

Իր ելույթում Ռուհանին հայտարարեց, որ չի միջամտում Մերձավոր Արևելքի ներքին գործերին, այլ օգնում է հարևաններին, որոնք դրա կարիքն ունեն: Նա պնդեց, որ Իրանը ոչ թե աջակցում է ահաբեկչությանը, այլ պայքարում է դրա դեմ, իսկ իրանական հրթիռներն ունեն ոչ թե հարձակողական, այլ պաշտպանական առաջադրանք:

Բացի այդ, Ռուհանին հայտարարեց, որ միջուկային համաձայնագիրը կնքվել է ոչ միայն ԱՄՆ-ի, այլ ևս 5 խոշոր տերությունների հետ՝ Մեծ Բրիտանիա, Չինաստան, Ֆրանսիա, Գերմանիա և Ռուսաստան, և դա միջազգային դիվանագիտության մեջ օրինակ է, որին պետք է հետևել, ոչ թե հրաժարվել դրանից:

Որոշ փորձագետներ կարծում են, որ Ռուհանին լիակատար իրավունք ուներ պնդելու, որ միջուկային ծրագրի շուրջ համաձայնագիրը չի կարելի վերանայել, անգամ եթե այն թերություններ ունի: Դա կարող է էլ ավելի բարդացնել Թրամփի խնդիրներն Իրանի հետ, կարծում է Գլեդսթոունը:

«Պայմանագիրը մնում է պայմանագիր, և Իրանը հետևում է միջուկային համաձայնագրով ստանձնած իր պարտավորություններին,- ասում է զինաթափման հարցերով Arms Control Association նախաձեռնող խմբի գործադիր տնօրեն Դերիլ Քիմբելը:- Իսկ Դոնալդ Թրամփը սպառնում է խզել այն»:

Նրա խոսքով՝ Թրամփի մոտեցումը, «եթե դրա նպատակն էր աջակցություն ստանալ Իրանի դեմ, ակնհայտորեն, ունի հակառակ արդյունքը»:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930