Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ կոնգրեսականներին և հատկապես Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի ներկայացուցիչներին՝ հսկայական աշխատանքի համար

Սեպտեմբեր 21,2017 19:07

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԱՄՆ կոնգրեսականների պատվիրակությանը, որի կազմում են ինչպես Հանրապետական, այնպես էլ Դեմոկրատական կուսակցությունների ներկայացուցիչներ, Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահներ Ֆրենք Փալոունը և Ջեքի Սփիըրը, կոնգրեսականներ Աննա Էշուն, Թուլսի Գեբրդը և Ջիմ Սենսենբրեները:

Նշելով, որ ԱՄՆ Կոնգրեսի երկկուսակցական պատվիրակության այցը Հայաստան վկայում է այն մասին, որ ԱՄՆ-Հայաստան հարաբերությունների զարգացման և խորացման հարցում Հայաստանը աջակիցներ և բարեկամներ ունի թե՛ հանրապետականների և թե՛ դեմոկրատների շարքերում, Սերժ Սարգսյանը խորհրդանշական է համարել, որ ԱՄՆ կոնգրեսականներն այցելել են Հայաստան երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման հոբելյանական՝ 25-րդ տարում:

Հանրապետության Նախագահն ընդգծել է, որ անկախությունից ի վեր անցած 26 տարիների ընթացքում Հայաստանը զգալի ձեռքբերումների է հասել տարբեր ոլորտներում, որը հնարավոր է եղել նաև Միացյալ Նահանգների աջակցության շնորհիվ: Նախագահ Սարգսյանը երախտագիտություն է հայտնել բարեկամ Միացյալ Նահանգներին Հայաստանի անկախ պետականության ամրապնդմանն ու զարգացմանն ուղղված այդ օժանդակության, ինչպես նաև այն կարևոր դերակատարության համար, որ ԱՄՆ-ը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, ունի ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացում:

Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Միացյալ Նահանգների կոնգրեսականներին և հատկապես Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի ներկայացուցիչներին՝ այն հսկայական աշխատանքի համար, որ տարիներ ի վեր նրանք իրականացնում են Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման ուղղությամբ:

ԱՄՆ կոնգրեսականները նշել են, որ ուրախ են Անկախության տոնի օրը Հայաստանում գտնվելու և տոնը հայ ժողովրդի հետ միասին նշելու հնարավորության համար: Հանդիպմանը ներկա կոնգրեսականներից նրանք, ովքեր առիթ են ունեցել անկախության առաջին տարիներին լինելու Հայաստանում, նշել են, որ երկրում զգալի փոփոխություններ են եղել, և դրական տեղաշարժերն ակնառու են:

Կոնգրեսականներն իրենց պատրաստակամությունն են հայտնել ջանքեր գործադրել հայ-ամերիկյան հարաբերությունների հետագա ընդլայնման և խորացման ուղղությամբ: Նրանք նաև իրենց տպավորություններն են կիսել Հանրապետության Նախագահի հետ Արցախ կատարած այցելությունից՝ նշելով, որ տպավորված են Արցախի ժողովրդավարական առաջընթացով:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930