Սեպտեմբերի 20-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Նյու Յորքում հանդիպեց ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպական հարցերով տեղակալ Էլիզաբեթ Միլարդին, Ազգային անվտանգության խորհրդի Եվրոպական հարցերով ավագ տնօրեն Ֆիոնա Հիլին և պետքարտուղարի փոխտեղակալ Բրիջիթ Բրինքին։
Հանդիպմանը հանգամանալից քննարկվեցին հայ-ամերիկյան բարեկամական գործընկերության առավել զարգացմանն առնչվող մի շարք հարցեր։
Զրույցի ընթացքում անդրադարձ արվեց առևտրատնտեսական կապերի ընդլայնման, ներդրումների խրախուսման ուղղությամբ ձեռնարկվող քայլերին։ Այս համատեքստում երկուստեք կարևորվեց հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովի, Առևտրի և ներդրումների հայ-ամերիկյան խորհրդի աշխատանքները։
Մտքեր փոխանակվեցին տարածաշրջանային խնդիրների, մասնավորապես Մերձավոր Արևելքում առկա իրավիճակի շուրջ։
Ամերիկյան կողմը բարձր գնահատեց խաղաղապահ առաքելություններին Հայաստանի ակտիվ մասնակցությունը։
Ամերիկացի բարձրաստիճան դիվանագետները վերահաստատեցին ԱՄՆ հանձնառությունը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ շարունակելու ակտիվ ներգրավվածությունը ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման ուղղությամբ։
ԱԳՆ հաղորդագրություն