Լրահոս
Օրվա լրահոսը

«Կնոջս աշխատանքի պայմանագիրը «ներողություն ենք խնդրում» ակցիայից հետո խզեցին, և իր պարի խումբը ցրվեց». Ուֆուկ Ուրազ

Սեպտեմբեր 21,2017 17:36

«Մեզ համար բազում խնդիրներ են լինում, օրինակ, իմ կինը՝ տիկին Զեյնեֆը, երբ Թուրքիայում նախաձեռնեց «ներողություն ենք խնդրում» ակցիան, դրանից հետո իր հետ աշխատանքի պայմանագիրը խզեցին, և իր պարի խումբը ցրվեց»,-«Հայելի» ակումբում հայտարարեց «Վերադարձ» հիմնադրամի հրավերով Հայաստանում գտնվող Թուրքիայի 23-րդ գումարման Խորհրդարանի պատգամավոր Ուֆուկ Ուրազը:

Ըստ պարոն Ուրազի` ինչպես ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ասաց, հայ-թուրքական արձանագրություններն առանց նախապայմանների պետք է ընդունվեն: Իրենք էլ դրա պայքարն ենք տալիս Թուրքիայում. «Երկուշաբթի Պուտինն ու Էրդողանը հանդիպելու են: Դա էլ կարող է մի շանս լինել ՀՀ-Թուրքիա հարաբերությունների համար: Հուսով եմ`այդ հանդիպման ժամանակ քննարկվելու է ոչ միայն Սիրիայի խնդիրը, այլև այս արձանագրությունները կյանքի կոչելու համար կոնկրետ քայլերի անհրաժեշտությունը»:

Թուրքիայի մշակութային համալսարանի ակադեմիկոս, գրող Ալի Բայրամօղլին վստահեցրեց` իրենք այն զանգվածն են ներկայացնում, որն ուզում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորում, որ Թուրքիան վերջապես ճանաչի Հայոց ցեղասպանությունը, և հայ-թուրքական հարաբերությունները մերձենան: 2008-ից սկսած մերձեցման գործընթացը, որը զուգակցվում էր ցեղասպանության մասին հիշողությունների վերհանումով, հետո Թուրքիայում ավտորիտար ռեժիմի կոշտացման հետ միասին ձախողվեց: Նույն կերպով էլ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունները տարբեր պատճառներով ձախողվեցին»:

Ալի Բայրամօղլին նշեց, թե իրենց ներկայությունն այժմ Հայաստանում խորհրդանշական է. դա շարունակությունն է 2008-ի գործընթացի, որով ուզում են ցույց տալ, որ պատրաստ են այդ գործընթացը շարունակել:

Թուրք մտավորականները, հասարակական-քաղաքական գործիչները մտահոգություն հայտնեցին, որ Թուրքիայում տիրում է ավտորիտար ռեժիմ, ինչը բացասաբար է ազդում արտաքին և ներքին քաղաքականության վրա: Ալի Բայրամօղլին փաստեց, որ Թուրքիայում անկում են ապրում նաև Հայոց ցեղասպանության մասին քննարկումները. «Եթե 2008-2009-ին Հայոց ցեղասպանության նկատմամբ խոսակցություններն աննախադեպ աճ էին ապրում, հիմա իջել են օրակարգի ամենավերջին տեղեր»:

Ակադեմիկոս, գրող, հեռուստահաղորդավար Էրոլ Քաթիրջօղլուի համոզմամբ`որպեսզի երկու երկրները կարողանան պատմությունից ժառանգած խնդիրները լուծել, հակամարտությունների կարգավորման ճանապարհներից է առևտրի զարգացումը. «Այս տեսանկյունից առաջնահերթություն է ստանում սահմանների բացման հարցը: Միայն այդ դեպքում կարող են առևտրային հարաբերություններ զարգացնել, և երկու ժողովուրդները մերձենան: Բայց Թուրքիայի ներկայիս ավտորիտար մթնոլորտը սահմանափակող դերակատարություն ունի»:

Գրող, ակտիվիստ Սաիդ Չեքինօղլուն էլ նշեց, թե 1990-ից աշխատում է հայերի նկատմամբ` իրենց պատմական հայրենիքում տեղի ունեցած անարդարությունների լուսաբանման համար: Նա հիշեցրեց, որ Թուրքիայում ցեղասպանություն բառն օգտագործելն այլևս հանցանք չէ, քանի որ օրենք է փոխվել. դա պատճառաբանվում է նրանով, որ այլևս այդ երկրում այնքան հայ չկա, որ վտանգ ներկայացնի:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930