Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ երգարվեստի եւ այլ բնագավառի ներկայացուցիչներին կոչումներ է շնորհել եւ պարգեւատրել:
Երգարվեստի բնագավառում ունեցած վաստակի համար երգիչ Արտո Թունջբոյաջյանին նախագահը շնորհել է ՀՀ մշակույթի վաստակավոր գործչի պատվավոր կոչում:
Նախագահը վաստակավոր արտիստի պատվավոր կոչում է շնորհել երգչուհի Սիրանուշ Հարությունյանին՝ Սիրուշոյին, ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարսին:
Իսկ դերասան Մկրտիչ Արզումանյանին՝ Մկոյին, նախագահը շնորհել է վաստակավոր արտիստի պատվավոր կոչում՝ արվեստի բնագավառում ունեցած վաստակի համար:
Մհեր Մեսրոպյանին՝ երգիչ Մհերին եւ Արամեին նախագահի հրամանագրով շնորհվել է ՀՀ վաստակավոր արտիստի պատվավոր կոչում:
Դուդուկահար Ջիվան Գասպարյանին նախագահ Սերժ Սարգսյանը պարգեւատրել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով՝ երաժշտարվեստի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի, երկարամյա նվիրումի, ինչպես նաեւ հայկական մշակույթն աշխարհում արժանավայել ներկայացնելու համար:
Հայաստանի պետական ակադեմիական երգչախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Հովհաննես Հարությունի Չեքիջյանին նախագահը պարգեւատրել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով՝ երաժշտարվեստի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի, երկարամյա նվիրումի, ինչպես նաև հայկական մշակույթն աշխարհում արժանավայել ներկայացնելու համար:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ