«Խոսքերով մեկը մյուսին չի կարող վստահել։ Դա գործով պետք է ցույց տալ։ Անվստահություն կա գործելաոճի հետ կապված։ Հայաստանի հետ կապված՝ անվստահություն ունեն հատկապես սփյուռքահայ գործարարները, բայց դա, կարծում եմ՝ կարելի է հաղթահարել։ Մենք պետք է հասնենք փոխվստահության»,- «Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Լիբանանի հայ համայնքի ներկայացուցիչ, «Մասիս»շաբաթաթերթի տնօրեն Սարգիս Նաջարյանը:
Պարոն Նաջարյանը վստահեցրեց` շատ է մտորել, թե ինչու են հայերը լքում Հայաստանը: Դիմելով ՀՀ իշխանություններին` Սարգիս Նաջարյանն ասաց. «Հայրենադարձն ինչպե՞ս պիտի վստահի ձեզ, երբ բնիկը չվում է երկրից: Աշխարհի բոլոր կողմերում էլ օրինախախտումներ, փտածություն, կաշառակերություն կա: Օրինակ` Ֆրանսիայում Ժակ Շիրակը հալածվեց Փարիզի քաղաքապետ եղած ժամանակ կատարած խախտումների համար, Բեռլուսկոնին, Իսպանիայի թագավորն ու թագուհին: Բայց ժողովուրդը ձգելով երկիրը` չի փախչում: Շատ եմ մտածել այս մասին ու եկել այն եզրակացության`չի լքում երկիրը, քանի որ քաջ գիտի, որ ամենաբարձր իշխանավորը և ամենահասարակ քաղաքացին օրենքի առաջ հավասար են: Հայաստանում այս հավասարությունն է, որ պակաս է»:
Նա մտահոգություն հայտնեց, որ Հայաստանի ու սփյուռքի կառույցների և անհատների միջև որոշ դեպքերում կա ընդհանուր անվստահության մթնոլորտ. «Պետական այրերը կոչ են անում հայրենադարձության, բայց արդյոք հայրենադարձը վստա՞հ է, որ ամեն ինչ լավ կլինի: Կա գործելաոճի հետ կապված ընդհանուր անվստահություն: Նպատակները նույնն են, բայց գործելաոճի առումով տարբերություններ կան, ինչն անվստահության մթնոլորտ է ստեղծում»:
«Մասիս» շաբաթաթերթի տնօրենը դրական գնահատեց ՀՀ սփյուռքի նախարարության գործունեությունը: Խոսելով կառույցի արժանիքների մասին` ասաց. «Այս նախարարությունը կարողացավ, ինչպես ասում են, կենդանին իր որջից դուրս բերել: Նույնիսկ կառույցներ բացահայտեց ու բերեց Հայաստան, որոնց մասին տեղյակ չէինք»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ