Լրահոս
Օրվա լրահոսը

«Դուք ինչ է, ավելի՞ն եք անում». Պարգեւ սրբազանը՝ իշխանավորների հոգեւոր կյանքի եւ եկեղեցի կառուցելու մասին (Տեսանյութ)

Սեպտեմբեր 21,2017 16:46

Արցախի հոգեւոր առաջնորդ Պարգեւ սրբազանից այսօր Եռաբլուրում հետաքրքրվեցինք՝ մեր իշխանավորները ինչքանո՞վ են մոտ հոգեւորին, հոգեւոր կյանքո՞վ են ապրում:

Նա պատասխանեց. «Եթե մկրտված են՝ այո»: Մեր հարցին՝ միայն դա բավարա՞ր է՝ Պարգեւ սրբազանը պատասխանեց. «Ինչի՞ միայն դա, եթե մարդիկ պատարագի են գալիս, հաղորդություն են ստանում, բավարար չի՞: Եթե եկեղեցիներին, վանքերին օգնում են, թեմերին օգնում են, բավարար չի՞, դուք ինչ է, ավելի՞ն եք անում»:

Պարգեւ սրբազանն ասաց, որ միայն Աստված գիտի, թե ով ինչքան մեղք է գործում, մենք չենք կարող իմանալ, թե ով է Աստծուն ավելի մոտ կամ վաղը ով է Աստծո մոտ լինելու. «Աստված դա գիտի, մեր ենթադրությունից վեր բան է»:

Հարցին՝ մեր իշխանավորները աստվածավա՞խ են՝ Պարգեւ սրբազանը պատասխանեց. «Բոլոր մարդիկ են աստվածավախ: Չկա այդպիսի մարդ, որ աստվածավախ չլինի: Ամենանեղ վիճակում ասում է՝ վայ, տեր Աստված ու սկսում է խաչակնքվել՝ ամենածանր վիճակում: Դա անում են բոլորը՝ առանց բացառության»:

Մեր հարցին՝ կան քաղաքական գործիչներ, օրինակ, Հրանտ Բագրատյանը, որը դեմ է շատ եկեղեցիների կառուցմանը, դուք ինչպե՞ս եք դրան վերաբերում՝ Պարգեւ սրբազանը պատասխանեց. «Դա նրա տեսակետն է: Հիմա ամեն մարդ իր ճաշակն ունի: Ես կարծում եմ եկեղեցիները այնքան պիտի լինեն, որքան մեզ անհրաժեշտ է, շատ է դա, թե քիչ է՝ դրա մասին չի խոսքը: Որտեղ դրա կարիքը կա, այնտեղ պիտի լինի»:

Մեր դիտարկմանը, որ ասում են՝ այս աղքատ երկրում այսքան շատ եկեղեցի պահելը սխալ է՝ Պարգեւ սրբազանը զարմացավ. «Շա՞տ: Սա շա՞տ է: Լսեք, 100 տարի առաջ հայ եկեղեցին ունեցել է տասնյակ հազարավոր գործող եկեղեցի, վանք եւ ավելի աղքատ է եղել ժողովուրդը: Իսկ հիմա սաղ աշխարհով մեկ 700 եկեղեցի հազիվ թե ունենք, սա շա՞տ է»:

Սրբազանը գտնում է, որ իհարկե, եկեղեցիները նորոգել է պետք, բայց կառուցել էլ է պետք. «Եթե ես գնամ լեռներում վանքը նորոգեմ, ենթադրենք, 1 մլն դոլար տամ եւ տարին 5 հոգի այցելի… եթե բարերարն ասում է՝ ես այս գյուղում չեմ նորոգում, ուզում եմ հենց այստեղ կառուցեմ, մենք ո՞նց իրեն ստիպենք, չի՛ ստացվի, ես իմ փորձից գիտեմ: Ամեն մի բարերար անում է այն, ինչ ուզում է, ասում է՝ ես իմ գյուղում եմ անում, վե՛րջ, ինձ չշեղեք»:

Մեր դիտարկմանը, որ վանքեր կան՝ բարձիթողի վիճակում են,  անգամ եղջերավոր անասուններ են ապրում, հնարավոր չէ՞ եղածը նախ պահել՝ սրբազանը պատասխանեց. «Ես հասկանում եմ, դրա համար պիտի գտնվի բարերար, բայց բարերարը պիտի ցանկանա դա անի: Նա ասում է՝ չէ, ես դրա հետ գործ չունեմ, ես իմ գյուղի մատուռն եմ ուզում նորոգեմ, ի՞նչ անենք: Քո հնարավորությունը եւ կարողությունը պիտի համընկնի ցանկության հետ, չէ՞: Իսկ այդպես աբստրակտ խոսել, թե եկեք 8 մլն դոլարով այս եկեղեցին չանենք, գնանք գործարան դնենք, բայց բարերարն ասում է՝ ես բիզնեսով չեմ ուզում զբաղվել, բարերարություն եմ անում, ո՞նց իրեն համոզես, որ գա ուրիշ բան անի: Մեկն էլ ասում է՝ ես մենակ դպրոցներ եմ կառուցում, ինձանից եկեղեցու համար փող մի խնդրեք, չի՛ ստացվում: Դրա համար իրական ձեւով պիտի հասկանալ եւ այդ հարցերին չտրվել, անիմաստ բաներ են դրանք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930