Սևանա լիճն ու Սևանի տարածաշրջանն օտարերկրացիների, ինչու չէ, նաև տեղացիների համար միշտ էլ ունեցել է առանձնակի գրավչություն: Շատերը Հայաստան այցի գոնե մեկ օրը նվիրում են լիճ այցելելուն, և պատահական չէ, որ համապատասխան տեղեկատվություն ստանալու անհրաժեշտությունն էլ միշտ առկա է:
Սևանի համայնքապետարանի զբոսաշրջության տեղեկատվական գրասենյակը, որ գործում է 9 տարի, ամռան ամիսներին կրկնապատկում է իր աշխատանքները:
Արդեն 3 տարի աշխատանքների նոր որակ և բովանդակություն է հաղորդել Սևանի թերակղզում գործող տեղեկատվական շարժական գրասենյակը:
«Բարի գալուստ» եռալեզու ցուցանակը կրող գրասենյակն ընդունում է զբոսաշրջիկների և զբոսաշրջային խմբերի` նրանց տրամադրելով ընդհանուր և զբոսաշրջային տեղեկատվություն:
Տեղեկատվական գրասենյակի պատասխանատու Դավիթ Թորոսյանը, որը 2004թ-ից զբաղվում է զբոսաշրջային գործի կազմակերպմամբ, մեզ հետ զրույցի ընթացքում մանրամասնում է այս և անցած տարվա հուլիս-օգոստոս ամիսներին գրասենյակից օգտվողների վիճակագրական տվյալները` միաժամանակ կատարելով համապատասխան դիտարկումներ և եզրահանգումներ:
«Անցած երկու ամիսներին տեղեկատվական շարժական գրասենյակի ծառայություններից օգտվել է 6672 զբոսաշրջիկ, որոնցից 1009 ստացել է ընդհանուր տեղեկատվություն, 5663-ը` զբոսաշրջային ինֆորմացիա: Ի դեպ, այդ թիվը նախորդ տարի նույն ժամանակահատվածում եղել է 3183, 853-ը` ընդհանուր ինֆորմացիա, 2330-ը` զբոսաշրջային,- ներկայացնում է Դավիթ Թորոսյանը և ավելացնում:- Տեղեկատվություն ստացածների մեջ առանձնանում են Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիները /710/, ովքեր առավել շատ են օգտվել և օգտվում գրասենյակի ծառայություններից: Եվրոպացիներից ակտիվ են լեհերը /499/, ֆրանսիացիները /448/, իտալացիները /391/, գերմանացիներն /313/ ու իսպանացիները /303/: Ավելի քան 20 երկրներից օգտվողների ցանկը եզրափակում են Իսրայելից և Ֆինլանդիայից ժամանածները` 46-ական զբոսաշրջիկ»:
Երկամսյա աշխատանքն ու դրա հիման վրա ստեղծված վիճակագրությունը փաստում են, որ այս տարի շարժ է նկատվում Լիբանանից, Իրաքից /քրդեր/, Թուրքիայից /հայեր/ և Ֆիլիպիններից: Ի տարբերություն նախորդ տարվա` նկատելի է չինացի և հնդիկ զբոսաշրջիկների շարժը: Նվազման միտում է արձանագրվել Ուկրաինայից և Իսրայելից ժամանածների թվային կազմում:
Դավիթ Թորոսյանի տրամադրած տեղեկատվության համաձայն` Սևանա թերակղզու ավտոկանգառի տարածք ժամանած զբոսաշրջիկների թիվը հուլիս-օգոստոս ամիսներին եղել է 75919 մարդ, որից 8%-ը օգտվել է գրասենյակի ծառայություններից:
Նախորդ տարի Սևանա թերակղզու ավտոկանգառի տարածք ժամանածների թիվը եղել է 32878 մարդ:
Տրամադրվող ինֆորմացիան էլ բազմազան է ու տարողունակ` տուրիստների ընդունելություն, որը ներառում է տեղեկատվության տրամադրում, ուղղորդում, տարածաշրջանի գովազդում, ինչպես նաեւ տարածաշրջանի վերաբերյալ ինֆորմացիայի հաղորդում` ժամանցի կազմակերպման ձևերի, միջոցառումների, տեսարժան վայրերի, գիշերակացի, տրանսպորտի, սննդի կետերի եւ այլ բաղադրիչների ներառմամբ:
Իրականացվելու է նաև հեռախոսային եւ էլեկտրոնային ընդունելություն, աշխատանք մասնագիտացված կառույցների հետ, միջոցառումների կազմակերպում, որը նպատակ ունի գրավելու միջազգային եւ տեղական զբոսաշրջիկներին: Գրասենյակում վաճառվում է տարածաշրջանային տնայնագործական պայմաններում արտադրված գյուղմթերք, ձեռքի աշխատանքներ, տարածաշրջանը ներկայացնող ապրանքատեսակներ:
Տեղեկատվական գրասենյակի պատասխանատուն նկատում է` 3 տարիների դինամիկան փաստում է գրասենյակ դիմածների թվի աճ:
«Ձևավորվել է վստահություն մեր գրասենյակի աշխատանքի նկատմամբ, որտեղ, ի դեպ, կամավորական հիմունքներով աշխատում են Սևանի պետական քոլեջի հյուրանոցային բաժնի ուսանողները: Վստահության գումարելիներն են անվճար, մատչելի, ճշգրիտ տեղեկատվությունը հետաքրքրող բոլոր հարցերի վերաբերյալ: Միաժամանակ տրամադրում են քարտեզներ, բուկլետներ, անհրաժեշտության դեպքում դառնում ենք գիդեր և թարգմանիչներ: Գուցե նաև այդ է պատճառը, որը հայաստանաբնակ հայերն էլ սկսել են օգտվել մեր ծառայություններից, որոնց թիվն այս տարի` նախորդ երկու ամիսների տվյալներով, 977 է: Փաստորեն, ձևավորվում է մշակույթ ամբողջական տեղեկատվություն ստանալու, այդ տեղեկատվությունից օգտվելու հարցում, որն էլ իր հերթին նպաստում է հանգիստն առավել նպատակային և ուղղորդված կազմակերպելուն»,- ասում է Դավիթ Թորոսյանը:
Բազմազգ և տարբեր մայրցամաքներից ժամանող զբոսաշրջիկների հետ կենդանի շփումների արդյունքում կատարվել են նաև որոշ եզրահանգումներ: Տարածաշրջանում զբոսաշրջային լիարժեք և գործող գոտի ձևավորելու ճանապարհին զգացնել են տալիս մի շարք բացեր:
Զբոսաշրջիկների կողմից արված դիտարկումներն էլ ամփոփվել են գրասենյակում: Թերակղզու տարածքում անհրաժեշտություն է դեղատան առկայությունը: Տեղաշարժի համար լուրջ խոչընդոտ է միջքաղաքային տրանսպորտի բացակայությունը: Զբոսաշրջիկների որոշ մասի համար ստեղծվում է անելանելի վիճակ, երբ փոխադրման միջոց է դառնում միայն տաքսի ծառայությունից օգտվելը: Դրանց գումարվում են նաև բանկոմատների բացակայությունը, տարադրամի փոխանակման կետերը, համապատասխան լեզուներով ցուցանակների և ինտերնետ կապի բացակայությունը:
Անկախ մի շարք «չկա»-ների` տեղեկատվական գրասենյակը փորձում է առավելագույնը տալ և զբոսաշրջիկներին հուզող մի շարք հարցերի պատասխաններ լուծել հենց տեղում:
Հայաստանում զբոսաշրջության զարգացմանն ուղղված բազմաթիվ ծրագրերն ու ձեռնարկներն էլ կլինեն արդյունավետ, եթե ավելի արագ տեղայնացնեն նորն ու առաջադեմը` քայլելով աշխարհի հետ համընթաց:
ԱՐՄԻՆԵ ՂՈՒԿԱՍՅԱՆ