Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Փոստանջյանը համահայկական ընդվզման օր է կազմակերպում. «Վաղվանից մենք սկսում ենք այցելություններ բոլոր շրջաններ»

Սեպտեմբեր 21,2017 16:17

Այսօր՝ Անկախության տոնին, Եռաբլուրում էին «Երկիր Ծիրանի» կուսակցության անդամները: Կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը Զորավար Անդրանիկի շիրիմի մոտ ուղերձով հանդես եկավ եւ հայտարարեց համահայկական ընդվզման օրվա մասին: Նա նախ հայտարարեց, որ այսօր մեր անկախությանը սպառնացող թիվ մեկ վտանգը գործող իշխանություններն են. «Անհրաժեշտ է ձեւավորել անդրսահմանային հայ ազգի քաղաքական կառույցների ցանց եւ հայկական պետականության ներքո եւ աշխարհի հայաշատ քաղաքներում մշակել եւ ընդունել համազգային զարգացման ծրագիր, ընտրել պատվիրակներ՝ հայ ազգի երկու հատվածներից՝ գլոբալ հայկական համազգային համաժողով հրավիրելու համար»:

Համաժողովում պետք է ժամանակավոր կառավարություն հաստատեն, այդ կառավարության գործողությունների ծրագիրն ու ժամկետը որոշեն: Ըստ Փոստանջյանի, Արցախում եւ ՀՀ-ում ապրող քաղաքացիները մենակ ի զորու չեն հաղթել գործող ավտորիտարիզմը, ի զորու չեն հաղթահարել այն աղետալի իրավիճակը, որը գոյություն ունի: Հաղթահարման համար անհրաժեշտ է, որ համասփյուռ հայությունը հնարավորություն ունենա օգտվել իր քաղաքական իրավունքից՝ ընտրելու իրավունքից: Փոստանջյանը նշեց, որ հայրենիքի համար բարեգործություն անելը, իհարկե, ողջունելի է, բայց անհրաժեշտ է, որ բոլորը մասնակից լինեն քաղաքական գործընթացներին:

Նա անդրադարձավ Հայաստան-Սփյուռք համաժողովին՝ ասելով, որ այն մեզ ոչինչ չտվեց եւ չի էլ տալու. «եթե դու քաղաքական հարցը չես լուծում, նման ժողովները որեւէ դրական ազդեցություն չեն կարող ունենալ: Ժողովը պետք է լիներ այն մասին՝ մենք մեր հայությանը տալի՞ս ենք քաղաքական մասնակցության իրավունքը, թե՞ չենք տալիս: Մենք այս քառորդ դարը անցկացրեցինք առանց քաղաքական հայտի: Այն վերնախավը, որն այսօր գործում է ՀՀ-ում, ուղղակի կապ չունի հայ ազգի խնդիրների եւ նպատակների հետ»:

Փոստանջյանն առաջարկում է ձեւավորել նոր քաղաքական վերնախավ, որը հնարավորություն ունի պատասխանելու բոլոր այն մարտահրավերներին, որը մեր առջեւ կա:

Նա հայտարարեց, որ այս տարի համահայկական ընդվզման օր են հայտարարելու, ՀՀ-ի եւ Արցախի բոլոր քաղաքներին ներգրավելու են. «Մենք դրանով անվստահություն եւ մերժում ենք հայտնում գործող ապօրինի իշխանություններին: Նրանք ոչ թե չպետք է լինեն իշխանության մեջ, այլ պետք է դատապարտվեն»:

Հարցին՝ համահայկական ընդվզման մասին եք խոսում, նման հայտ եք ներկայացնում, ի՞նչ ռեսուրս ունեք՝ Փոստանջյանը պատասխանեց. «Այո, ունենք ռեսուրս: Այն 25 տարին դեռ չբոլորած երիտասարդը՝ Ռոբերտ Աբաջյանը, որն ավելի երիտասարդ է, քան մեր անկախությունը, հենց այդ ռեսուրսն էր, որը պահեց սահմանը: Մենք ունենք ռեսուրս, այն ազգն ենք, որը ազատատենչ է: Մենք ազատությունների համար պատրաստ ենք եւ զոհվել եւ հիմնադրել այնպիսի պետություն, որը բոլորինս է լինելու»:

Նա հայտարարեց, որ «մեր զենքը, ռեսուրսը մեր հայրենակիցներն են, երիտասարդները, միջին տարիքի մարդիկ եւ տարեցները»:

Իսկ թե ընդվզումը ոնց է կազմակերպելու՝ Զարուհի Փոստանջյանն ասաց, որ այն կենտրոնացված չի լինելու՝ ցանցային տեսքով է լինելու. «Դուք ականատեսը կլինեք, թե մենք ոնց ենք պատրաստելու մեր հանրությանն այդ ընդվզմանը: Վաղվանից մենք սկսում ենք այցելություններ բոլոր շրջաններ, վաղը լինելու ենք Շիրակի մարզում, քաղաքացիներին պատրաստելու ենք այդ ընդվզման օրվան»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930