Այսօր Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի հերթական ընտրական կոնֆերանսում ֆեդերացիայի նախագահ, ու «Հայկական վերածնունդ» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը հրաժարական տվեց: Aravot.am-ի տեղեկություններով, պատճառը ծանրաբեռնվածությունն է:
Քվեարկությամբ միաձայն Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի նոր նախագահ ընտրվեց Երեւանի քաղաքապետի խորհրդական Հրաչյա Մուրադյանը (նկարում), որն Արթուր Բաղդասարյանի տեղակալն էր եւ Երեւանի վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահը:
Ավելի ուշ ՀՎՖ լրատվական բաժինը տարածեց հետեւյալ հաղորդագրությունը. «Այսօր կայացավ Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի հերթական ընտրական կոնֆերանսը, որին ներկա էին ՀՎՖ 35 անդամներ, ՀՀ սպորտի և երիտասարդության նախարարության աշխատակազմի ղեկավար Վահե Էլոյանը, Ազգային Օլիմպիական կոմիտեի վարչության պետ Գագիկ Բոլշիկյանը, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի ավագ մասնագետ Սամվել Հարությունյանը։ ՀՎՖ նախագահ Արթուր Բաղդասարյանը ներկայացրեց ֆեդերացիայի չորսամյա կատարված աշխատանքները և հայտարարեց, որ ցանկություն չունի առաջադրել իր թեկնածությունը ՀՎՖ նախագահի պաշտոնում։ՀՎՖ անդամները շնորհակալություն հայտնեցին Արթուր Բաղդասարյանին աջակցության և տարված աշխատանքի համար»: Նաեւ հավելված է. «Կոնֆերանսի մասնակիցների առաջարկով Արթուր Բաղդասարյանը ընտրվեց ՀՎՖ պատվավոր նախագահ»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Հրաչյա Մուրադյանի հետ հարցազրույցը՝ քիչ ուշ: