Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն Ասատրյան. «Նաիրին» բավականին գեղեցիկ անակնկալներով մրցանակաբաշխություն էր»

Սեպտեմբեր 21,2017 15:05

Սեպտեմբերի 20-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում` Հայաստան-Սփյուռք համաժողովի շրջանակում կայացավ «Նաիրի» համահայկական երաժշտական փառատոնը: Վերջինիս շրջանում մեծարվեցին մշակույթի ոլորտի երախտավորները, որոնց թվում էին ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, խմբավար Հովհաննես Չեքիջյանը, ՀՀ ժող. արտիստ, դաշնակահարուհի Սվետլանա Նավասարդյանը, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, սաքսոֆոնահար Ալեքսանդր Զաքարյանը, ՀԽՍՀ ժողովրդական արտիստներ՝ դուդուկահար Ջիվան Գասպարյանը, կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանը, ժողովրդական երգիչ Ռուբեն Մաթևոսյանը, թավջութակահար Մեդեա Աբրահամյանը, քանոնահարուհի Անժելա Աթաբեկյանը, ՀՀ ժողովրդական արտիստ, օպերային երգիչ Բարսեղ Թումանյանը, ժողովրդական վարպետ, դհոլահար Գագիկ Հախվերդյանը:

Հատուկ մրցանակների արժանացան ՀՀ վաստակավոր արտիստ, դուդուկահար Գեորգի Մինասովը, թավջութակահար Նարեկ Հախնազարյանը , ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, երաժշտագետ Ալինա Փահլեվանյանը եւ ՀՀ ժողովրդական արտիստ Սուրեն Գյանջումյանը:

Փառատոնի շրջանակում ելույթ ունեցան Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը, Գյումրիի պետական սիմֆոնիկ նվագախումբը, «Դուդուկներ» երաժշտախումբը: «Նաիրին» հատուկ հյուր ուներ` ճանաչված կոմպոզիտոր, եւ դաշնակահար Միշել Լեգրանը: Նրան եւս հատուկ մրցանակ հանձնվեց:

Համերգը ղեկավարում էր Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի վոկալ-տեսական ֆակուլտետի դեկան, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, դիրիժոր Ռուբեն Ասատրյանը:

Aravot.am-ի հետ զրույցում դիրիժորը կարեւորեց «Նաիրի» փառատոնի անցկացումը: «Նաիրին» նոր փառատոն է, որի ընթացքում իրենց կյանքի ընթացում մեծ ներդրում կատարած երաժշտական արվեստի դեմքերին գեղեցիկ մրցանակներ մատուցվեցին: Բոլորն էլ ճանաչված արվեստագետներ էին` սկսած Մեդեա Աբրահամյանից ու Վլադիլեն Բալյանից: Ուզում եմ հատկապես ընդգծել մրցանակակիրներից Գեորգի Մինասովի անունը, որը ճաշակի առումով բավականին զգուշավոր գործունեություն է իրականացնում: Նա դուդուկն իբրեւ գործիք զարգացման միտումների է ենթարկում, տարբեր չափերի դուդուկներ է ստեղծել` բաս, բարիտոն…Եվ երբ միասին նվագում են, ասես գեղեցիկ երգեհոն հնչի: Բարսեղ Թումանյանն էր մրցանակակիր, որը նաեւ ելույթ ունեցավ, Նարեկ Հախնազարյանը մրցանակ հանձնեց Մեդեա Աբրահամյանին, ինքն էլ ելույթ ունեցավ, ի պատիվ մեր մեծերի: Մի խոսքով բավականին հետաքրքիր երեւույթ էր»,- ասաց դիրիժորը: Նրա ձեւակերպմամբ, հաճելի էր համերգին հրավիրված տեսնել Գյումրիի պետական սիմֆոնիկ նվագախմբին:

«Քանի տարի է Գյումրիի քաղաքային պետական սիմֆոնիկ նվագախումբը վերականգնվել է` շնորհալի գեղարվեստական ղեկավար Երվանդ Վարոսյանի ղեկավարությամբ: Նա բավականին արդյունավետ եւ հետեւողական գործունեություն է իրականացնում: Կառաջարկեի, որ Գյումրիի նվագախմբին Գյումրիի քաղաքապետարանն ավելի մեծ ուշադրության արժանացներ, հաստիքներ ավելացվեին,եւ այն լիարժեք սիմֆոնիկ նվագախումբ դառնար: Ներկայումս 52 հոգուց բաղկացած պրոֆեսիոնալ նվագախումբը «Նաիրի» փառատոնին բավականին դժվարին ծրագրով հանդես եկավ»,-հավելեց Ռուբեն Ասատրյանը:

Դիրիժորը համոզված է. «Նաիրին» բավականին գեղեցիկ անակնկալներով մրցանակաբաշխություն էր, ու հետագայում գեղխորհուրդն այն ավելի կզարգացնի»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարները nairifest.am կայքից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930