Լրահոս
Օրվա լրահոսը

Ուժային կառույցների միջին օղակների աշխատակիցները «Տավուշ տեքստիլ»-ի համար խոչընդոտներ են ստեղծել (Տեսանյութ)

Սեպտեմբեր 21,2017 14:54

Բիզնես միջավայրը Հայաստանում պետք է ավելի լավանա, որպեսզի ներդրողները վստահություն ունենան Հայաստանում ներդրումներ անելու համար: Այսօր այսպիսի կարծիք հայտնեց «Տավուշ տեքստիլ» ընկերության հիմնադիր Սուրեն Երիցյանը: Ռուսաստանահայ գործարարը նույնպես այս օրերին մասնակցել է Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովին, չնայած, որ ժամանակի մեծ մասն անցկացրել է Տավուշի մարզում` գործարանում:

Բանվորական ձեռնոցների գործարանը սահմանամերձ գոտում է, ունի 300 աշխատատեղ: Ընկերության արտադրանքի 99 տոկոսն արտահանվում է Ռուսաստան, Ուկրաինա, Վրաստան, եվրոպական երկրներ:

«Հայելի» ակումբում Սուրեն Երիցյանն ասաց, որ Բերդ քաղաքում նույնպես պատրաստվում են 600 աշխատատեղով գործարան բացել. «Մեծ ներուժ ունենք, որն անգործ նստած է»:
«Տավուշ տեքստիլ»-ի տնօրեն Միքայել Եզեկյանն ասաց, որ 5 միլիոն ԱՄՆ դոլարից ավել ներդրում են արել եւ դրա եռակին էլ պատրաստվում են ներդնել:

Հարցին, թե Հայաստանում բիզնես անելու ընթացքում ինչպիսի խոչընդոտների են հանդիպում, պարոն Երիցյանն ասաց, որ հարկային-մաքսային եւ այլ ծառայությունների հետ որեւէ խնդիր չեն ունենում, որեւէ մեկը նրանց չի նեղացնում, սակայն ուժային կառույցների հետ երբեմն տհաճ հարցեր են առաջանում: Ընկերության հիմնադրի խոսքով, այդ կառույցներն իրենց գործելակերպով դեռ մնացել են «Սովետում»:
Aravot.am-ի ճշտող հարցին, թե մասնավորապես որ ուժայինների մասին է խոսքը եւ ինչ նկատի ունի, պարոն Երիցյանը չցանկացավ մանրամասնել , սակայն ակնարկեց, որ խոսքը ոստիկանության, քննչական մարմինների մասին է. «Բիզնեսը եւ տնտեսական գործունեությունը կապ չպիտի ունենան որեւէ ուժային ծառայության հետ: Ամբողջ աշխարհում քրեական հանցագործությամբ զբաղվող քննիչը իրավունք չունի մտնել գործարան, դա նրա գործը չէ: Այսօր քաղաքացիական բոլոր ծառայությունների հետ մենք շատ լավ ենք աշխատում: Եթե հսկում եք, խնդրեմ կարող եք հարկային ծառայության երեք աշխատակից դնել մեր գործարանում, որպեսզի ամբողջությամբ հսկեք»:
Մանրամասները` տեսանյութում

Միքայել Եզեկյանի խոսքով, այդպիսի խնդիրներ ավելի շատ ուժային կառույցների միջին օղակների աշխատակիցներն են առաջացնում, որի մասին երբեմն իրենց վերադասները տեղյակ չեն էլ լինում: Ըստ ընկերության տնօրենի, այդ խնդիրների մասին տեղյակ են պահել, ինչը արդեն լուծվել է.

«Ճիշտ կլինի ուժային կառույցներն ունենան առանձին ճյուղ բիզնեսի հատվածի հետ աշխատելու համար, ոչ թե հանցագործի հետ զբաղվող քննիչը աշխատի նույն բիզնեսմենի հետ, տնտեսական գործունեություն իրականացնող մարդու հետ»:

Aravot.am-ի հարցին, թե այս օրերին «Ելք» խմբակցությունը նախագիծ է ներկայացրել ԵԱՏՄ-ից դուրս գալու, ռուսաստանահայ գործարարները, որոնք բիզնես ունեն Հայաստանում ի՞նչ կարծիք ունեն սրա շուրջ, Սուրեն Երիցյանն ասաց` ԵԱՏՄ-ում մնալը ճիշտ է:

«Մեր շուկան շատ փոքր է, մենք պետք է մեծ շուկաներ ունենանք: Պատմականորեն անցած 60-70 տարի մեր շուկան Ռուսաստանն էր, բոլոր տնտեսական կապերը Ռուսաստանի հետ են: Եկեք սկսենք գոնե մի քիչ արտադրություն ստեղծենք, ոտի կանգնենք, նոր ասենք, որ ԵԱՏՄ-ի հետ ինչ-որ հարցերում չենք կարողանում»:

Մանրամասները` տեսանյութում

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930