Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Ֆիդանյան. ՀՀ-ՌԴ հարաբերությունների վերանայումն առաջնային խնդիր է

Սեպտեմբեր 21,2017 14:46

«Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների ներկայիս`ճորտ-ճորտատեր ձեւաչափի պահպանման եւ Եվրասիական նավակի մեջ գտնվելու շարունակականության պարագայում մենք ավելի ու ավելի ենք թուլացնելու մեր պետականության դիրքերը: Իսկ քաղաքակիրթ աշխարհի ընկալումներում հավերժ մնալու ենք, որպես ռուսական ֆորպոստ»,- այս կարծիքին է «Քաղաքացիական գիտակցություն» հասարակական կազմակերպության անդամ Դավիթ Ֆիդանյանը:

Կազմակերպության, այսօր կայացած 4-րդ համաժողովում, բանախոսը կարծիք հայտնեց`վերոգրյալից խուսափելու համար պետք է վերանայել Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունները, հատկապես ՀՀ-ՌԴ հարաբերությունների տրամաբանությունը: Դավիթ Ֆիդանյանը, սակայն, անհնար է համարում հասնել իրենց դավանած ազատական ժողովրդավարությանն այն պարագայում, երբ Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքում կոլաբորացիոնիստների պակաս չի զգացվում, երբ բոլշեւիկյան քաղաքական տեռորի արդյունքում 50 հազար զոհ ունեցած երկրի մշակույթի նախարարության կողմից փակվում է բոլշեւիկյան քաղաքական տեռորի զոհերին վերաբերող ցուցահանդեսը, երբ Մոսկվայից եկած վարչապետը խոսում է ռուսաց լեզվին արտոնություններ տրամադրելու մասին:

«Ազատական ժողովրդավարություն կերտելու համար մեզ հարկավոր է ունենալ պետության դեմ ահաբեկչությունը չխրախուսող, քաղաքական համակարգին հակակշռող եւ քաղաքացիական հասարակություն եզրույթին իրականում համապատասխանող քաղաքացիական հասարակության ամուր ինստիտուտներ, որոնք կունենան ոչ թե արեւմտյան դրամաշնորհներով 4-5 հոգանոց բարձր աշխատավարձ ստացող շահառուներ, այլ բազմահազարանոց շահառուների խումբ, որոնց ուժերով «ներքեւից-վերեւ» սկզբունքով կսկսվի իրական ժողովրդավարացման գործընթացը»,- ասաց նա:

Համաժողովն ընդունեց նաեւ բանաձեւ, որում մասնավորաբար ասված է, որ ՀՀ-ում կառավարման վարչակարգի ժողովրդավարական մոդելն այլընտրանք չունի եւ դրան հասնելու միակ ճանապարհը ժողովրդավարական գործընթացներն են: Նաեւ. «Քաղաքացիական համակարգի ընդդիմադիր բեւեռի կողմից տասնամյակներ շարունակ ժողովրդին հուսախաբ անելու, ընդդիմադիր ռեսուրսը փոշիացնելու եւ քաղաքացիներին հուսահատության մղելու արատավոր պրակտիկան հաղթահարելու համար անհրաժեշտ է որակապես նոր քաղաքական ընդդիմության առկայություն»:

Որակապես նոր ընդդիմության կայացման համար, կազմակերպության անդամները պատրաստ են ներդրում ունենալ: Բանաձեւում ամրագրված է նաեւ քաղաքացիական հասարակության իրական քաղաքացիական հասարակության մարմինների կայացումը, դրա արդյունքում քաղաքական ինստիտուտների ձեւավորումը, ինչը կբերի նրան, որ ՀՀ քաղաքացին կրկին կդառնա քաղաքական գործընթացների շահառու: Եվ վերջապես, ՀՀ ինքնիշխանության եւ պետականության շահերից ելնելով`անհապաղ վերանայել ՀՀ արտաքին քաղաքականությունը, մասնավորաբար, ՀՀ-ՌԴ երկկողմ հարաբերությունների ձեւաչափը, դուրս գալ ԵԱՏՄ-ից եւ վերսկսել ԵՄ-ի հետ Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի համաձայնագրի շուրջ բանակցությունները: Անվտանգության համակարգի համատեքստում էլ վերանայել ՀՀ-ի անդամությունը ՀԱՊԿ-ին: Հորդորել, հարկ եղած դեպքում ստիպել իշխանություններին`նոյեմբեր ամսին ստորագրել ԵՄ-ի հետ ասոցացման շրջանակային համաձայնագիրը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930