Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Նարեկ Սամսոնյան. «Ինքնիշխանությունը բացակայում է հանրային օրակարգից»

Սեպտեմբեր 21,2017 14:31

«Փորձը ցույց է տալիս, որ թե արտաքին քաղաքական սպառնալիքները, թե ներքաղաքական համատեքստում քաղաքական և քաղաքացիական ինստիտուտների կայացվածության խնդիրներն առանձին-առանձին դիտարկելը սխալ է, քանի որ դրանք մեկը մյուսից փոխկապակցված խնդիրներ են։ Այլ կերպ ասած, մի երկրում, որտեղ ներքաղաքական կյանքում իշխանությունները ժողովրդավարական գործելաոճի հակադիր բևեռում են, ընդդիմությունը զբաղված է եղանակային «հեղափոխություններ» անելով, իսկ իրենց իրավապաշտպան հռչակած մարդիկ տարբեր ԶԼՄ-ներով աղաղակում են միջազգային իրավունքում առկա զինված ապստամբության իրավունքի մասին, այդ երկրի արտաքին քաղաքականությունը պետք է լինի կոլաբորացիոնիստական, իսկ ինքնիշխանության կարևորությունը պետք է բացակայի հանրային օրակարգից»,- այսօր «Քաղաքացիական գիտակցություն» հասարակական կազմակերպության 4-րդ համաժողովում ասաց կազմակերպության նախագահ Նարեկ Սամսոնյանը։

ՀՀ անկախության 26 ամյակի օրը համաժողովի անցկացումը կազմակերպության անդամների համար սկզբունքային որոշում է եղել. իրենք վստահ են, որ անկախության օրվա խորհուրդը գործնականում խախտված է մեր երկրում։ Կարծում են` մեղավոր ենք բոլորս։

Վերոասվածի համատեքստում բանախոսը բավականին հուսադրող է համարում որակապես նոր ընդդիմության ձևավորման հնարավորությունը, որը ԱԺ ընտրությունների արդյունքում տրվեց «ԵԼՔ» դաշինքին։

Կարծում է, որ նախկին խորհրդարանի համեմատ, վեցերորդ գումարման խորհրդարանում ընդդիմության և իշխանության միջև գոյություն ունի շատ հստակ բաժանարար գիծ, որն առավել ակնհայտ դարձավ «ԵԼՔ» խմբակցության կողմից ԵԱՏՄ-ից դուրս գալու նախաձեռնությամբ հանդես գալով։ Ինքն էլ կարծում է, որ ԵԱՏՄ-ից դուրս գալուց բացի հարկավոր է օրակարգ բերել ԵՄ-ի հետ Խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունների անհապաղ վերսկսումը և հնարավոր ամեն ձևով նպաստել, որպեսզի նոյեմբերին ՀՀ-ն ԵՄ-ի հետ ստորագրի նույն պայմանագրի քաղաքական մասը պարունակող փաստաթուղթը։ Իրենք համերաշխությունն են հայտնում այս օրակարգի շուրջ համախմբվելու պատրաստ ուժերին և մի կողմ թողնելով տարատեսակ անհամաձայնությունները, պատրաստ են ցանկացած քաղաքական և քաղաքացիական ուժի հետ ամբողջական համագործակցության։

Նարեկ Սամսոնյանն իր քննադատությունից «բաժին հանեց» նաեւ քաղաքացիական հասարակությանը: «Ներքաղաքական համատեքստում մեր թիվ մեկ օրակարգային հարցն այս պահից համարում ենք քաղաքացիական հասարակության իրական մարմինների ձևավորման գործընթացի մեկնարկը։ Քաղաքացիական հասարակության դերի թերագնահատման արդյունքում է նաև, որ մենք այսօր գտնվում ենք նման իրավիճակում»,- ասաց նա`հավելելով, որ մեզ մոտ կան բազմաթիվ հնչեղ անուններով քաղաքացիական հասարակության մարմիններ հանդիսացող կառույցներ, որոնց շահառուների թիվը չի գերազանցում մի քանի տասնյակը, իսկ որոշների դեպքում անգամ չի անցնում 5-6 հոգանոց անձնակազմը։ Եվ հենց այս ստեղծված ստատուս քվոն է, որ օր առաջ հարկավոր է փոխել։ «Քաղաքացիական գիտակցությունն» այդ հայտը ներկայացնում է:

«Հաշվի առնելով միջազգային փորձն ու մեր՝ լիբերալ ժողովրդավարական մոդելի պետություն կերտելու պատրաստակամությունը, անելու ենք հնարավորը, որպեսզի ժողովրդավարության կողմնակից այլ քաղաքացիական հասարակության մարմինների հետ համատեղ փոխենք անձնական եկամուտների աղբյուրի վերածված քաղաքացիական դաշտը և հենց քաղաքացիական հասարակության կայացմամբ շարունակենք 91-ից սկիզբ առած և 95-96 թվականներին առկախված ժողովրդավարացման գործընթացը։ Այդ գործընթացի տեսլականը կարող է լինել «Հայկական երազանքի» ձևակերպումը, որը պետք է պատկանի յուրաքանչյուր ՀՀ քաղաքացու, բայց որի իրագործման տարածքը պետք է լինի բացառապես ՀՀ-ն։ Հենց այս է լինելու Հայկական երազանքի տարբերակիչ առանձնահատկությունը ներկայումս առկա հայերի երազանքից (գումար աշխատել.-Ն.Գ.), որը մեր հայրենակիցները որոնում և իրականացնում են աշխարհի տարբեր երկրներում»,- ասաց Նարեկ Սամսոնյանը։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930