Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Անկախության սերունդը՝ անկախության մասին

Սեպտեմբեր 21,2017 13:56

Արմինե Նազարյան

Անկախությունը մեզ տվել է ազգային գիտակցություն, ավելի ճիշտ՝ մեր սերունդը վերագտել է այդ կորուսյալ գիտակցությունը, հայոց լեզվի, հայ էության, հայ տեսակի գերադաս ընկալում: Ինքնուրույն, լիարժեք, ինքնաբավ հոգեկերտվածք՝ ազգային, մասնավորապես սերնդի հոգեկերտվածք:

Իհարկե՝ ոչ, մենք լիարժեք անկախ չենք եւ ցավալի է գիտակցումը, եթե տոկոսային հարաբերությամբ դիտարկենք, թե որքան քիչ ենք անկախ, սակայն կարծում եմ, դե ֆակտո անկախության պահպանումը, պետականության ամրացումը , երբևէ կբերի դե յուրե անկախացման, հուսանք:

Լեւոն Չիլինգարյան

Այսօր աշխատանքային օր չէ, որովհետեւ հենց այսօր Հայաստան աշխարհս նշում է իր անկախության 26-ամյակը: Այնքան լավ եմ հիշում՝ քանի ամյակն է նշում հայրենիքս, քանի որ հասակակից ենք: Հիմա ուզում եմ հասկանալ, թե ի՞նչ տվեց մեզ այս 26 տարվա անկախությունը…

Անցած տարի անկախության տոնն ինձ համար սկսվեց որպես աշխատանքային օր, սակայն մի քիչ ավելի վաղ, քանի որ զորահանդեսի պատճառով մայրաքաղաքի ճանապարհները փակվելու էին: Տնից սովորականից շուտ դուրս եկա եւ վաղ առավոտյան ականատես եղա, թե ինչպես է սկսվում անկախության տոնը մայրաքաղաքում: Առաջինն ինչին բախվեցի, լեփ-լեցուն երթուղային տաքսին էր, որի ուղեւորները բառացիորեն շախմատի ձիու պես ծռված էին եւ դժգոհում էին փողոցների խցանումներից, բայց երթուղայինի վարորդի չսափրված եւ ջղային դեմքին նայելով՝ լռում էին:

Հաջորդը՝ կենտրոնի փողոցները ջրող ավտոմեքենաներն էին, քաղաքն էին մաքրում եւ կարգի բերում: Ռազմական տեխնիկան եւ զինվորները շատ ավելի վաղ էին բերվել միջոցառման վայր, եւ կազմակերպված սպասում էին իրենց ելույթին: Ասեմ, որ նույն իրավիճակը տեղի է ունենում ամեն օր, նույն երթուղային տաքսիները, նյարդայնացած վարորդները, եւ միայն քաղաքն է, որ կարգի են բերում միջոցառումներից մեկ օր առաջ… սա է մեր անկախությունը: Իսկ այդ զինտեխնիկան տեսնելու ցանկություն առհասարակ չկա, քանի որ ուզում եմ մեր երկիրը տեսնել խաղաղության մեջ, ուզում եմ տեսնել առանց պուտինյան ստրուկների: Այդ զինտեխնիկայից ավելի հզորը եւ կատարելագործվածն ունի մեր հարեւան պետությունը, որը նրան վաճառել է մեր «բարեկամ» կոչված Ռուսաստանի Դաշնությունը: Անցել են տարիներ, շատ բաներ միգուցե կարգավորվել են, շատ բաներ՝ ոչ: Հայերս պառակտված ենք մեծահարուստների եւ աղքատների, այդպես էլ այս տարիների ընթացքում միջին խավ չձեւավորվեց մեր երկրում:

Կարծում եմ եւ համոզված եմ, որ մենք՝ երիտասարդներս ենք մեր երկրի ապագան եւ ուժը: Ցանկությունս այնքան մեծ է տեսնել մեր երիտասարդների մեջ այն մոտիվացիան, այն շահագրգռությունը, որպեսզի մեր երկիրն ավելի բարելավեն, որի արդյունքում առաջընթաց տեղի կունենա: Ոչ թե ընտրությունների ժամանակ «թաղի լավ տղեքը» խափված լինեն կամ վաճառված, որ տատիկ-պապիկներին օգնության ձեռք մեկնեն միայն այդ օրերին՝ կատարելով վերեւներից տրված հրամանները: Կցանկանամ տեսնել հզոր քաղաքացիական հասարակություն, որտեղ չեն լինի խտրականության որեւէ դրսեւորումներ, որտեղ կլինի հավասարություն եւ բարություն, երբ յուրաքանչյուրիս իրավունքները պաշտպանված կլինեն:

Մերի Վանյան

Ինչ խոսք, անկախության ձեռքբերումը կարեւոր ու նշանակալից իրադարձություն էր հայ ժողովրդի համար, նոր էջ մեր պատմության մեջ: Մենք սկսեցինք միջազգային ատյաններում ներկայանալ նորովի՝ ավելի վստահ ու կառուցվածքային տեսանկյունից՝ ամուր: Այլևս չկային սովետական ճնշող կապանքներն ու այս կամ այն խորհրդի կողմից ընդունված, շատ ժամանակ անհասկանալի որոշումները: Անկախությունն այն բաղձալի բանալին էր, որը բացեց հայ մտավորականի, արվեստագետի ու հասարակական գործչի մտքի ու գործունեության դռները: Հայն այլևս քաղաքապես ու տնտեսապես ազատ էր:

Բայց արդյոք մենք այսօր ազատ ու անկախ ենք մեզ զգում մեր երկրում, արդյոք նորանկախ ՀՀ-ն կարողացավ քաղաքական ու տնտեսական ճիշտ տակտիկա մշակել ի բարօրություն իր ժողովրդի: Միանշանակ՝ ոչ…

Գիտեք, վերոհիշյալի շուրջ շատ կարող եմ խոսել, բայց գիտեմ, որ դրանից օգուտ չկա: Բայց մի բան, այնուամենայնիվ, կասեմ, անկախությունը սկսվում է մեզանից յուրաքանչյուրից, մեր հոգուց, սրտից, կանոնավոր ու անկանոն կյանքից, մեր ընտանիքից: Եթե ազատ են գաղափարներդ, անկախ ու անկաշառ են մտքերդ, ուրեմն դու անկախ ես…

Վահե Խաչիկյան

Անկախությունը նախեւառաջ տվեց անկախ լինելու գիտակցությունը, իսկ երիտասարդներին տարիների ընթացքում կաթիլ-կաթիլ տրվեց ազատ մտածելու հնարավորություն: Իսկ հիմա երիտասարդներն ավելի են ձգտում լինել անկախ՝ թե՛ իր ծնողներից, շրջապատից ու կարծիքներից կառչած չլինելու, թե՛ պետականամետ ու մարդամետ մոտեցումներով: Տվեց նաեւ անկախության սերունդ կոչվածը, որը շատ բաներ է տվել հատկապես գիտակցական մակարդակում, ինչը բառերով նկարագրել այդքան էլ հնարավոր չէ:

Իմ կարծիքով՝ անկախությունը գործնականում չկիրառվեց, որովհետեւ իմ աչքերով Հայաստանը մնաց կախված գերտերությունների շահերից: Որպես անկախությունից հետո ապրած երիտասարդ, որ տեսնի Հայաստանը ինչ-որ նոր ձեռքբերումներ ունի, չեմ կարող նշել: Ամենաշատը կարող եմ նշել այն, որ Հայաստանի համար բացվեցին դռներ, թեկուզ փոքր, բայց դրանով Հայաստանը միջազգային հանրության առաջ փորձեց հանդես գալ, իր ձայնը բարձրացնել: Բայց դա նորից երիտասարդների շնորհիվ, որովհետև իշխանության մակարդակում կարծում եմ կա կամակատարության մոտեցումը: Տեսականորեն ունենք անկախությունը, իսկ գործնական՝ շատ քչերի մոտ կա անկախության գաղափարը ճիշտ կրելու ու գործածելու մոտեցումը:

Թեկուզ անկախ ենք, բայց Հայաստանի իշխանությունը կախյալ գործունեություն է ծավալում, վախենալով Ռուսաստանից, կոնկրետ գործնական քայլեր չի անում: Վառ օրինակ է՝ մեկ գիշերում Ռուսաստան գնալ-գալով ու Եվրոպական միության հետ ասոցացումը չեղարկելու որոշումը: Եթե կախյալ չլինեինք, վաղուց լուծված կլիներ թե՛ Արցախյան հակամարտության խնդիրը, թե՛ հայոց դատի խնդիրը, եւ՛ թե մնացած այլ հարցերը, որոնք միջազգային հանրության հետ են կապված:

Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին մաղթում եմ անկախության գիտակցության ճիշտ ընկալում, որպեսզի դա ճիշտ կիրառեն իրենց կյանքի ընթացքում, չհիասթափվելով իշխանությունների գործունեությունից: Այլ իրենց ամբողջ ներուժը ներդնեն Հայաստանի անկախության կայացման համար, որովհետեւ երիտասարդներն այն շարժիչ ուժն են, ովքեր չունեն կախյալ մտածելակերպ: Ուզում եմ, որ այս սերունդն իսկապես լինի անկախություն կերտող սերունդ:

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Լուսանկարները՝ երիտասարդների ֆեյսբուքյան էջերից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930