Լրահոս
Օրվա լրահոսը

Գեւորգ Գորգիսյան. Եվրոպական արժեքը չի նշանակում հոմոսեքսուալ տղաներ եւ լեսբուհի աղջիկներ

Սեպտեմբեր 21,2017 13:37

Քաղաքական վերլուծաբան Ռուբեն Մեհրաբյանը վստահ է`Հայաստանի անկախությունն այլընտրանք չունի, թեեւ այն սուբյեկտը, որից անկախացել ենք, բոլոր ճակատներով գրոհում է մեր անկախության դեմ. «Իր ախոռը, որը կոչվում է իբր տնտեսական միություն, իր, ռուսական աշխարհ կոչվող փնթի գաղափարախոսությամբ, իրենց անընդունելի ապրելակերպով»:

Ռուբեն Մեհրաբյանն այսօր մասնակցում էր «Քաղաքացիական գիտակցություն» ազատական հասարակական կազմակերպության 4-րդ համաժողովին: Նա հաջողություն մաղթեց կազմակերպությանն իր գործունեության հետագա ընթացքում`նկատելով, որ կարեւոր առաքելություն ունեն անկախ Հայաստանի պահպանման եւ զարգացման գործում:

ԱԺ պատգամավոր, «Ելք» խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանն էլ իր ելույթում ՀՀ-ի անկախությանը հարատեւություն եւ անխափանություն մաղթեց, որպեսզի «մենք եւ մեր սերունդները երբեք կարիք չունենանք պայքարելու անկախության համար»:

Նրա կարծիքով՝ առկա հատուկենտ լուսավոր կետերը, որոնցից մեկն էլ «Քաղաքացիական գիտակցություն» կազմակերպությունն է, «լույս են սփռում ընդդեմ չիմացության խավարի, լույս, որը կարող է կերտել վաղվա Հայաստանը, ինչպիսին այն պատկերացնում էին անկախության համար պայքարող մարդիկ»:

Պատգամավորի կարծիքով, անցած 26 տարիների ընթացքում արժեքները խեղաթյուրվել են. «Երբ խոսում ենք եվրոպական արժեքներից, մարդիկ հասկանում են, որ ուզում ենք մեր տղաները լինեն հոմոսեքսուալ, աղջիկները`լեսբուհի: Բայց մենք եվրոպական, ազատական արժեք ասելով հասկանում ենք անկախ դատարաններ, ազատ շուկայական հարաբերություններ, հավասար հնարավորություններ եւ ազատություններ, համակարգեր, որոնց հիմքում մարդը լինի: Քանի դեռ կանք մենք, քանի դեռ կաք դուք`լույսը շատանալու է: Քանի կա լույսի մի ամբողջական կետ`խավարը տոտալ չէ եւ հույս կա, որ լույսը հաղթելու է»:

«Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի» տնօրեն Արթուր Ղազինյանն էլ նկատեց` վերջին 500 տարվա ընթացքում Հայաստանը երբեք 26 տարի անկախ չի եղել եւ չի ունեցել անկախության սերունդ: Նա վստահ է`անկախության շրջանում ձեւավորված մարդկանց գիտակցությունն ազատ է. «Այդ գիտակցությունը հնարավոր չէ փոխել: Համենայնդեպս, անկախ Հայաստանի գոյությամբ ոչ այդքան ուրախ կենտրոններից շատ ջանքեր է պահանջվելու: Անկախության սերունդը մտածում է ազատ: Այդ սերնդի առաքելությունն ու մանդատը շատ կարեւոր է: Դուք պետք է համոզեք բոլորին, որ անկախությունը, ինքնիշխանությունը առեւտրի առարկա չեն, դա այն ձեռքբերումն է, որն ունի Հայաստանը»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930