ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը մեր երկրում հանցագործությունների բացահայտումից գոհ է:
Այսօր Եռաբլուրում նա լրագրողների հետ զրույցում խոսելով Վերնիսաժի մոտ վերջին աղմկահարույց միջադեպի՝ վենդետայի մասին՝ ասաց. «Վենդետայի առկայությունը դեռեւս քրեական գործը ցույց կտա, որքանով են կապված նախորդ գործերի հետ: Կանխարգելիչ աշխատանք մշտապես իրականացվում է, բազում հանցագործություններ չեն իրականացվում՝ այդ կանխարգելիչ աշխատանքի արդյունքում»:
Լրագրողների դիտարկմանը, որ քաղաքական իրադարձություններին այնքան արագ եք արձագանքում, կանխում, օրինակ, Եղնուկյանների ընտանիքին վայրկյանների տարբերությամբ բերման ենթարկեցիք, ինչու քրեական տարրերին կանխարգելել չի հաջողվում՝ Դավթյանը պատասխանեց. «Բոլոր դեպքերն են կանխարգելվում: Կանխարգելվում է այնքանով, որքանով համապատասխան տեղեկատվությանը տիրապետվում է»:
Գլխավոր դատախազը նշեց, որ աշխարհի շատ երկրներում ավելի մեծ թվով հանցագործություններ են կատարվում եւ ավելի ցածր թիվ ունեն բացահայտման:
Մեր հարցին՝ այն, որ օրը ցերեկով նման միջադեպ է տեղի ունենում, սա չի՞ խոսում անվերահսկելիության մասին՝ Դավթյանը պատասխանեց. «Շատ վատ է, վաղը դա կանդրադառնա այդ մարդկանց պատժի եւ պատասխանատվության վրա»:
Հարցին՝ եթե նրանք իմանան, որ պատժելի են, արդյո՞ք նման քայլի կդիմեն՝ դատախազը պատասխանեց. «Նրանք շատ լավ գիտեն, կպատժվեն, դուք կտեսնեք»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ