Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Վահրամ Բաղդասարյան. «Եթե երազում է հայը տղա ունենալու մասին, նրան առաջին հերթին՝ պետք է որպես զինվորացու մեծացնի». «168 ժամ»

Սեպտեմբեր 21,2017 12:47

Հարցազրույց Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հետ

– Համաժողովի ժամանակ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հայտարարեց նորամուծության մասին, ըստ որի՝ պաշտոնյաներն իրենց հայտարարագրում պետք է նշեն նաև բանակում ծառայելու մասին։ Սակայն արդյոք դա կփոխի՞ հասարակության վերաբերմունքը, քանի որ գիտենք, որ հայտարարագրերում նշված ամեն ինչ չէ, որ համապատասխանում է իրականությանը, իսկ պաշտոնյաների որդիների ծառայության վերաբերյալ ՊՆ-ի տրամադրած սկանդալային ցուցակն ապացուցեց, որ կա՛մ նրանք չեն ծառայում, կա՛մ ծառայում են տաքուկ անկյունում։ Ի՞նչ է փոխելու այդ հայտարարագրումը։

– Միայն հայտարարագրում չէ, նաև քաղաքական կամք և մոտեցում է պահանջվում։ Պետք է հասնենք նրան, որ յուրաքանչյուրս գիտակցենք, որ, եթե երազում է հայը տղա ունենալու մասին, նրան առաջին հերթին՝ պետք է որպես զինվորացու մեծացնի։ Օրինակ՝ իմ ընտանիքում այդ հոգեբանությամբ ենք ապրում, և, իհարկե, դեռ իմ տղաները փոքր են, բայց իմ բոլոր հարազատների երեխաները պարտադիր կերպով ծառայում են Հայկական բանակում։ Այդ հոգեբանությունը պետք է լինի։ Եվ նրանք արդեն հասկացել են, որ, եթե ծառայած չեն լինում, այդ երեխայի ճակատագրի հետ հետագայում խնդիրներ են առաջանում, որովհետև առաջին պայմանը պետական աշխատանքի ծառայությունն է։ Դա հոգեբանական խնդիր է, որ պետք է հաղթահարվի։

Իհարկե, մենք ծնողների իրավիճակի մեջ էլ ենք մտնում, այս իրավիճակում՝ անընդհատ կրակոցներ, զոհեր, ծնողը երեխայի մասին մտածելով գնում է նաև այլ ճանապարհներով։ Բայց արդեն դուք էլ պետք է նկատած լինեք, որ նման խայտաբղետ, զարտուղի ճանապարհներով ինչ-որ նպատակի հասնելն աստիճանաբար բացառվում է։ Վերջին դեպքերը՝ կալանավորումներ, ստուգումներ, յուրաքանչյուրը հասկանում է, թե ինչ վտանգավոր քայլի է գնում՝ առողջ երեխային հիվանդ ձևակերպելով։ Եվ բավականին նման բացահայտումներ եղան, և չպետք է պարզապես մենք այդ ճանապարհով, վախեցնելով գնանք։

Իրոք, պետք է հոգեբանություն փոխվի մեր մեջ։ Պետք է հասնենք նրան, որ դա բոլորիս պարտքն է։ Չպետք է ոսկորին հասնի դանակը, որ հասկանանք, որ ազգովի պետք է միասնական լինենք։ Դրա հիմքերը պետք է ստեղծվեն։ Ինձ թվում է, որ Վիգեն Սարգսյանի նշածն իրատեսական է։ Հայտարարագրումն էլ կարող է ինչ-որ ատրիբուտ հանդիսանալ։

– Ընդամենը՝ փաստաթղթերով ամեն ինչ կարգին կլինի։

– Սպասենք և տեսնենք արդյունքները։ Ինձ թվում է՝ փոփոխություններն արդեն վերջին մեկ տարվա ընթացքում պետք է զգացած լինեինք։ Մեծ փաթեթ է դրվել շրջանառության մեջ՝ 2 օրենքներով պաշտպանության մասին և զինծառայողների կարգավիճակի մասին։ Դրանում բավականին հարցերի պատասխաններ տրվում են՝ հավասար պայմանների ստեղծման, տարկետման, կիլոմետրերի հետ կապված, որտեղ չինովնիկները բավականին կարողանում էին խաղալ, այսինքն՝ վիճակահանություն է լինելու, որը բավականին արդար հողի վրա է դնում զինծառայողի ծառայությունը:

Զրուցեց Գայանե ԽԱՉԱՏՐՅԱՆԸ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930