«Հայաստան-Սփյուռք» վեցերորդ համաժողովի բոլոր մասնակիցներն էլ կարեւորում են երկխոսության նման հնարավորությունը, սակայն միաժամանակ փաստում, որ այսպիսի համաժողովներից եւ ելույթներից զատ՝ կոնկրետ գործել է պետք, որպեսզի Սփյուռքն էլ տեսնի եւ է՛լ ավելի վստահի Հայաստանին։ Նման կարծիք «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում արտահայտեց նաեւ ՍԴՀԿ Կեդրոնական Վարչութեան ատենապետ Համբիկ Սարաֆեանը։
– Իսկ որքանո՞վ է Սփյուռքն այժմ վստահում Հայաստանին։ Տարիներ շարունակ Սփյուռքը Հայաստանի համար միայն փողի աղբյուր է եղել։
– Խնդիրը միայն վստահության պակասը չէ։ Սփյուռքն ինչ-որ ձեւով քաղաքականացված մոտեցում է ցուցաբերում Հայաստանին։ Ավանդական մոտեցումները փոխվում են, եւ դա բնական է։ Բոլորն էլ հասկանում են, որ այսպես շարունակել չի կարելի, եւ որ սա այն Հայաստանը չէ, որ մենք պատկերացրել ենք, որ կունենանք։ Դա ոչ թե վստահության պակասն է, այլ իրազեկության բարձրացումն ու մարդկանց՝ ամեն ինչ հալած յուղի տեղ չընդունելը։ Հնարավոր չէ ամպագոռգոռ հայտարարություններ անել, եւ դրանք մնան երկարատեւ, անպայման հակազդող բաներ են լինում, եւ բոլորն էլ հասկանում են, թե իրականում ինչ է կատարվում Հայաստանում։
– Այս օրերին զրուցելով համաժողովի մասնակիցների հետ՝ հասկացանք, որ ամեն դեպքում վստահության պակաս կա, որը գալիս է նաեւ արդարության դեֆիցիտից։
– Իհարկե կա, դա խոսվում եւ ասվում է։ Փորձ է արվում շտկել, բայց ես կրկնեմ իմ միտքը, որ ամենակարեւոր հարցն օրենքի գերակայությունն է։ Դա հիմքն է, որ եթե օրենքի գերակայություն չլինի, շատ խնդիրներ կմնան չլուծված։ Դուք նշեցիք վստահության պակասի մասին, իսկ դրա հիմքն էլ նա էր, սփյուռքահայ ներդնողը պետք է իմանա, որ ունի ապահովագրություն, կարող է հույս դնել դատաիրավական համակարգի վրա, իսկ եթե չի զգում, չի ցանկանա աշխատել։ Դա վերաբերում է բոլոր ոլորտներին, եւ միայն խոսքով շեշտել, որ մենք ունենք օրենքի գերակայություն եւ աշխատում ենք այդ ուղղությամբ, դա քիչ է։ Գործնական քայլեր եւ օրինակներ են պետք, որ որեւէ անձ չկա, որ օրենքից վեր է։
Զրուցեց Նաիրա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում