Այս տարվա օգոստոսին մեր գյուղատնտեսությունը բնական աղետ է վերապրել։ Այսպիսի տպավորություն է ստեղծվում, երբ ուսումնասիրում ենք ՀՀ ազգային վիճակագրական ծառայության՝ երեկ ներկայացրած ցուցանիշները։
Ըստ այդմ, անցած տարվա օգոստոսի համեմատ մեր գյուղատնտեսական արտադրանքը նվազել է 25 տոկոսով։ Թե ինչի հետեւանք է սա, դժվար է ասել։ Եթե տվյալները ճիշտ են արտացոլում վիճակը, ապա այսպիսի գահավիժման միակ բացատրությունը կարող է լինել համատարած երաշտը։ Անցած ամիս, իհարկե, տարբեր գյուղերից ստացվել են տեղեկություններ, որ ոռոգման ջրի լուրջ դեֆիցիտ կա, սակայն պատկան մարմինների կողմից չեն եղել հայտարարություններ այն մասին, որ Հայաստանում մասշտաբային երաշտ է։ Միայն այդպիսի երաշտը կարող էր հանգեցնել գյուղոլորտի արտադրանքի 25 տոկոս անկման։
Դրանից ավելի մեծ անկում անցած մեկ տարվա ընթացքում գրանցվել էր նաեւ 2016 թվականի հոկտեմբերին։ Այդ ամիս գրանցվեց մոտ 30 տոկոս անկում նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշի համեմատ։ Սակայն այդ անկումը, ճիշտն ասած, այնքան էլ արժանահավատ չէր թվում։
Խնդիրն այն է, որ անցած տարվա սեպտեմբերին ձեւավորվել էր Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարությունը եւ, բնականաբար, նոր կառավարությունը ձգտում էր «գույքագրել» տնտեսական ցուցանիշները եւ դրանք հնարավորինս մաքրել նախկինների հավելագրումներից, հետագայում ավելի տպավորիչ աճեր ստանալու ակնկալիքով։ Ավելի պարզ ասած, գյուղատնտեսական ցուցանիշների անցած տարվա հոկտեմբերին եւ նոյեմբերին արձանագրված գահավիժումները ավելի շատ ներքաղաքական ենթատեքստ ունեին։ Իսկ ահա այս տարվա օգոստոսին արձանագրված 25 տոկոս անկման արժանահավատության աստիճանը կարծես թե ավելի բարձր է։
Առաջին հերթին հենց գյուղատնտեսությունում արձանագրված այս գահավիժումը հանգեցրել է նրան, որ տնտեսական ակտիվության ցուցանիշի (ՏԱՑ) աճի տեմպը ամենացածրն է եղել այս տարվա ընթացքում։ Օգոստոսին, ըստ ԱՎԾ-ի հրապարակած տեղեկանքի, ՏԱՑ-ը անցած տարվա նույն ամսվա համեմատ աճել է ընդամենը 2.4 տոկոսով։ Դա այն դեպքում, երբ առաջին 8 ամիսներին ՏԱՑ-ի միջին աճը կազմել է 5.5 տոկոս։ Այսինքն, օգոստոսին ՏԱՑ-ի աճի տեմպը ավելի քան երկու անգամ պակաս է եղել միջինից։
Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում