ՄԱԿ ամբիոնից նույն ելույթում Սերժ Սարգսյանը նաև հայտարարեց, որ Հայաստանը 2018 թվականին՝ ցեղասպանության մասին միջազգային կոնվենցիայի 70-ամյակի առիթով պատրաստվում է հանդես գալ նախաձեռնությամբ և կոչ արեց բոլոր երկրներին միանալ դրան: Թե հատկապես ինչ նախաձեռնության մասին է խոսքը, Սարգսյանը չի նշել, սակայն հնարավոր է, որ դա ևս վերաբերում է Թուրքիայի ուրացման քաղաքականությանը և դրան համարժեք արձագանքի տիրույթում է: Բացառված չէ, որ Սերժ Սարգսյանը հենց այդ շրջանակում էլ դիմում է կանխարգելիչ քայլի, այսպես ասած՝ վերջնագրային տոնով, սակայն բավական անորոշությամբ և ընդհանրականությամբ հայտարարում է 2018-ի գարնանը հայ-թուրքական արձանագրություններից հրաժարվելու համար: Դա վերջնագիր չէ, բայց կարևորը, որ ընկալվի իբրև վերջնագիր միջազգային հանրության շրջանում, որպեսզի Էրդողանը «թասիբի ընկնի»:
Բանն այն է, որ եթե Հայաստանը և հայկական կազմակերպությունները պատրաստվում են թուրքական ուրացման կոշտացմանը զուգահեռ կոշտացնել նաև հայկական քայլերը, Թուրքիան դրան կարող է հակադրել իրեն բնորոշ խորամանկություն և խաղարկել հայ-թուրքական արձանագրությունների հանգամանքը, չվավերացնել դրանք, բայց բերել առաջնային պլան և հայկական կոշտացումը ներկայացնել որպես հարաբերություն կարգավորելու խոչընդոտ՝ Թուրքիայի պատրաստակամության պարագայում: Սերժ Սարգսյանն այդ իմաստով Էրդողանին դնում է իսկապես բարդ ընտրության առաջ՝ կամ ենթարկվել Սարգսյանի «վերջնագրին», կամ զրկվել արձանագրությունները խաղարկելու հնարավորությունից:
Արամ ԱՄԱՏՈՒՆԻ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում