ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը Նյու Յորքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը մտահոգություն է հայտնել Արցախի հակամարտության կապակցությամբ և հույս հայտնել, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կանեն հնարավոր ամեն բան հակամարտությունը կարգավորելու համար, գրում է «ՌԻԱ Նովոստին»:
«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Նյու Յորքում Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր շտաբում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը գոհունակություն է հայտնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումից»,- ասվում է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ:
Գուտերեշը կարևորել է նաև Ադրբեջանի և ՄԱԿ-ի միջև համագործակցության բարձր մակարդակը և փոխըմբռնումը:
«Կառույցի գլխավոր քարտուղարը մտահոգություն է հայտնել հայ-ադրբեջանական, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կապակցությամբ՝ հույս հայտնելով, որ համանախագահները կանեն հնարավոր ամեն բան՝ հակամարտության կարգավորման ուղղությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ