Ի՞նչ տվեց Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովը աշխարհասփյուռ հայության չօգտագործված ներուժը հայոց պետականության զարգացման հունով ուղղորդելու առումով։ Ընդհանրապես գործնականում ի՞նչ խնդիր են լուծում 2-3 տարին մեկ Երեւանում անցկացվող այս հավաքները։ Ինչպե՞ս, ի՞նչ սկզբունքով պետք է ձեւավորվի եւ ինչ գործառույթներ պիտի ունենա Համահայկական խորհուրդը։
Ներկայացնում ենք ՀՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ ՍԱՄՎԵԼ ՆԻԿՈՅԱՆԻ տեսակետները այս հարցերի վերաբերյալ։
-Սփյուռքի մեր հայրենակիցներին, հատկապես գործարար շրջանակներին մտահոգող հիմնական խնդիրներից մեկը, որ, նրանց համոզմամբ, խանգարում է՝ գործ սկսելու եւ սեփական լուման բերելու հայրենիքի շենացմանը, խաղի անհասկանալի կանոններն են. այն, որ հավասար մրցակցային դաշտ չկա, ներդրումները պաշտպանված չեն, դատարաններն անկախ չեն եւ այլն։
-Եթե ինչ-որ մեկն ուզում է որեւէ խնդիր լուծել, փորձում է խնդիրների լուծման ճանապարհներ գտնել, եթե չի ուզում՝ պատճառներ է փնտրում։ Որեւէ մեկը չի ասում, թե Հայաստանում խնդիրներ չկան, բայց որ այդ խնդիրներն ամեն օր, ամեն տարի պակասում են՝ երկու կարծիք չի կարող լինել։
Հետո, շատ կարեւոր է, թե որտեղից են քաղում այդ ինֆորմացիան. ֆեյսբուքյան ինֆորմացիան, կարծում եմ, հիմք չէ՝ այս կամ այն երեւույթին, այս կամ այն իրադարձությանը գնահատական տալու համար։
Եվ, ի վերջո, Սփյուռքը միատարր չէ. կա հին Սփյուռք, կա նոր Սփյուռք։ Նոր Սփյուռքը այն մարդիկ են, որոնք տարբեր ժամանակներում հեռացել են նորանկախ Հայաստանից։ Իմ սփյուռքահայ գործընկերներից մեկը, որ այստեղ ինչ-որ փոքր բարեգործական ծրագիր էր իրականացնում, մի առիթով շատ հետաքրքիր դիտարկում արեց. որեւէ մեկը, որպեսզի արդարացնի՝ ինչու է լքել հայրենիքը, պետք է հազար ու մի պատճառ բերի դրա համար, եթե պատճառ չկա՝ պետք է հորինի։
Էլի եմ ասում՝ մեր երկիրը, իհարկե, շատ խնդիրներ ունի, որոնք պետք է լուծվեն, բայց երբ ասում են՝ այս խնդիրը լուծեք, նոր այս քայլն անեմ, ինձ համար այդ մոտեցումը մի քիչ անհասկանալի է։
Հիշում եմ՝ այդ թեմայով զրուցում էինք մի երկրի ներկայացուցիչների հետ, որոնք ասում էին՝ եթե բիզնես-դաշտում այս, այս, այս փոփոխություններն անեք, հնարավոր է՝ այս, այս, այս ներդրումներն անենք Հայաստանում։ Ես բերեցի ֆրանսիական «Պեռնո Ռիկար» ընկերության օրինակը, որը գնեց Երեւանի կոնյակի գործարանը՝ պահանջներ չներկայացրեց, թե ստեղծեք այս, այս, այս պայմանները, որպեսզի իրականացնեմ իմ ներդրումային ծրագիրը. եկավ, սկսեց աշխատել, եւ Հայաստանի կոնյակագործության ոլորտում սահմանեց բարձր նշաձող։
Այսինքն՝ չասացին՝ արեք, որ գանք, այլ եկան, արեցին եւ իրենց քաղաքակիրթ բիզնես մեթոդներով առողջացրին այդ դաշտը։ Մյուսները ստիպված եղան հարմարվել խաղի կանոններին՝ մտան ազնիվ մրցակցության մեջ, եւ ոլորտը որակական առումով միանգամից վերելք ապրեց։ Կարծում եմ, մնացած դաշտերում էլ պետք է նույն ձեւով վարվել։
Լիլիթ ՊՈՂՈՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի այսօրվա համարում