Մինչեւ 1991 թվականը անկախության գաղափարը մեր հասարակության օրակարգում գրեթե չկար: Բացի մի խումբ այլախոհներից, մտավորական վերնախավը հեռու էր այդ գաղափարից: Հայրենասիրություն՝ այո, ցեղասպանության հիշատակ՝ այո, Մասիս սարի կարոտ՝ այո, բայց երբեք ոչ՝ պետականության զգացողություն: Դրանով մեր վերնախավը տարբերվում էր վրացական, ուկրաինական եւ բալթյան վերնախավերից:
Խորհրդային Հայաստանի հասարակության մեծ մասը մտածում էր՝ «ավելի լավ է ապրենք կայսրության կազմում, մեկ էլ տեսար այդ կայսրությունը մեր հանդեպ բարի գտնվի եւ մեր պատմական հողերը թուրքի ձեռքից առնելով՝ մեզ նվիրի»: Այդ ամենի հետեւանքով 26 տարի առաջ մեր հասարակությունը բացարձակապես պատրաստ չէր անկախությանը, եւ կարճատեւ էյֆորիայից հետո ընկավ խորը դեպրեսիայի մեջ:
Բայց հիմա էլ ուշ չէ: Երբեք ուշ չէ: Պարզապես պետք է հասկանալ, որ անկախ ապրելն ավելի դժվար է, երբեմն ավելի մեծ զոհեր եւ տառապանքներ է պահանջում, քան որեւէ մեկի թեւի տակ գոյատեւելը: Այդպես է թե՛ անհատական, թե՛ ազգային եւ թե՛ միջազգային մակարդակներում: Երբ զավակը գնում է տնից եւ ասում է՝ ես ուզում եմ ընտանիք կազմել, տուն, աշխատանք ունենալ, եւ այդ ամենն ուզում եմ անել ինքնուրույն, առանց որեւէ մեկի հովանավորության, նա, բնականաբար, իր վրա հսկայական բեռ է վերցնում: Եվ բացառված չէ, որ մի քանի ամիս կամ մի քանի տարի հետո նա փոշմանի իր քայլի համար, գնա հորական տուն ու խնդրի՝ «պապա, օգնիր ինձ»:
Երբ մարդն աշխատանք չունի, փոքր աշխատավարձ է ստանում կամ բիզնեսում անհաջողության է մատնվում, նրան շատ դժվար է համոզել, որ դրա պատճառն իր մեջ է. իր ծուլության, իր սխալ հաշվարկի, սխալ ընտրության, իր ուժերը թերագնահատելու կամ գերագնահատելու մեջ: Նա հակված է պատճառները փնտրել արտաքին հանգամանքների մեջ եւ առաջին հերթին չարիքների արմատը տեսնում է նրանում, որ «կառավարության պապաները» նրան լավ չեն նայում:
Երկրի անկախության պարագայում հոգեբանական մեխանիզմը մոտավորապես նույնն է՝ սկզբից մարդիկ մտածում են, որ «Ջերմուկով» երկիր են պահելու, հետո, երբ դա չի ստացվում, բացականչում են՝ «պե՞տք էր մեզ այդ անկախությունը, բա ափսո՞ս չէր էն գյոզալ սովետը»:
Եթե անհատը չի ցանկանում ազատ լինել, նա կգտնի հազարավոր գործոններ, որոնք սահմանափակում են իր ազատությունը՝ հայրը, կինը, զոքանչը, կառավարությունը, ռուսները, ամերիկացիները: Մինչդեռ ազատությունն ու անկախությունը ամեն մեկի որոշման եւ վճռականության հարց է: Կարդացեք Էրիխ Ֆրոմի «Փախուստ ազատությունից» գիրքը: Այնտեղ մանրամասնորեն նկարագրված են փախուստի բոլոր դեպքերը:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Հերթական չափազանց ակնհայտ մտքերն են(որ համոզված եմ կրկնելուեք Առավոտ 2040թ, երբ որ 4.000.000)) բնակիչ կլինի), որոնց դժվար է չհամաձայնել։
Մի ճշտում. 1991 թ տեղի է ունեցել Հանրաքվեն, բայց մի տարի դրանից առաջ՝ 1990 օգոստոսի 23 ին, անկախության հռչակագիրն էր ընդունվել արդեն, իսկ դրանից առաջ ենթադրաբար պիտի լինեին քննարկումներ, և ոչ մարգինալ մակարդակներում։
Թե՞ դա գրեթե-ն էր)))
ՀՌՉԱԿԱԳԻՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Ընդունվել է 23.08.1990
Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը` արտահայտելով Հայաստանի ժողովդի միասնական կամքը,…
Որոշ բաներ կանուխէն, շատ շուտ նկատելը, եւ ապա զանոնք անմիջապէս արտայայտելը, երեւի ոչ միայն արդիւնք չի տար, այլ հակա-արտադրողական է, հակառակ ազդեցութիւն կը պատճառէ, կը վատթարացնէ նշուած ախտը:
Ինչ որ վերեւ ըսուած է, գոնէ ՁՕ տարիներ առաջ արդէն պարզ էր, յստակօրէն երեւում էր: Սակայն եթէ, մինչեւ դեռ երկու տարի առաջ իսկ, մէկը զանոնք արտայայտէր, ամէն կողմից միայն բացասական հակազդեցութեան կ’արժանանար, իրեն կը վերագրուէր լաւագոյն պարագային՝ հայրենասիրական կուրութիւն, տխմարութիւն, սակայն նաեւ կարելիօրէն ինչ-որ… «կասկածներ», թաքուն չար միտումներ:
Յարգելի Խմբագիրը, որպէս սովետի վախտին ալ փորձառութիւնը ունեցած անձ, թէկուզ շատոնց հասկացած լինի շատ մը բաներ, նախանձելի իմաստութիւնը ունի համբերութեա՜մբ սպասելու, եւ գիտնալու թէ ճիշդ երբ այլեւս պատշաճ է, արդիւնաւետ է վերջապէս զանոնք բարձրաձայնել: Timing is everything, չէ՞..
Դեհ լաւ, Բարին Աստուծմէ:
Երբեք ուշ չէ…