Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Վիրուսային հիվանդություն է տարածված, բժիշկները չեն հասցնում սպասարկել

Սեպտեմբեր 21,2017 14:00

Գաստրոէնտերոլգն ասում է՝ սարսափելի բան չկա, պետք է հետեւել հիգիենային

Վերջին շրջանում մանկական հիվանդանոցներում ասեղ գցելու տեղ չկա, ազատ մահճակալներ չկան, մանկաբույժները չեն հասցնում սպասարկել: «Առավոտին» վերջին օրերին ծնողներ են ահազանգում՝ նշելով, որ ինչ-որ վիրուս է տարածված, փոքրիկներին երբ հիվանդանոց են տանում, ստիպված են լինում հերթ կանգնել, քանի որ բժիշկները ծանրաբեռնված են աշխատում: «Ես երեխային հիվանդանոց տարա բարձր ջերմությամբ, բժիշկն ասաց՝ վիրուս է, շատ են հիվանդները: Բայց թե ինչ վիրուս է՝ ոչինչ չասացին»,- պատմեց ծնողներից մեկը: Մեկ այլ ծնող էլ պատմեց, որ ամբողջ ընտանիքով հիվանդացել են, ու բոլորի մոտ նույն ախտանիշներն են՝ բարձր ջերմություն, լուծ, մկանային եւ ստամոքսի ցավեր. «Երեխաներս հենց ապաքինվեն, ես մանկապարտեզ ու դպրոց չեմ տանի, որովհետեւ եթե վիրուս է, չի բացառվում երեխաների մոտ նորից կրկնվի»:

Մեզ դիմած քաղաքացիները խուճապի մեջ են, տագնապած ասում են. «Ոչ մի նորմալ մեկնաբանություն չենք լսում, մեկն ասում է՝ անհայտ վիրուս է, օդակաթիլային է, մյուսն ասում է՝ հայտնի է, 3-րդն ասում է՝ բուժվում է, բան չկա, բայց իմ շրջապատում բոլորը հիվանդ են, իմ ծանոթներից 10-15 հոգի հիվանդ են, օրերով հիվանդանոցում պառկած, աչքիդ առաջ երեխաներդ մի ժամում վատանում են, մարդ վախենում է: Ու ոչ մի պետական կառույց ոչինչ չի ասում՝ «տապկել», նստել են: Բա կարող է կարիք կա դասերը հետաձգելու: Չգիտեմ, մենք մի քանի ծնողներով դպրոց ու մանկապարտեզ չենք ուղարկի մեր երեխաներին: Իմ  հարազատներին էլ, որոնց երեխաներն առողջ են, խորհուրդ ենք տվել  մանկապարտեզ չուղարկել երեխաներին»: Իսկ Արմավիրի մարզի գյուղերից մեկից մեզ դիմած ծնողներն էլ կարծում են, թե վարակը գյուղի խմելու  ջրից է:

Այս տագնապն ու խուճապը շղթայական տարածվում է քաղաքացիների շրջանում, եւ որպեսզի պարզենք, թե ինչ խնդիր է, արդյոք վտանգավո՞ր է, դիմեցինք առողջապահության նախարարություն: Այստեղից հորդորեցին դիմել նախարարության վտանգավոր եւ օդակաթիլային վարակների համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանին: Վերջինս, սակայն, հանրապետությունից բացակայում է: Նախարարության լրատվականից  հորդորեցին սպասել մինչեւ Թորոսյանը վերադառնա, բայց մեր պնդմանը, որ քաղաքացիները տագնապած են, արդյոք ոլորտից այլ պատասխանատու չկա՞, որպեսզի պարզաբանի իրավիճակն ու խնդիրը, լրատվականից խոստացան պարզել: Բայց պարզվում է՝ նախարարության աշխատակիցներին չի էլ հետաքրքրում, որ քաղաքացիների շրջանում խուճապ է, մարդիկ վախեցած են, հարկավոր է հանրությանը իրազեկել՝ ինչ վարքագիծ է պետք դրսեւորել նման դեպքերում: Նախարարությունից խոստացան պարզել, թե ով կարող է իրազեկել քաղաքացիներին, բայց խոստացան ու «կորան», հետո չպատասխանեցին մեր զանգերին:  ՀՀ գլխավոր համաճարակաբան Արա Ասոյանն էլ հրաժարվեց մեր հարցերին պատասխանել. «Վաղը զանգեք»:

Սա առաջին դեպքը չէ, որ առողջապահության նախարարության աշխատակիցները ահազանգին անմիջապես չեն արձագանքում, դրա  վկայությունն են խոզի գրիպի տարածվելու դեպքերը, երբ իրավիճակն արդեն մեկ շաբաթ էր՝ ահագնացել էր, ու նախարարությունը հարկ չէր համարում քաղաքացիներին բացատրություն տալու, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկել:

Քանի որ պաշտոնական աղբյուր համարվող նախարարությունը գերադասեց լռել իրավիճակի մասին ու պարզաբանում չտալ, մենք դիմեցինք բժիշկ-գաստրոէնտերոլոգ Հայկ Մանասյանին, որն ասաց՝ ամեն օր էլ նման շատ հիվանդներ են ընդունում: Բժիշկը հորդորեց խուճապի չմատնվել, այս վիրուսը միշտ էլ եղել է ու կլինի, եւ նման հիվանդներ դեռ մայիս ամսից են դիմում իրենց. «Վիրուսը որեւէ մեկին ողբերգական հետեւանքի չի բերել, մի անհանգստացեք»:

Իսկ թե ինչ վիրուս է, հայտնի՞ է, թե՞, ինչպես քաղաքացիներն են ասում՝ անհայտ, Մանասյանն ասաց. «Վիրուսի անուն-ազգանունը հիվանդների ինչի՞ն է պետք, դա ոչինչ չի տալու: Սա չլվացած ձեռքերի, չլվացած մթերքի, որը բավականին շատ է մեր երկրում, հետեւանք է: Մարդիկ կան՝ բարեւում են չլվացած ձեռքերով, չլվացված մթերք շատ կա, որ վաճառվում, ուտվում, մատուցվում է: Վիրուսը լիարժեք կանխարգելել հնարավոր չէ, բայց հնարավոր է վարակվածների քանակը նվազեցնել: Բոլորով պետք է հիգիենան պահպանեն, ձեռքերը պարբերաբար լվանան»:

Բժշկի ներկայացմամբ՝ ձմռանը շնչուղիների վիրուսային ախտահարումներն են շատանում, ամռանը՝ աղեստամոքսային համակարգի վիրուսային ախտահարումները:

Մանասյանը վստահեցրեց՝ այս վիրուսը շփումով է տարածվում, այն մթերքի կամ ջրի միջոցով բերանով անցնում է օրգանիզմ ու աղիներ:

Այս վարակի համախտանիշը, ըստ բժշկի, կարող է ընթանալ օրգանիզմի ընդհանուր թուլությամբ, մկանային ցավերով, ջերմության բարձրացմամբ, որը հնարավոր է տեւի 3, 5, 10 կամ 15 օր:

«Երբեմն վիրուսը թուլացնում է օրգանիզմը, տվյալ դեպքում՝ լորձաթաղանթը, դրա վրա բակտերիալ ինֆեկցիաներն են ակտիվանում, սա մի փոքր ավելի լուրջ խնդիր է: Բայց լինում է, որ առանց միջամտության էլ հիվանդը լավանում է: Իսկ եթե բակտերիալ վիրուսն ակտիվացել է, լրացուցիչ միջոցներ են հարկավոր: Բացառիկ դեպքերում, երբ լուծը դարձել է արյունային, այդ դեպքում մեծ է հավանականությունը, որ կա բակտերիալ ախտահարում, պետք է դա բացահայտել ու բուժել: Անտիբիոտիկներից հեռու մնացեք, շատ հեղուկներ օգտագործեք ու տնական մածուն կամ «Նարինե» մածուն օգտագործեք»,- խորհուրդ տվեց Մանասյանը:

Բժիշկը հորդորեց՝ եթե մկաններն ու որովայնը լարված են, եթե կան որովայնի ուժգին ցավեր, ջերմության հետ  լուծ՝ օրը  3-4 անգամ, անպայման դիմել բժշկին: Այնուամենայնիվ, Մանասյանն ասաց՝ մկանային ցավերն ու լուծը, ջերմությունը սարսափելի չեն, պետք չէ վախենալ, սակայն եթե լուծը արյունով է կամ փսխումով, հնարավոր է ջրազրկում լինի, ուստի կրկին անհապաղ պետք է դիմել բժշկի:

Ընդ որում, այս վիրուսը միայն երեխաների շրջանում չէ, բազմաթիվ մեծահասակների շրջանում էլ է տարածված, ուղղակի ծերերն ու երեխաներն ավելի դժվար են հաղթահարում:

«Եթե նկատում եք՝ երեխան շուրջօրյա ջերմում է, չի ուտում, չի խաղում, թուլացած է, անպայման դիմեք  բժշկի: Նորից կրկնեմ՝ սարսափելի չէ այս վիրուսը, բայց դրա  տագնապալի համախտանիշներն են՝ արյուն, ցավ, փսխումային ախտանիշ, անզուսպ լուծ, այս դեպքում սպասել, թե ինքնուրույն կնահանջի վիրուսը, սխալ է, անմիջապես պետք է դիմել բժշկի»,- ասաց  Հայկ Մանասյանը:

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ 

«Առավոտ» օրաթերթ

20.09.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930