Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Արեւմուտքում մասսայական վենդետաներ են կատարվում, մեզ մոտ՝ մեկ-երկու դեպք, եւ աղմուկ են հանում»

Սեպտեմբեր 21,2017 14:30

Վահրամ Բաղդասարյանը՝ Հայաստանը Սիցիլիա դարձնելու մասին
Ինչպես հայտնի է, օրերս օրը ցերեկով Վերնիսաժի մոտ կրակոցներ եղան, եւ այդ միջադեպը բուռն քննարկումների տեղիք տվեց:

Մենք ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանին հարցրինք՝ նախընտրական քարոզարշավի ժամանակ ՀՀԿ-ականներն ասում էին, որ Հայաստանը Սինգապուր է դառնալու, Գագիկ Ծառուկյանն էլ իր հերթին խոստացել էր Հայաստանը Դուբայ դարձնել, բայց ավելի շատ ոնց որ Սիցիլիայի՞ն չենք մոտենում: Նա պատասխանեց. «Գնահատականները, որ Հայաստանը Սինգապուր է լինելու, ոչ թե պաշտոնական եւ քաղաքական որակումներ են եղել, անհատներ են դրանք ուղղակի բարձրաձայնել, բայց մեր ձգտումը բնականաբար դա է: Մեկ տարվա ընթացքում չէ, որ դա պետք է լինի, բնականաբար: Մոտեցումները, ինչը հիմա արվում է, կարծես թե այդ հեռանկարները ես տեսնում եմ, որ մենք ոչ թե Սինգապուր կամ Դուբայ դառնալու ինչ-որ ակնկալիքներ ունենք, այլ բավականին լավ Հայաստան ունենալու ակնկալիքներ կան: Այս տեմպերը, որը վերցված են, եթե չնվազեն, եթե շարունակվեն, ինձ թվում է՝ մենք բավականին հաջողություններ կունենանք»:

Ինչ վերաբերում է Հայաստանը Սիցիլիա դարձնելուն՝ Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց. «Ես խնդրում եմ՝ դուք համեմատեք աշխարհի ամենազարգացած երկրների՝ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի հետ, Մեծ Բրիտանիայի, ում հետ ուզում եք: Համեմատության դաշտ բերեք, թե ինչեր են կատարվում այնտեղ, ինչ մասսայական վենդետաներ են կատարվում, եւ Հայաստանում եթե կատարվում է մեկ-երկու դեպք, այսպես աղմուկ է: Կարո՞ղ է վերահսկողություն սահմանի Հայաստանի իշխանությունը կամ ոստիկանությունը բոլոր մուտքերին, դուրս գալուն, բոլոր այն անձանց նկատմամբ, որոնք հանցագործ էլեմենտներ են կրում, առանձին վերահսկողություն սահմանի: Այլ խնդիր է՝ դրանք բացահայտվո՞ւմ են, թե՞ չէ, նրանք պատժվո՞ւմ են, թե՞ չէ: Երաշխավորված չէ որեւէ երկիր: Իհարկե, շատ վատ երեւույթ է, շատ տխուր երեւույթ է, եւ անձնական, կենցաղային դրդապատճառները բերել քաղաքական դաշտի, ընտրությունների հետ կապել՝ նորմալ չեմ համարում»:

Մեր դիտարկմանը՝ եթե առանձին դեպքեր նկատի ունենանք, գուցե իսկապես հարցը չքաղաքականացվի, բայց խոսքը օրը ցերեկով կենտրոնում կրակոցների եւ ՀՀԿ-ի խոստացած ապահով Հայաստանի տարբերության մասին է, Գյումրիում բազմաթիվ դեպքեր եղան, լուրեր եղան, որ օրենքով գողերը Հայաստանում «սխոդկա» են անում, սա չի՞ խոսում այն մասին, որ մեզ մոտ արդեն անկառավարելի վիճակ է, Վահրամ Բաղդասարյանն արձագանքեց. «Ես չգիտեմ՝ ինչ սխոդկաների մասին է խոսքը, իսկ դուք ո՞նց եք նայում, երբ օրը ցերեկով Արեւմուտքի զարգացած երկրներում մտնում են դպրոց, տասը երեխայի գնդակահարում, օրը ցերեկով կնոջը մուտքի մոտ գնդակահարում են: Որեւէ մեկը երաշխավորված չէ նման դեպքերից, որեւէ երկիր երաշխավորված չի: Պետք է հնարավորինս կանխարգելել, իսկ դրա համար պետք է բացահայտել եւ խստագույնս պատժել նման դեպքերի մեղավորներին»:

Հ. ՋԵԲԵՋՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

20.09.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930