Լրահոս
Օրվա լրահոսը

«Պուտինը զենք է տալիս, որ նրանք մե՞զ ոչնչացնեն, ինչի՞ համար է տալիս»

Սեպտեմբեր 21,2017 15:00

Գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը դեմ է Պուտինի քաղաքականությանը՝ այնպիսի զենք է տալիս մեր հակառակորդին, որ աշխարհում չկա

Հայաստան-Սփյուռք համաժողովին մասնակցելու էր եկել ՌԴ-ում բնակվող, 1992-1995թթ. ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի պետ, 1993թ. պաշտպանության նախարարի պաշտոնակատար, Արցախյան պատերազմի հերոս, գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը: «Առավոտը» նրանից հետաքրքրվեց՝ ինչպե՞ս եք վերաբերվում նրան, որ Ռուսաստանը մեր հակառակորդներին զենք է վաճառում՝ լինելով մեր ռազմավարական գործընկերը:

Նա պատասխանեց. «Ռուսաստանը կոմերցիոն գործարք է անում եւ վաճառում է դրանք Ադրբեջանին, չնայած պարոն Պուտինն ասաց՝ հակամարտության գոտի զենքի մատակարարումը ցանկալի չէ, իսկ ինքը անձամբ տալիս է՝ բարձր մակարդակով՝ 5 մլրդ-ի, եւ ինքն անձամբ խախտում է, դրությունը թեժացնում: Դա ցանկալի երեւույթ չէ»:

Հիշեցնենք, որ ՌԴ նախագահը նման հայտարարություն արել էր՝ Չինաստանում ասուլիսի ժամանակ խոսելով ԱՄՆ-ի կողմից Ուկրաինային զենք մատակարարելու մասին: Նա ասել էր՝ «կան միջազգային կանոններ եւ մոտեցումներ. զենքի մատակարարումը հակամարտության գոտի չի խոսում հաշտեցման օգտին, այլ միայն խորացնում է իրավիճակը»:

Ռուսական զենքի վաճառքի մասին հաճախ իշխանական օղակներից հնչում են բացատրություններ, արդարացումներ, թե հակառակորդները փող ունեն՝ առնում են, եւ Ռուսաստանից չառնեն՝ կգնեն Իսրայելից եւ այլ երկրից: Նորատ Տեր-Գրիգորյանցը չի ընդունում այսպիսի մեկնաբանությունները: Նրա խոսքով՝ «Ադրբեջանն, իհարկե, շատ փող ունի եւ զենք կարող է գնել աշխարհի այլ երկրներից, բայց այնպիսի զենք, որը Ռուսաստանից է գնում, աշխարհում չկա: Ես դա շատ լավ գիտեմ, ես «ռուսական» մարդ եմ, ծառայել եմ այդ բանակում եւ պատասխանատու եմ եղել ողջ դիվիզիայի համար, դրա համար այն, որ Ռուսաստանը զենք է վաճառում մեր հակառակորդին, ես չեմ կարող դա ընդունել, շատ դժգոհ եմ դրանից»:

Մեր դիտարկմանը՝ այդպիսի ռազմավարական գործընկե՞ր է լինում, գեներալը արձագանքեց. «Գիտեք՝ անկախ այն բանից՝ ռազմավարական է, թե ռազմավարական չէ, ինչ-ինչ քաղաքական կամ այլ հարցեր են սրանով լուծում, թե չէ՝ մի բան ակնհայտ է՝ նրանք այնպիսի զենքեր են վաճառում մեր թշնամուն՝ հրթիռային հզոր հարձակողական համակարգեր՝ C-400, որը չափազանց վտանգավոր զենք է, հասկանո՞ւմ եք, վաճառում են տանկեր, հակատանկային միջոցներ՝ այնքա՜ն հզոր: Չեմ հասկանում, զենքերը Պուտինը տալիս է, որ նրանք մե՞զ ոչնչացնեն, ինչի՞ համար է տալիս: Այդ քաղաքականությունը չի կարող արդարացված լինել, ես դեմ եմ Պուտինի այդ քաղաքականությանը՝ որպես ռազմական գործիչ»:

Ըստ գեներալի՝ ռուսական զենքի վաճառքը մեր հակառակորդներին խոսում է Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերությունների որակի մասին. «Հայաստանի Հանրապետության նախագահը պետք է ասի պարոն Պուտինին՝ չէ՞ որ Դուք ասում էիք, որ հակամարտության գոտիներում ցանկալի չէ զենք մատակարարել, ՄԱԿ-ի միջազգային չափանիշներով ու կանոնադրությամբ ահաբեկչական կազմակերպություններին ընդհանրապես արգելվում է վաճառել զենք: Իսկ ադրբեջանական բանակը տեռորիստական բանակ է: Մենք տեսանք, թե ապրիլին, երբ հարձակվեցին, ինչպես իրենց պահեցին: Նրանք գերիների նկատմամբ հումանիտար կանոնները չպահեցին, կտրեցին գլուխներ, ականջներ, խոշտանգեցին մարմինները: Դրանով իրենք իրենց մայրերին ցույց տվեցին, թե ինչ սրիկա են իրենք, ինչ զավակներ են ծնել այդ մայրերը՝ անբարոյական, հանցագործ»:

Մեր հարցին՝ ի՞նչ եք կարծում, մեր նախագահը չի՞ ասում իր դժգոհությունը Վլադիմիր Պուտինին, նա պատասխանեց. «Ես չգիտեմ, ես նախագահների մոտ ընդունելությունների չեմ լինում: Ես ժամանակին, երբ այստեղ հրամանատար էի, նախարարությունում էի, այդ ժամանակ հանդիպում էի, հիմա արդեն ավարտել եմ իմ առաքելությունը եւ գտնվում եմ ՌԴ-ում, այնտեղ ապրում եմ»:

Մենք նաեւ հետաքրքրվեցինք՝ ինչպե՞ս եք Դուք գնահատում պաշտպանության նոր նախարար Վիգեն Սարգսյանի գործունեությունը, գեներալը պատասխանեց. «Վիգեն Սարգսյանը շատ կարգին, կիրթ, հասկացող մարդ է, նա, ճիշտ է, ռազմական մարդ չէ, ես  չգիտեմ իր գիտելիքները ռազմական ոլորտում, իր մոտեցումները, ռազմավարությունը, ես իրեն գիտեմ որպես լավ մարդ, նախագահականում էր: Պաշտպանության նախարարության ղեկավարի գործը քաղաքական ադմինիստրատիվ գործունեություն է, գլխավոր շտաբ կա այնտեղ, դրա համար խելացի նախարարն ու գլխավոր շտաբի հասկացող պետը միասին՝ նշանակում է բարձր մակարդակով ղեկավարում պետք է որ լինի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

20.09.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930