Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Անակնկալ՝ Արաքս Մանսուրյանին

Սեպտեմբեր 21,2017 12:30

Ազգային օպերային թատրոնում ՀՀ մշակույթի եւ սփյուռքի նախարարությունների աջակցությամբ օրերս կայացած երեկոն՝ նվիրված անվանի երգչուհի Արաքս Մանսուրյանի ստեղծագործական գործունեության կեսդարյա հոբելյանին, ընդունված ձեւաչափերից դուրս էր: Վերջին տարիներին ավստրալիաբնակ երգչուհին հայաստանցի եւ արցախցի հանդիսատեսին քանիցս ներկայացրել է իր սաներին, նաեւ հայ հեղինակների ստեղծագործությունների կատարումներով: Այս անգամ նրանք հինգ տարբեր ազգերի ներկայացուցիչներ էին, որոնք ռոյալի (կոնցերտմայստեր՝ Մարիաննա Հայրապետյան) եւ Ռուբեն Ասատրյանի ղեկավարությամբ՝ օպերային թատրոնի նվագախմբի ընկերակցությամբ կատարեցին Կոմիտասից, Մանսուրյանից մինչեւ արիաներ, Տիգրանյանի «Անուշ» եւ արեւմտա-եվրոպական կոմպոզիտորների օպերային ստեղծագործություններից: Կարելի է պատկերացնել, թե պրոֆեսոր Մանսուրյանից ի՜նչ ջանքեր են պահանջվել սաներին նաեւ հայերեն տեքստեր սովորեցնելու ու վերարտադրելու գործում:

Ազգային օպերային թատրոնին նվիրված գիրք-ալբոմի՝ մանսուրյանական էջերը:

«Առավոտը» նախկինում տարբեր առիթներով անդրադարձել է Արաքս Մանսուրյանին: Այս անգամ որոշեցինք մենք էլ անակնկալով հանդես գալ: Օպերային թատրոնի հիմնադրման 85-ամյակի առիթով մի քանի ամիս է, ինչ սկսված են թատրոնին նվիրված գիրք-ալբոմի պատրաստման աշխատանքները: Հեղինակից՝ արվեստաբան, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սերգեյ Առաքելյանից խնդրեցինք, բացառության կարգով, թերթում տպագրելու նպատակով տրամադրել գիրք-ալբոմի՝ Արաքս Մանսուրյանին նվիրված էջերը: Պարոն Առաքելյանը սիրով համաձայնեց: «Արաքսն իմ սիրելի երգչուհիներից է: Նրա հյութեղ սոպրանոն, լիարժեք ձայնածավալը, բեմական բարձր կուլտուրան եւ հիանալի երաժշտա-բեմական տվյալները հնարավորություն են տվել կատարելու հայկական, ռուսական, արեւմտա-եվրոպական օպերաների ամենաբարդ ստեղծագործությունները: Նրա խաղացանկային դերերգերից են Աիդան, Լեոնորան, Ելիզավետը՝ Վերդիի «Աիդա», «Տրուբադուր», «Դոն Կարլոս», Անուշը եւ Շուշանը Տիգրանյանի «Անուշ» եւ «Դավիթ-Բեկ», Նեդդան Լեոնկավալոյի «Պայացներ» օպերայում: Արաքսը իր կերպարների դրսեւորման համար ունի բարձր կատարողական ձիրք, արտիստական բազմաբնույթ խառնվածք եւ գլխավորը՝ չափի զգացողություն: Նա մեր կամերային լավագույն երգչուհիներից է…Շնորհաշատ մեր Արաքսը կարողանում է իր հստակ ու հնչեղ երգային գծին միաձուլել արտահայտչական արտասանությունը, ինչի շնորհիվ էլ նրա երգը դառնում է զրույց, խոստովանություն, լռության մեջ հնչող աղոթք, որը խոսում է ոչ այնքան ականջի, որքան հոգու հետ»,- հայտնեց մշակութաբանը, որի վերջին միտքը հաստատեցին երգչուհու հոբելյանական երեկոյին հանդես եկած նրա սաները:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

20.09.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930