Լրահոս
Օրվա լրահոսը

Լոռեցի կինն արդեն հասկացել էր, որ «հայ բարեգործը» շպիոն է, եւ նրան հեգնել էր՝ «Չէ, այ ասկյար ջան»-ով դիմելով

Սեպտեմբեր 21,2017 13:30

«Առավոտին» դիմել էր արդարադատության նախարարության «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Կարինե Ղումաշյանը: Նա իր քրեական գործի հետ կապված խնդրել էր տեսակցել, հարցազրույց վերցնել, ծանոթանալ գործի նյութերին: ԱՆ Քրեակատարողական հիմնարկների վարչությունը մեր գրավոր խնդրանքը մերժել էր, պատճառաբանելով, որ գործը դատարանում է, եւ վարույթն իրականացնող մարմինը պետք է տա թույլտվություն:

ԱԱԾ քննչական վարչության կողմից հարուցված քրեական գործը ինը հատոր է:

Միջնակարգ կրթությամբ Ռաֆիկ Պապոյանի նկատմամբ կալանք էր ընտրվել 2015թ. մայիսի 28-ից: Վանաձորցի Կարինե Ղումաշյանն էլ արգելանքի տակ էր ավելի վաղ՝ 2015թ. մայիսի 19-ից: Երրորդ ամբաստանյալը՝ երկու անչափահաս երեխաների հայրն է՝ Սերգեյ Պապոյանը, որի նկատմամբ ընտրվել էր չհեռանալու մասին ստորագրությունը։ Ռ. Պապոյանը իմանալով, որ Վանաձորից Թուրքիա աշխատելու նպատակով ժամանած Կարինե Ղումաշյանի որդին որպես սպա ծառայում է ԼՂՀ պաշտպանության բանակում, նրան աշխատանք գտնելու հարցում օգնելու պատրվակով ծանոթացրել էր Ադրբեջանի հետախուզական ծառայությունների աշխատակցի հետ, որը ներկայացել էր որպես բարեգործական կազմակերպության ներկայացուցիչ՝ «Արման» անունով:

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը Ռաֆիկ Պապոյանին ճանաչել էր մեղավոր ՀՀ քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության՝ պետական դավաճանության մեջ, նրան ազատազրկելով 14 տարի ժամկետով` առանց գույքի բռնագրավման։ Կարինե Ղումաշյանը ազատազրկվել է 12 տարի ժամկետով` դարձյալ առանց գույքի բռնագրավման, նույն հոդվածով: Դատարանը վճռել էր ճանաչել երրորդի՝ Սերգեյի անմեղությունը ՀՀ քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված և նրան վերագրված արարքում` հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ եւ չհեռանալու վերաբերյալ ստորագրությունը վերացրել է՝ սույն դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո։

Այս գործով մենք ականատես ենք առերեւույթ դատական սխալի, եւ դատարանն այս կապակցությամբ դատավճռում արձանագրել է. «Սերգեյ Պապոյանին պարզաբանել դատական սխալի հետևանքով խախտված իրավունքների վերականգնման, այդ թվում` պատճառված վնասի հատուցման պահանջով քաղաքացիադատավարական կարգով դատարան դիմելու իրավունքը»։

Ի դեպ, գործը դատարան էր ուղարկվել չորս ամբաստանյալների վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ, սակայն անչափահաս աղջնակի ներկայացուցիչը միջնորդել էր նրա նկատմամբ դադարեցնել քրեական հետապնդումը, փոխել ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը, պատճառաբանել էր, որ «քրեական պատասխանատվության ենթարկելու ժամկետներն անցել են»: Վերջինին մեղադրել էին իմանալ-չհայտնելու համար:

Դատավճիռը բողոքարկվել էր ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում՝ դատավորներ Կարինե Ղազարյան, Արմեն Դանիելյան, Ռուզաննա Բարսեղյան կազմով:

Կ. Ղումաշյանի փաստաբանը պահանջել էր դադարեցնել իր պաշտպանյալի նկատմամբ քրեական հետապնդումը, բեկանել 10.08.2016թ. դատավճիռը եւ նրան առաջադրված մեղադրանքում ճանաչել անմեղ և արդարացնել` նրա արարքում հանցակազմի բացակայության հիմքով, Կարինեի նկատմամբ ընտրված խափանման միջոցը` կալանավորումը վերացնել և ազատ արձակել դատարանի դահլիճից:

Կ.Ղումաշյանի արցախցի պաշտպան Ա. Ապրեսյանի վերաքննիչ բողոքը մերժվել է:

Պաշտպանը նշել էր, որ Կ.Ղումաշյանի նկատմամբ կայացնելով մեղադրական դատավճիռ, առաջին ատյանի դատարանի կողմից խախտվել են ՀՀ քրեական եւ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքերի տասնյակ հոդվածների պահանջներ. «Դատավճիռը հիմնված է ենթադրությունների վրա, Կ. Ղումաշյանի մեղքը հիմնավորող որևէ ապացույց դատաքննությամբ ձեռք չի բերվել և դատարանի իրավական վերլուծություններն ու հիմնավորումները չեն բխում քրեական ցործի դատաքննությամբ ձեռք բերված ապացույցներից, դատավճիռը պատճառաբանված չէ»: Ըստ պաշտպանի՝ հայրենիքի դավաճանության մեջ մեղադրվող Կարինեի գործով խոսք չկա՝ այդ առաջադրանքները նրա կողմից կատարվել են, թե ոչ, եթե այո, ապա ինչպիսի գործողություններ են կատարվել ու նա քրեական պատասխանատվության է ենթարկվել «Արման» անունով ներկայացած անձի գործողությունների համար, այսինքն` որ Կ.Ղումաշյանը լսել է «Արմանի» առաջադրանքները։

Պաշտպանն իր բողոքում հայտնել էր, թե գործով հիմնավորվել է. «Կ.Ղումաշյանը «Արման» անունով ներկայացած անձի կողմից տրված որևէ առաջադրանք չի կատարել: Քրեական գործով որևէ ապացույց ձեռք չի բերվել, որ «Արմանը» հանդիսացել է Ադրբեջանի հետախուզական ծառայության աշխատակից ու Կ. Ղումաշյանը հավաքագրվել է նրա կողմից։ Նույնիսկ եթե «Արման» անունով ներկայացած անձնավորությունը հանդիսացել է Ադրբեջանի հետախուզական ծառայության աշխատակից, Կ.Ղումաշյանն այդ մասին չի իմացել և չէր կարող իմանալ, նրա հետ ծանոթացել է որպես հայ բարեգործի, որը պետք է օգներ որդուն աշխատանքի տեղավորվելու հարցում, այնուհետև նրա հետ հանդիպել ու շփվել է»։ Ըստ մեղադրական եզրակացության, Կ.Ղումաշյանը` Թուրքիայում գտնվելու ամբողջ ժամանակահատվածում, «Արմանի» կողմից համագործակցության, անձամբ կամ որդու միջոցով հայկական բանակի կամ Հայաստանի մասին տեղեկատվություն տալու առաջարկ է ստացել:

«Եթե «Արմանը» իրականում հանդիսացել է Ադրբեջանի հետախուզական ծառայության աշխատակիցը, հնարավոր է, որ ցանկացել է հավաքագրել Կ.Ղումաշյանին, բայց նրա այդ ցանկության համար Կ.Ղումաշյանը չի կարող ենթարկվել քրեական պատասխանատվության, քանի որ նա հավաքագրվելու ցանկություն կամ մտադրություն չի հայտնել, նման դիտավորություն չի ունեցել։ Հայաստան վերադառնալու ճանապարհին «Արմանը» Կ.Ղումաշյանին ասել է, որ ցանկանում է կայքի միջոցով ծանոթանալ ու շփվել որդու հետ, նրանից ճշտել՝ բանակի համար ուղարկված օգնությունը տեղ հասնո՞ւմ է, թե` ոչ»,-նշել էր պաշտպանը: Ի դեպ, ըստ գործի նյութերի, «Արմանի» վարքագիծն ու որդու հետ շփվելու ցանկությունը կասկածներ են առաջացրել Կարինեի մոտ, եւ որպեսզի պարզի «գործարարի» ով լինելը, որդու անունից որոշ ժամանակ կայքով շփվել է նրա հետ, ու պարզելով, թե նա «շպիոնի նման մի բան է», վիրավորանքներ է հասցրել նրան ու դադարեցրել շփումները։

Գործի նյութերին ծանոթանալիս տեղեկացանք, որ «Արմանը» Կ. Ղումաշյանին 1500 ԱՄՆ դոլար գումար է տվել, որից 300 դոլարը տվել է որպես նվեր ընթացիկ ծախսերի համար, իսկ 1200 ԱՄՆ դոլար էլ տվել էր, որպեսզի Կ.Ղումաշյանը լուծի ամուսնալուծության հարցը: Մինչդեռ, ըստ դատարանի իրավական գնահատականների, Կ.Ղումաշյանն այդ գումարը ստացել է իբրեւ «վարձատրություն»։ Փաստաբանը հարցնում է. «Եթե «Արմանը» իրականում հանդիսացել է Ադրբեջանի հետախուզական ծառայության աշխատակից, հնարավոր է, որ նշված գումարը տված լինի որպես վարձատրություն, բայց Կարինեն որտեղի՞ց եւ կամ ինչո՞ւ պետք է իմանար, որ իր նկատմամբ անձնական համակրանք ունեցող հայ բարեգործը Ադրբեջանի հետախուզական ծառայության աշխատակից է, գումարը տալիս է որպես վարձատրություն, այն էլ որոշակի ակնկալիքով։ Սակայն «Արմանի» նպատակների ու ակնկալիքների համար դատարանը մեղավոր է ճանաչել ու դատապարտել Կարինեին»։ Պաշտպանական կողմը ընդունում էր, որ «Արմանն» առաջարկել է Կարինեին Հայաստանի տարածքից չզանգել իրեն և իրենց ծանոթության մասին ոչ մեկին չհայտնել: Գործի նյութերից երեւում է, որ Կարինեն Հայաստան վերադառնալուց 2 շաբաթ հետո իր հայկական հեռախոսահամարից զանգել ու հեռախոսազրույց է ունեցել գործակալի հետ:

Ի դեպ, ապացույցների մեջ դրվել էին Կարինեի և «Արմանի» «Օդնոկլասնիկ. ռու» սոցիալական կայքով առկա էլեկտրոնային հաղորդումները:

«09.04.2015թ. գրառմամբ Կ. Ղումաշյանը «Արմանին» դիմել է «Չէ, այ ասկյար ջան», սակայն դատարանն այս ապացույցին օբյեկտիվ գնահատական տալու փոխարեն, այն դիտել է որպես Կ.Ղումաշյանի մեղքը հիմնավորող ապացույց, այն դեպքում, որ այն ոչ թե հիմնավորում, այլ հերքում է մեղադրանքը, քանի որ 09.04.2015թ. Կարինեն արդեն հասկացել էր, որ հնարավոր է, որ «Սրմանը» շպիոն է ու նրան դիմում է նման հեգնական արտահայտությամբ»,-իր բողոքում նշել էր պաշտպանը։ Մեղադրական եզրակացության համաձայն, Կարինեն իր ծանոթին ասել էր, թե որդին «գաղտնի կայք կբացի»: Այս կապակցությամբ պաշտպանական կողմն էլ հայտնել էր. «Կարինեն որդու կողմից գաղտնի կայք բացելու մասին ասել է, քանի որ որոշել էր պարզել իր ծանոթի ով լինելն ու նպատակները»: Այս քրեական գործով դատարանի գնահատմամբ, հիմնավորվել էր, որ Կ.Ղումաշյանը «Արմանին» տեղեկություն է տվել մահացած ու վիրավորված զինվորների մասին, այդ տեղեկությունները «Արմանին» տրամադրելիս նա չի գիտակցել, որ գործ ունի օտարերկրյա հատուկ ծառայության ներկայացուցչի կամ գործակալի հետ: Պաշտպանական կողմը չի ընդունում այս մեղադրանքը, նաեւ այն, թե սույն տեղեկությունները կարող էին վնասել ՀՀ ինքնիշխանությանը, տարածքային անձեռնմխելիությանը կամ արտաքին անվտանգությանը:

Վերաքննիչ դատարանը բավարարել էր մեղադրողի վերաքննիչ բողոքը:
Սերգեյ Պապոյանի վերաբերյալ դատավճիռը բեկանել է և քրեական գործը նրա մասով ուղարկել է դատարան՝ այլ կազմով նոր քննության:

Նշեմ, որ առաջին ատյանի դատարանը եզրահանգել էր. «Ինչ վերաբերում է ամբաստանյալ Սերգեյ Պապոյանին առաջադրված մեղադրանքին, ապա մեղադրող կողմը նրան մեղսագրած արարքը՝ ի վնաս ՀՀ ինքնիշխանության, տարածքային անձեռնմխելիության կամ արտաքին անվտանգության, օտարերկրյա պետության կամ կազմակերպության ներկայացուցչին թշնամական գործունեություն իրականացնելու համար օգնություն ցույց տալը, դատարանում չի ապացուցել, բացակայում են ՀՀ քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածի 1-ին մասով վերագրված այդ արարքին ամբաստանյալ նրա առնչությունը հաստատող բավարար ապացույցները։ Դատարանը փաստում է, որ սպառվել են այդ կապակցությամբ նոր ապացույցներ ձեռք բերելու բոլոր հնարավորությունները, ամբաստանյալ Ս.Պապոյանը ենթակա է արդարացման՝ նրա արարքում ՀՀ քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ»։

Ամբաստանյալ Ռաֆիկ Պապոյանի պաշտպան Սիրանուշ Հարությունյանի վերաքննիչ բողոքը նույնպես մերժվել էր: Վճռաբեկ դատարանն էլ մերժել է Կարինեի բողոքը:
Երրորդ ամբաստանյալի մասով դատավճիռը բեկանվելուց հետո երեք դատական նիստ է տեղի ունեցել: Հաջորդ դատական նիստը նշանակվել է հոկտեմբերի 17-ին:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

20.09.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930