Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես «ախտորոշել» կրթական համակարգը

Սեպտեմբեր 21,2017 13:00

Արդեն մի քանի ամիս է, ինչ գործում է ՀՀ կառավարության կողմից հիմնադրված Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն հիմնադրամը: Կրթության ոլորտի մի քանի թեմաների շուրջ «Առավոտը» զրուցել է կենտրոնի կրթության ոլորտի բարեփոխումների պատասխանատուներ Մհեր Սահակյանի եւ Վիգեն Շիրվանյանի հետ: Մեզ մասնավորապես հետաքրքրում էր «Կրթության զարգացման 2018-30թթ. պետական ծրագիրը»: Պատասխանատուներից հետաքրքրվեցինք՝ արդյոք ժամանակահատվածը մեծ չէ՞, եթե հաշվի առնենք, որ նախորդ ծրագիրն ընդամենը հինգ տարով էր եւ մասնակիորեն կատարվեց:

Ի պատասխան մեր հարցին` Մհեր Սահակյանը նշեց, որ թեմայի շուրջ բազմաթիվ քննարկումներ են ունեցել ԿԳ նախարարության հետ ու ընտրվել է այդ ժամանակահատվածը, նկատի ունենալով մի շարք միջազգային և ազգային փաստաթղթեր, ինչպես՝ «Կայուն զարգացման ծրագիր 2030»-ը, «Հայաստանի զարգացման ծրագիր- 2030»-ը, ունենք «Կրթություն 2030»-ը: Նրա ձեւակերպմամբ, այդպես փաստաթուղթը համահունչ կլինի մյուս միջազգային փաստաթղթերին, թեեւ սա դեռ վերջնական տարբերակը չէ: Խնդրեցինք մի փոքր մանրամասնել «Կրթության զարգացման 2018-30 թթ. ծրագրի» եւ նախորդի տարբերությունները:

«Այս փաստաթղթի տարբերությունը նախորդներից այն է, որ փոխում ենք փաստաթղթի կառուցվածքը, սահմանում ենք մի քանի կարեւոր շեշտադրում կրթական բոլոր մակարդակներում: Մենք խոսում ենք կրթության կազմակերպումից և կառավարումից, կրթության որակից, որի մեջ դիտարկում ենք երեք կետ՝ կրթական ծրագիր, մարդկային եւ կրթական ռեսուրսներ: Դրանից բացի, ունենում ենք խոշոր բլոկներ, որոնք վերաբերում են ինստիտուցիոնալ բարեփոխումներին եւ ենթակառուցվածքներին: Մենք ունենալու ենք ճանապարհային քարտեզ, որտեղ հստակ ձեւակերպելու ենք ակնկալվող վերջնարդյունքները և ժամկետները: Ունենք բաժին, որը վերաբերում է մշտադիտարկմանը, որտեղ կփորձենք տալ ծրագրի իրականացման ընթացիկ վերահսկման մեխանիզմները: Նախնական մտածում ենք, որ կարելի է երկու տարին մեկ ներկայացնել ծրագրի իրականացման հաշվետվություն, որտեղ կներկայացվի, թե ինչն է կատարվել, որտեղ է թերացումը, ինչ միջոցառումներ նախատեսել՝ հասնելու համար ինդիկատորներին»,-նշեց մեր զրուցակիցը:

Վիգեն Շիրվանյանը

«Համակարգված ֆինանսավորմամբ հնարավոր է իրականացնել լավ կրթություն»

Մեր դիտարկմանը, որ «Կրթության զարգացման 2001-2005թթ ծրագիրը» 30%-ով է կատարվել, 2015-ին էլ կրթության ֆինանսավորումը պետք է հասցվեր 4%-ի, բայց  2,5%-ից չանցավ, ի՞նչ երաշխիք, որ «2018- 2030թթ. զարգացման ծրագիրը» չի մնա թղթի վրա, եւ արդյոք հնարավո՞ր է որակյալ կրթություն` քիչ ֆինանսավորմամբ, Մհեր Սահակյանը պատասխանում է. «Եթե ելակետային վերցնենք ֆինանսավորումն ու ասենք, որ եղածը սա է եւ միայն սրա շրջանակում պետք է փորձենք ինչ-որ բան անել, լուրջ առաջընթացի չենք հասնի: Փաստաթուղթը ավելի շատ նախատեսում է այն պահանջները, որ այսօր ունենք կրթության զարգացման համար: Փաստաթուղթը լինելու է ծրագրային ու որպեսզի համահունչ լինի մեր բյուջետային ծրագրի վերջին բարեփոխումներին, հետեւյալ կերպ կվարվենք, օրինակ, վերցնենք ուսուցիչների  բարեփոխումների ծրագիրը, որտեղ կլինեն տարբեր կոմպոնենտներ: Հնարավորություն ունենք նաեւ PPP-ի միջոցով (public-private partnership) ֆինանսներ ներգրավել դոնորների, Սփյուռքի միջոցով: Ընդ որում, այս ծրագիրը գրելով` մենք ձեւակերպում ենք, թե ինչ է մեզ անհրաժեշտ կրթության զարգացման համար, որպեսզի տեսնենք, թե բյուջեից բացի, էլ որտեղի՞ց կարող ենք գումարներ հայթայթել»:

Վիգեն Շիրվանյանն էլ փաստեց. «Ինչ վերաբերում է ֆինանսավորմանը, ես հետեւյալը կասեմ՝ եթե դու գիտես, թե որտեղ ինչ խնդիր ես լուծում եւ ինչ կերպ ու գործիքակազմով ես դա անելու, հաստատ գումարը կգտնվի: Այստեղ համոզմունքային խնդիր կա, նաեւ առաջնահերթությունների ու հասարակական պահանջի: Ճիշտ  կամ համակարգված ֆինանսավորմամբ հնարավոր է իրականացնել լավ կրթություն, այլ ոչ թե պարտադիր կերպով՝ շատ»:

Արմատացած խնդիրներ՝ հասարակության մեջ

Փորձագետներից հետաքրքրվեցինք՝ նախորդ ծրագրում նշված էր, որ այն ստեղծվել է՝ հիմք ընդունելով կրթության համակարգի արդեն արձանագրված ձեռքբերումները եւ ծրագիրն էլ ուղղված է դրանց աստիճանական զարգացմանը: Այս ծրագիրն ի՞նչ ձեռքբերումների վրա է հենվել: «Մենք այստեղ ավելի շատ զարգացման ուղղություններն ենք ձեւակերպել՝ ելնելով այն խնդիրներից, որոնք առկա են: Նույնն է մոտեցումը ֆինանսական միջոցների հետ կապված: Շատ հարցեր կան, որոնց լուծումը կախված չէ ֆինանսական միջոցներից: Օրինակ, կառավարման համակարգը փոփոխելու համար ավելի շատ ոչ թե ֆինանսական միջոցների մասին է խոսքը, այլ կազմակերպական տեսակի, մոդելի եւ մեխանիզմների: Վերցնենք դպրոցի տնօրենի ընտրության մեխանիզմները, ինչպե՞ս ենք չափելու կատարողականը: Ընտրում ենք տնօրենին հինգ տարով ու վերջ: Ոչ գնահատում ենք, ոչ ընթացքում տեսնում ենք, թե ոնց աշխատեց, մինչդեռ եթե կարողանանք կատարողականի գնահատման համակարգ ներդնել, կկարողանանք վերացնել առկա խնդիրները: Նման հարցերը, բնականաբար, ֆինանսական միջոցներից չեն կախված»,-պատասխանեց Մհեր Սահակյանը:Քանի որ կրթության զարգացման նախորդ ծրագրում ուրվագծված էր, որ աղքատները եւ ծայրահեղ աղքատները վատ են ընդգրկված բարձրագույն կրթության համակարգում, հարցրինք, թե այս ծրագրում այդ հարցն ինչպե՞ս է արտացոլվել:«Այս պահին աշխատանքային փաստաթղթի կարգավիճակում է «Բարձրագույն կրթության մասին օրենքի» նոր նախագիծը: Նմանօրինակ հարցերը դեռեւս քննարկման փուլում են: Իհարկե, համաձայն եմ Ձեզ հետ, որ կրթության իրավունքի իրագործումը պետք է լինի հավասար բոլորի համար։ Նոր օրենքով նախատեսվում է, որ կրթաթոշակային սկզբունքը կլինի առավել ընդգծված ու այն կտրվի ինչպես կարիքի հիման վրա, այնպես էլ՝ առաջադիմության։  Փաստաթուղթը նախատեսվում է  նոյեմբերի սկզբին ներկայացվի ԱԺ»,-հայտնեց Վիգեն Շիրվանյանը:

Նաեւ հավելեց. «Հասարակությունում  խնդիրներ կան, որոնք ամենաշատը երեւում են կրթության մեջ, որովհետեւ միլիոնից ավելի մարդ ամեն օր կապ ունի այդ ոլորտի հետ: Պատասխանատվության հարց կա: Օրինակ, ինչքանո՞վ է դպրոցի տնօրենը գիտակցում իր պատասխանատվության չափը կամ նույնը՝ արտագրող աշակերտը։ Տեսեք, Համաշխարհային տնտեսական ֆորումի 2017 թ.-ի տվյալներով, 130 երկրների մեջ Հայաստանը մարդկային կապիտալի տարբեր գործակիցներում ունի հետաքրքիր տվյալներ։ Օրինակ՝ Հայաստանը 3-րդն է կրթական «կարողությունների» մասով, ի թիվս որոնց և բարձրագույն ավարտածների քանակով, սակայն գործնականում, կիրառելության մեջ (կարողություններ, հմտություններ…) 114-րդն է։ Սա փաստում է այն, որ շատ պատկերացումներ չափազանցված են, իրականությանը չեն համապատասխանում»:

Փորձագետներին հիշեցրինք, որ 2016 թ. դեկտեմբերին ԿԳ նախարարը հայտարարել էր, թե Բարձրագույն կրթության մասին նոր օրենքով բեռնաթափվելու է ԿԳ նախարարության դերակատարությունը, համալսարաններն ավելի ինքնուրույն ու անկախ են լինելու: Վիգեն Շիրվանյանն ասաց, որ բարձրագույն կրթության մեջ կան մի քանի արմատացած խնդիրներ, անդրադարձավ նաեւ բուհերի ինքնավարությանը: Նրա խոսքերով, «Նոր նախագծով հստակ դերակատարություն է վերապահվելու հոգաբարձուների խորհրդին, որը հիմնականում ֆինանսական եւ ռազմավարական հարցերով է զբաղվելու, մյուսը լինելու է ակադեմիական խորհուրդը՝ կրթության բովանդակության ակադեմիական պատասխանատուն: Լինելու է կառավարիչ, այսինքն ռեկտոր՝ իր ամբողջ կառավարչական բուրգով։: Ցավոք, այժմ այս ամենը մեծ մասով խարխլված վիճակում է: Նույնը կարելի է ասել կրեդիտային  համակարգի մասին: Վերջինս ոչ միայն չի գործում բուհից բուհ կամ մեկ ուրիշ երկիր գնալու դեպքում, այլեւ անգամ հենց բուհի ներսում: Նույն բուհի ներսում կրեդիտ ստացած ուսանողը, եթե գնա նույն բուհի ուրիշ ֆակուլտետում սովորելու, կրեդիտային խնդիրներ կունենա: Շարժունակությունը համարյա անհնարին է: Կրեդիտային համակարգի ճիշտ  ու արդյունավետ կիրառելությունը վերջիվերջո կբերի այն բանին, որ պարտադիր չի լինի միայն քննություններով ավարտելը։ Խնդիրներ կան նաեւ ֆինանսական, դիպլոմների եւ այլնի «մասով»: Օրենքի նոր նախագծով նախատեսվում է ստեղծել էլեկտրոնային ռեգիստր, որը հնարավորություն կտա ոչ միայն ունենալ դիպլոմներն էլեկտրոնային բազայում, այլ նաեւ ուսման ընթացքի կարգավորումն ապահովել»: Փորձագետը համոզված է, որ այս ամենը հնարավորություն կտա ձերբազատվել ոչ միայն կոռուպցիոն ռիսկերից, այլեւ մի շարք այլ խնդիրներից:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Այլ թեմաների շուրջ` առաջիկայում: 

«Առավոտ» օրաթերթ

20.09.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930