ՀՀ դատական դեպարտամենտի կողմից կատարվել է ուսումնասիրություն սեպտեմբերի 13-ին մի խումբ փաստաբանների կողմից կազմակերպված «գործադուլի» հետևանքով հետաձգված դատական նիստերի վերաբերյալ:
ՀՀ դատական դեպարտամենտի Արարողակարգի և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արման Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Արդեն որերորդ օրն է՝ սեպտեմբերի 13-ի փաստաբանների «գործադուլը» նախաձեռնողներից մի քանիսը հպարտորեն աղմկում են, թե փաստաբանների գործադուլը արդյունավետ էր, լուրջ առաջընթաց են գրանցել, մասնավորապես մատնանշելով ՀՀ դատական դեպարտամենտի տարածած հայտարարությունը՝ զննության կարգի վերաբերյալ, ՀՀ ԴՆԽ որոշումը, և այս ամենը պայմանավորում են գործադուլի «մեծ» հնչեղությամբ, դրա պատճառով տապալված դատական նիստերով և այլն:
Հարկ ենք համարում չոր վիճակագրական ու ժամանակագրական մի քանի տվյալ հրապարակել՝ ի պատասխան մի քանի փաստաբանի սուբյեկտիվ ընկալումների ու ոչ պակաս սուբյեկտիվ մեկնաբանությունների:
ՀՀ դատական դեպարտամենտի կողմից կատարվել է ուսումնասիրություն սույն թվականի սեպտեմբերի 13-ին մի խումբ փաստաբանների կողմից կազմակերպված «Գործադուլի» հետևանքով հետաձգված դատական նիստերի վերաբերյալ:
Փաստաբանների կողմից սոց. ցանցերում և տարբեր ԶԼՄ-ներում կազմակերպված Գործադուլի բարձր արդյունավետության վերաբերյալ կատարված հայտարարությունների և դիտարկումների կապակցությամբ հարկ ենք համարում նշել հետևյալը.
Սույն թվականի սեպտեմբերի 13-ին ՀՀ դատարաններում քրեական գործերով նշանակված է եղել 118, քաղաքացիական գործերով՝ 886, վարչական գործերով՝ 168 դատական նիստեր: Ընդհանուր առմամբ՝ 1172 դատական նիստեր:
Գործադուլի հետևանքով դատական նիստերին չեն ներկայացել թվով 20 փաստաբան:
Նշենք, որ սույն թվականի սեպտեմբերի 13-ին նշանակված թվով 1172 դատական նիստերից փաստաբանների չներկայանալու պատճառով հետաձգվել է ընդամենը 9 դատական նիստ:
Կարծես թե թվերն առավել քան խոսուն են, և իրավամբ զավեշտալի է խոսել գործադուլի արդյունքում տապալված նիստերի ազդեցիկության կամ վճռորոշության մասին անգամ:
Մի բարի հորդոր: Հարգելիներս, սոցցանցերում կամ ձեր հրապարակախոսական ելույթներում մասնավոր ու ոչ այնքան մասնագիտական մտքեր սփռելն իհարկե ձեր սահմանադրական իրավունքն է, սակայն պրոֆեսիոնալ հարթակներում կառուցողական գործողությունները, հավատացեք, առավել արդյունավետ են: Իսկ դուք արդյունավետություն եզրույթը շատ եք սիրում:
Ի դեպ, հուշեմ նաև, որ ՀՀ դատական դեպարտամենտը եղել և շարունակում է լինել բաց՝ դատական իշխանությանը վերաբերվող հարցերի շուրջ առարկայական, կառուցողական երկխոսության համար: Առավել ևս, փաստաբանական համայնքի դեպքում: Ինչին բոլորն են ականատես, կլինի դա հնչեղություն ունեցող դատական նիստերի ժամանակ առաջացող խնդիրներին օպերատիվ արձագանքելու, հրատապ հարցերը բաց-հրապարակային քննարկելու, փոխգործակցության արդյունքում համատեղ հայտարարություններով հանդես գալու, թե կլոր սեղանի շուրջ նստելու և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող խնդիրների վերաբերյալ լուծումներ գտնելու առումով»: