Տիգրան Սահակյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2017թ. հունիսի 15-ին Մոսկվա քաղաքում ոմն Դիմայից իր անձնական օգտագործման նպատակով, առանց իրացնելու նպատակի, գնել է խոշոր չափերով`4.16 գրամ հաշիշ տեսակի թմրամիջոց, այն թաքցրել է Մոսկվայից Երեւան ուղեւորվող «Սկանիա» մակնիշի ավտոբուսի իր՝ թիվ 24 նստատեղի եւ հենակի արանքում ու մաքսանենգությամբ`մաքսային հսկողությունից թաքցնելու եղանակով, խախտելով թմրամիջոցների տեղափոխման համար սահմանված կանոնները, 2017թ. հունիսի 21-ին, ժամը 15.00-ի սահմաններում Վրաստանի Հանրապետությունից ՀՀ պետական սահմանով, «Բագրատաշեն» մաքսակետով, ապօրինի տեղափոխել է Հայաստանի Հանրապետություն: Սակայն մաքսակետի տարածքում Հայաստանի մաքսային ծառայության աշխատակիցների կողմից, հատուկ վարժեցված շան միջոցով թմրանյութը հայտնաբերվել է:
Տիգրան Սահակյանը կալանավորվել է: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 267.1 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ 268 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով: Ըստ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգի` Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում Տ. Սահակյանի դատարավարությունը մեկնարկել է սեպտեմբերի 19-ին:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ