Թուրքագետ Հակոբ Չաքրյանի դիտարկմամբ, հայ-թուրքական արձանագրությունների հարցի օրակարգային դարձնելու համար տարածաշրջանում ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակը բարենպաստ չէ:
«Ինչպես հայտնի է՝ Իրաքի քրդերը մտադիր են այս ամիս անկախության հանրաքվե անցկացնել, կան տարաձայնություններ տարածաշրջանի երկրների միջեւ: Ներկա պայմաններում արձանագրությունների մասին խոսելու կամ ստորագրությունները չեղյալ հայտարարելու իմաստը չկա, որովհետեւ միեւնույնն է արձանագրությունների վավերացման գործընթացը Սերժ Սարգսյանը դեռ այն ժամանակ սառեցրել էր, փաստաթուղթը սառեցրած վիճակում դարակում սպասում է:
Բայց որոշ քաղաքական ուժեր մինչեւ հիմա ստորագրությունները հետ կանչելուց են խոսում, ստորագրությունը շուն չէ, որ կանչես, վազի, անընդհատ այդ հարցը շոշափելը անտեղի է: Թուրքիայի հետ հարաբերությունների հարցը այսօր ՀՀ արտաքին քաղաքականության օրակարգ բերելն էլ տեղին չէ»,- անդրադառնալով ՄԱԿ-ում հայ-թուրքական արձանագրությունների մասին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթին՝ նման կարծիք հայտնեց թուրքագետը:
Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանը ասել էր. «Այժմ եկել է լրացուցիչ պարզաբանում տալու ժամանակը: Թուրքիայի ղեկավարությունը սխալվում է, եթե մտածում է, որ ինքը կարող է առհավետ պատանդ վերցնել այդ փաստաթղթերը և վավերացնել միայն իրեն հարմար առիթով: Արձանագրությունները բանակցվել են ներկայիս պայմաններում՝ առկա խնդիրներին լուծում գտնելու համար: Դրանց կենսագործման ուղղությամբ շարունակաբար որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը այդ երկու արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ: Մենք 2018 թվականի գարուն ենք մտնելու առանց այդ, ինչպես, ցավոք սրտի, փորձը ցույց տվեց, սին արձանագրությունների»:
Հակոբ Չաքրյանի համոզմամբ, մեր երկրի նախագահը որոշ տեղեկատվություն ունի ու հենց այնպես չի անդրադառնում իննը տարի առաջվա արձանագրություններին՝ շեշտելով, որ 2018 թվականի գարուն ենք մտնելու առանց այդ արձանագրությունների:
«Հանգիստ թողեք այդ արձանագրությունները, մանավանդ որ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը ոչ թե Հայաստանին է պետք, այլ առաջին հերթին հենց Թուրքիային է անհրաժեշտ, որովհետեւ տարածաշրջանում հավակնություններ եւ քաղաքական ակտիվություն ցուցաբերելու տրամադրություններ ունի, Թուրքիան պետք է ջանք գործադրի, ոչ թե՝ մենք»,- հավելեց Հակոբ Չաքրյանը:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ