«Սփյուռքը չի կարող լինել միայն Սեւան, Մասիս, Էջմիածին, Արարատի առջեւ պատկեր քաշելու մտածելակերպով». սփյուռքահայ
Այսօր Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովի փակումն էր: Այս օրերին քննդատություններ հնչեցին համաժողովի հասցեին, որ սա բաժակաճառերի հավաքատեղի է դարձել, գործնականում մենք չենք ունենում արդյունքներ:
Կա տեսակետ, որ այս համաժողովին մասնակցող սփյուռքահայերը շատ տարբերվում են իրենց արդեն քննադատական կեցվածքով, եթե առաջ Մասիսով հիացած իրենց խոսքերն էին ձոնում, Հայաստանի օդից էին խոսում, հիմա արդեն ռեալ հարցեր են բարձրացնում եւ խնդիրների մասին են խոսում: Aravot.am-ի հետ զրույցում Սոցիալ-Դեմոկրատական Հնչակյան կուսակցության կենտրոնական վարչության ատենապետ Համբիկ Սարաֆյանն ասաց՝ սփյուռքահայերի այդ պահվածքը շատ ողջունելի է, այդպես պետք է լինի սփյուռքը. «Սփյուռքը չի կարող լինել միայն Սեւան, Մասիս, Էջմիածին, Արարատի առջեւ պատկեր քաշելու մտածելակերպով: Կարեւոր է, որ սփյուռքը հետեւի, մտահոգ լինի Հայաստանի քաղաքական իրավիճակով եւ իր խոսքն ասի: Մենք, ճիշտ է, ներազդելու լծակներ չունենք, բայց ունենք հնարավորություն իշխանություններին մեր ձայնը լսելի դարձնելու եւ հասկացնելու, որ մենք գոհ չենք իրավիճակից, ինչպես որ գոհ չէ ժողովուրդը»:
Սարաֆյանը նկատել է, որ Հայաստանի իշխանությունները նույնպես փոխվել են. «Պրոբլեմների մասին բարձրաձայնում են բոլորը, նաեւ իշխանությունները, լսեցի՞ք նախագահի խոսքը, նշվեց, թե ինչ մտահոգություններ կան: Միակ հարցը, որ այստեղ էական է, հետեւյալն է՝ ախտաճանաչում կատարելը մեկ բան է, քայլեր կատարել՝ բուժելու համար մեկ այլ բան է: Մենք, դժբախտաբար, քայլեր առ այսօր չենք տեսնում: Մեր համար ամենահիմնական եւ կարեւոր հարցը օրենքի գերակայությունն է: Եթե չկա օրենքի գերակայություն, եթե չկա անկախ դատական, իրավական համակարգ, նշանակում է, որ բոլոր հարցերը օդի մեջ են մնում»:
Սարաֆյանը նշեց, որ այստեղ ներդրումների կարիք կա, շուկաներ կան, բայց բիզնեսմենը, որը պիտի գա Հայաստան, առաջին հերթին իրեն հետաքրքրելու է՝ կա՞ օրենքի գերակայություն, նա պետք է ոչ թե պաշտպանված լինի նախագահի կամ վարչապետի անձնական երաշխիքով, այլ՝ օրենքի ուժով: Եթե դա չկա, ուրեմն անիմաստ է ամեն ինչ:
Վրաստանի հայ գրողների «Վերնատուն» միության նախագահ Գեւորգ Սնխչյանի խոսքով՝ «Կարելի է գտնել բաներ ու քննադատել, բայց երբ տեսնում ենք ինչ-որ տեղ մեր սայլը կանգ է առնում, պետք է մտածենք, թե որտեղ է մեր սխալը: Մենք այսպիսի ազգ ենք, հիմա մեկը կարող է սարերում հովիվ լինել ու ասել՝ Սնխչյանը համաժողովում խոսում է, ես լինեի՝ ավելի լավ կխոսեի: Ամեն հայերս մի անթագակիր թագավոր ենք ու շատ դժգոհ ենք ամեն ինչից»:
Վրաստանից եկած բանաստեղծ, հրապարակախոս Հարություն Հովնաթանն էլ ասաց. «Շարունակ խոսում են հայերի գոյատեւելուց: Գոյատեւում են անասունները, ժողովուրդները պիտի հարատեւեն, մենք հարատեւությունից պիտի խոսենք: Իսկ որպեսզի հայ ժողովուրդը հարատեւի, պիտի ուժեղ Հայաստան լինի: Մենք հոգեւոր Հայաստան պետք է ստեղծենք»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ