Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Եթե Արցախը անկախ պետություն է, ապա ինչ գործ ունեն Հայաստանի տղաները Արցախի սահմանին»

Սեպտեմբեր 20,2017 20:11

Ազատամարտիկ Գագիկ Սարուխանյանի մեկնաբանմամբ, ՄԱԿ-ում Սերժ Սարգսյանը կարողացավ իր ասելիքներն ասել, բայց ոչ ճիշտ ճանապարհով:

«Սերժ Սարգսյանի արած շեշտադրումները բավարար չէին, ի սկզբանե, երեք նախագահներն էլ, երեք վարչակարգերն էլ, անկախությունից, զինադադարից ի վեր բանակցությունները սխալ են տանում՝ ոչ ճիշտ ուղղությամբ, տանում են այն կարգով, որը թելադրվում է օտարի կողմից: Ոչ միայն Արցախը, այլեւ Նախիջեւանը ռուս-թուրքական պայմանագրի շնորհիվ են հայտնվել Ադրբեջանի կազմում…Այսօր Արցախը համարելով անկախ երկրորդ հանրապետություն, Հայաստանը համարելով՝ այդ երկրորդ հանրապետության իրավաժառանգորդ, այդ պարագայում որպես իրավաժառանգորդ՝ ընդունում են բոլշեւիկյան որոշումը Արցախի՝ Ադրբեջանի կազմում լինելու փաստը: Դրա համար էլ մշտապես շեշտադրումը դնում են միայն ինքնորոշման վրա, այսինքն, Արցախի ժողովրդի ինքնորոշման վրա: Արմատապես ոչ ճիշտ ճանապարհով է գնում ամեն ինչ»,- ասաց ազատամարտիկը:

Գագիկ Սարուխանյանի համար պարզ չէ նաեւ ՄԱԿ-ում Սերժ Սարգսյանի ելույթի այն շեշտադրումը, թե «Կարգավորման ինչ տարբերակի էլ հանգենք, միեւնույն է, Արցախի Հանրապետությունը չի կարող ունենալ ավելի ցածր կարգավիճակ եւ վայելել ավելի քիչ ազատություն, քան այսօր ունի: Ադրբեջանը պետք է ճանաչի եւ հարգի Արցախի ժողովրդի կողմից իր ապագան ազատ կամարտահայտությամբ որոշելու իրավունքը, իսկ արցախահայության անվտանգությունը պետք է երաշխավորված լինի բոլոր հնարավոր միջազգային եւ ներքին մեխանիզմներով»:

«Այս կարգավիճակը ո՞րն է, չեմ հասկանում: Այս տարի սեպտեմբերի երկուսին Ստեփանակերտում էի, իմ ընկերներին շնորհավորում էի Հայաստանից անկախանալու առիթով, զարմանում էին՝ ոնց Հայաստանից: 1989 թվականին ունենք միավորման մասին Արցախի եւ Հայաստանի գերագույն խորհրդի որոշում, այսինքն, երբ Արցախը անկախացավ, փաստորեն անկախացավ Հայաստանից: Սեպտեմբերի երկուսը Արցախում նշված չէ որպես Արցախի անկախության օր, այլ նշվում է, որպես Արցախի հանրապետության օր, բայց այդ հանրապետության օրն ինչ է ներառում, մինչեւ այսօր չեն հստակեցրել: Այդ ինչ խաղ ու պար է, եկեք Շենգավիթը, Տավուշն էլ անկախացնենք, խոսում ենք միասնականությունից: Եթե Արցախը անկախ պետություն է, ապա ինչ գործ ունեն Հայաստանի տղաները Արցախի սահմանին»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930