Լրահոս
Օրվա լրահոսը

Տարածաշրջանում առաջին անգամ տրվեց բնապահպանական անդրսահմանային համագործակցության ծրագրի մեկնարկը

Սեպտեմբեր 20,2017 19:25

Սույն թվականի սեպտեմբերի 19-ին Վրաստանի Սամցխե-Ջավախքի շրջանում և ՀՀ Շիրակի մարզում տեղի են ունեցել «Արփի լիճ» ազգային պարկի և «Ջավախեթի» պահպանվող տարածքների անդրսահմանային միջոցառումները, որոնց մասնակցել են ՀՀ բնապահպանության նախարարության պատվիրակությունը` նախարար Արծվիկ Մինասյանի գլխավորությամբ, Վրաստանի շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների նախարարության պատվիրակությունը` փոխնախարար Եկատերինա Գրիգալավայի գլխավորությամբ:

Միջոցառումներին ներկա են գտնվել նաև ՀՀ-ում և Վրաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության  արտակարգ և լիազոր դեսպաններ Մաթիաս Կիսլերը և Հայքե Պաիթչը, KFW բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանային գրասենյակի, Բնության համաշխարհային հիմնադրամի Անդրսահմանային միացյալ քարտուղարություն ծրագրի ներկայացուցիչներ, երկու երկրների վարչական շրջանների պատվիրակություններ, ՀՀ Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը, բնապահպանական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Միջոցառումը կազմակերպվել էր «Անդրսահմանային միացյալ քարտուղարություն, փուլ III» ծրագրի շրջանակներում՝ Բնության համաշխարհային հիմնադրամի Կովկասյան գրասենյակի հայաստանյան մասնաճյուղի, ինչպես նաև Հայաստանի բնապահպանության նախարարության ու Վրաստանի շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների պահպանության նախարարության կողմից՝ ընդգծելու անդրսահմանային համագործակցությունը՝ կենսաբազմազանության մոնիթորինգի և զբոսաշրջության խթանման գործընթացում։

Միջոցառումների մեկնարկը տրվել է Ախալքալաք քաղաքում «Ջավախեթի» պահպանվող տարածքների այցելուների կենտրոնի բացմամբ: Հյուրերը շրջայց են կատարել կենտրոնի տարածքում, ծանոթացել արգելավայրի ֆլորայի և ֆաունայի նմուշներին: Ներկաները ծանոթացել են տեղական արտադրատեսականու շուկայի ներկայացուցիչների արտադրանքներին:

Ողջունելով ներկաներին` ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը նշել է.  «Առաջին անգամ տարածաշրջանային համագործակցության առարկայական արդյունքն ենք տեսնում: Առաջին անգամ հնարավորություն է ընձեռվել, որպեսզի մենք Հարավային Կովկասում էկոտարածաշրջանային ծրագրի ներքո ունենանք բնության հատուկ պահպանվող տարածքներ, և միավորենք մեր ջանքերը կենսաբազմազանության պահպանության իրական միջավայր ստեղծելու համար, ինչը հնարավորություն է տալիս բնապահպանական ծրագրերը դարձնել մեր տարածաշրջանի ապագային միտված արդյունավետ մեխանիզմներ»:

ՀՀ բնապահպանության նախարարը շնորհակալություն է հայտնել Վրաստանի բնապահպանական գերատեսչությանը և բոլոր շահագրգիռ կողմերին, ովքեր նպաստել են մեկնարկող ծրագրի կայացմանը և համոզմունք  հայտնել, որ լավ սկիզբը կունենա այլ դրական զարգացումներ: Ըստ Ա. Մինասյանի, ներկայում  բնության պահպանությունը պահանջում է բոլորի ջանքերի մեկտեղում և միայն այդ կերպ հնարավոր է ապագայում ունենալ կայուն զարգացում: Այս նպատակով Հայաստանը պատրաստակամ է համագործակցել անդրսահմանային համագործակցության բոլոր ձևաչափերով:

«Համագործակցության առանցքը կենսաբազմազանության պահպանումն է, ինչը նաև բերելու է հատուկ պահպանվող տարածքների հարակից համայնքների բնակիչների բարեկեցության բարձրացմանը: Մենք խորապես համոզված ենք, որ կենսաբազմազանության պահպանությունը հնարավորություն է տալու բոլոր նրանց, ովքեր արժեվորում են բնությունը, բնության պահպանությունը, որպես նաև ապագայի հանդեպ պարտավորություն, նաև էկոհամակարգային ծառայություններով վաստակել շատ ավելի մեծ եկամուտներ և ունենալ երաշխավորված ապագա»,- նշել է Ա. Մինասյանը և հավելել. «Շատ կարևոր է, որ բոլոր համայնքները, որտեղ կենսաբազմազանության տարրեր կան` ներգրավվեն այս ծրագրերում: Սա այն եզակի դեպքն է, որ համայնքներն ակտիվ մասնակցել են ազգային պարկերի ձևավորման գործին»:

Վրաստանի շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների փոխնախարար Եկատերինա Գրիգալավա իր խոսքում կարևորել է երկու երկրների համագործակցությունը և  նկատել, որ կողմերի ներդաշնակ աշխատանքը կնպաստի իրական թիրախային նպատակներին հասնել:

ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության  արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Կիսլերը բարձր է գնահատել բնապահպանական խնդիրների լուծման գործում կողմերի ներդրած ջանքերը, ինչի վկայությունն է հաջողված ծրագրի մեկնարկը:

Երկու երկրների ներկայացուցիչները եղել են  Մադաթափա լճում, ծանոթացել թռչունների անդրսահմանային մոնիթորինգի գործընթացին: Հայաստանի և Վրաստանի պատվիրակությունների ղեկավարները Լճի մերձակայքից տվել են երկու երկրների հեծանվորդների անդրսահմանային երթուղու մեկնարկը:

ՀՀ Շիրակի մարզի Մեծ Սեպասար համայնքի զբոսաշրջության կենտրոնում  միջոցառման մասնակիցները ծանոթացել են հայ արտադրողների արտադրատեսականուն: ՀՀ Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը  կարևորել է ծրագրի բնապահպանական բաղադրիչը և շեշտել էկոզբոսաշրջության արդյունքում տեղի բնակչության ներգրավման հեռանկարը:

Մեծ Սեպասար համայնքում տեղի է ունեցել երկու երկրների սահմանը հատած հեծանվորդների դիմավորման և պարգևատրման արարողությունը:

ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանն Ամասիա համայնքում մասնակցել է նաև գյուղատնտեսական և անասնաբուժական սպասարկման կենտրոնի բացման արարողությանը: Կենտրոնը խորհրդատվությամբ և մասնագիտական այլ միջոցներով կաջակցի տեղի անասնապահներին, ինչը միտված է արոտավայրերը գերարածեցումից զերծ պահելուն:

Տեղեկանք

«Արփի լիճ» ազգային պարկը և «Ջավախեթի» պահպանվող տարածքները ստեղծվել են Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության (BMZ) ֆինանսական աջակցությամբ՝ KfW զարգացման բանկի միջոցով։ Պահպանվող տարածքների ստեղծման նպատակն է Ջավախք-Շիրակ բարձրավանդակի (Կովկասյան էկոտարածաշրջան) յուրօրինակ կենսաբազմազանության պահպանությունը, տարածաշրջանում կայուն համայնքային զարգացման խթանումը, ինչպես նաև բնապահպանության ոլորտում Հայաստանի և Վրաստանի միջև անդրսահմանային համագործակցության աջակցությունը ։

ՀՀ բնապահպանության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930