«Աշխարհն ականատես եղավ, որ կա Հայաստան պետություն, Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն և հայ ազգ»,-ամփոփելով Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովի արդյունքները՝ «Նոյյան տապան» մամուլի սրահում հայտարարեց Մոսկվայի Մենեջմենթի, էկոնոմիկայի եւ ինովացիայի ինստիտուտի պրոֆեսոր, «Արարատ» միջազգային գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ, Մոսկվայի հայ համայնքի խորհրդի անդամ, Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովի մասնակից՝ տնտեսագետ Արտաշես Միքայելյանը:
Անդրադառնալով այն տվյալներին, որոնք ներկայացնում է ՀՀ պաշտոնական վիճակագրությունը՝ պարոն Միքայելյանը մի քանի խնդրահարույց փաստ ներկայացրեց. «Պաշտոնական վիճակագրության տվյալներով՝ 1989 թվականին Հայաստանն ուներ 3,5 միլիոն բնակչություն, հիմա այն կազմում է 3,1 միլիոն: Հետաքրքրականն այն է, որ պաշտոնական վիճակագրությունը բնակչության մասին տեղեկությունների վերաբերյալ ասում է. ՀՀ բնակչությունը տվյալ պահին գրանցված և բնակվող բնակչությունն է, այդ թվում այդ պահին բացակայող բնակչությունը: Ստացվում է՝ պաշտոնական վիճակագրությունը համայն հայությանը հայտարարում է, որ չհավատաք իմ տվյալներին: Դժբախտաբար պետական այրերն այս տվյալներով են առաջնորդվում»: Պարոն Միքայելյանը նաև որոշ հակասություններ ներկայացրեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի հայտարարություններից. «Այսօր Հրանուշ Հակոբյանը հայտարարեց, որ 101 երկրում հայկական մշտական համայնքներ ունենք: Բայց այլ վիճակագրական տվյալներով՝ նա հայտարարել էր, որ աշխարհի 193 պետություններից 170-ում հայկական համայնքներ ունենք: Պետությունն արդեն ինքը հայտարարում է, որ իրենց տվյալներին չպետք է հավատալ»:
Անդրադառնալով ՀՀ բնակչության կենսամակարդակին և սոցիալական վիճակին՝ պարոն Միքայելյանը վրդովվեց. «ՀՀ բնակչության զգալի մասն ապրում է աղքատության մեջ: Գոյություն ունեն հարուստներ, գերհարուստներ: Մեկ տոկոս բնակչությունը տիրապետում է ազգային հարստության մոտ 70 տոկոսին: Այս թվի մեկնաբանությունը ցույց է տալիս, որ այն որևէ քաղաքական նշանակություն չունի: Սա սոցիալական հետևանք է՝ այն ճանապարհի, որ բռնել ենք»:
Անդրադառնալով ՀՀ վարչապետ Կարեն կարապետյանի ելույթներին և ներդրումների մասին հայտարարություններին, պարոն Միքայելյանն ասաց. «Հարգելի՛ պարոն վարչապետ, եթե ՀՀ-ն ճգնաժամում է, պետք է երկիրը փրկել այս վիճակից: Պետք է այնպես անել, որ այդ միլիոնատերերը ներդրումները դրսում չանեն: Թե չէ մի ձեռքով կոչ եք անում, խնդրում՝ փող բերեք, մյուս ձեռքով էլ այդ փողը տանում այլ տեղ եք դնում»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Լուսանկարը՝ «Նոյյան տապան»-ի
Օրինակ Առողջապահության նախարարը պատրաստվում է առողջապահությանը գնացող ֆինանսական միջոցները օտարերկյա ապահովագրական ընկերություններին տալ, իր խոսքերով աուտսորս են անելու: