Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Հայաստան-Սփյուռք» 6-րդ համաժողովի հայտարարությունը. երաշխավորում ենք որպես ուղենիշ ողջ հայության համար

Սեպտեմբեր 20,2017 17:57

Սեպտեմբերի 20-ին`«Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն››  «Հայաստան-Սփյուռք» համահայկական 6-րդ համաժողովն ամփոփեց իր աշխատանքները:

Համաժողովի փակման լիագումար նիստը վարում էր ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Ողջունելով ներկաներին՝ նա գոհունակությամբ նշեց, որ համաժողովի աշխատանքներն ընթացան արդյունավետ եւ այսօր ամփոփում է արդյունքները: «Ձեր բոլոր հարցադրումները, կարծիքներն ու առաջարկները տեղ կգտնեն նախարարության և համաժողովի կայքում, կդառնան մեր հետագա գործունեության ուղենիշ», – հավելեց Հրանուշ Հակոբյանը,

Համաժողովի լիագումար նիստում ելույթ ունեցավ ՀՀ Ազգային ժողովի նախագահ  Արա  Բաբլոյանը: Նա մասնավորապես նշեց. «Խորհրդանշական է, որ այս համաժողովն անցկացվեց Հայաստանի անկախության հռչակման 26-րդ տարեդարձի նախօրյակին: Թույլ տվեք շնորհակալություն հայտնել բոլորիդ ակտիվ մասնակցության համար: Վստահ եմ, որ այս համաժողովը մեզ ավելի համախմբող, շոշափելի արդյունքների հանգեցնող, համահայկական գործակցությունը խթանող համազգային ձեռնարկ է: Ընդհանրապես, Հայաստան-Սփյուռք համաժողովները կարևորագույն իրադարձություն են թե՛ Հայաստանում և թե՛ նրա սահմաններից դուրս գտնվող մեր հայրենակիցների համար: Այդ է վկայում նաև տարեցտարի ընդլայնվող մասնակցության աշխարհագրությունը»:

Համաժողովն ամփոփեց  արդյունքները չորս ուղղություններով:

«Հայաստանի զարգացման հիմնախնդիրներ» ուղղության քննարկումների արդյունքները ներկայացրեց ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման  և բարեփոխումների նախարար  Վաչե Գաբրիելյանը:

«ՀՀ պաշտպանական քաղաքականության առանձնահատկությունները ժամանակակից մարտահրավերների պայմաններում» ուղղության քննարկումների արդյունքներն ամփոփեց ՀՀ պաշտպանության նախարարի ավագ խորհրդական Բաբկեն Վարդանյանը:

«Արտաքին քաղաքականության օրակարգ»  ուղղության քննարկումների  արդյունքները ներկայացրեց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը:

«Հայապահպանության հիմնախնդիրներ» ուղղության քննարկումների  արդյունքներն ամփոփեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Համաժողովն ընդունեց  Հայտարարության.

«ՀԱՅԱՍՏԱՆ – ՍՓՅՈԻՌՔ ՎԵՑԵՐՈՐԴ ՀԱՄԱԺՈՂՈՎԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Մենք՝

Հայաստանի առաջին Հանրապետության հռչակման, 1918թ. մայիսյան հերոսամարտերի 100-ամյա հոբելյանների և Երևանի հիմնադրման 2800-ամյակի նախաշեմին Երևանում գումարված «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» խորագրով Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովի մասնակիցներս՝

Առաջնորդվելով Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության ամրապնդման գործում ողջ հայության ներուժի համախմբման, շարունակական երկխոսության և բազմաշերտ ներգրավման հրամայականով,

Կարևորելով ազգային նպատակադրումների համատեղ ամրագրումը, դրանց կենսագործման համար ծրագրերի մշակումը, տարբեր միջոցներով յուրաքանչյուրի մասնակցության համար հնարավորության ընձեռումը և արդյունքների համար հայության համահավաք պատասխանատվության գիտակցումը,

Նկատի ունենալով, որ Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության հզորացումը և անվտանգության ամրապնդումը, ժողովրդավարական հաստատությունների ու կառավարման համակարգերի առավել ուժեղացումը, տնտեսական վերընթաց զարգացումը, ժողովրդի կենսամակարդակի բարձրացումը,  հոգևոր, կրթական ու մշակութային առաջընթացը, աշխարհասփյուռ հայկական համայնքներում ազգային ինքնության պահպանությունը և մշակութային զարգացումը Հայաստան-Արցախ-Սփյուռք միասնության և ողջ հայ ժողովրդի հավաքական նպատակների իրականացման գրավականն են,

Կենսական նկատելով ազգային ինքնության պահպանման գործում հոգևոր, բարոյական ավանդական արժեքների շուրջ համախմբումը, հայ ընտանիքի ամրապնդումը և ծնելիության աճի խթանումը,

Վերահաստատելով մեր համազգային պատասխանատվությունն Արցախի ժողովրդի` սեփական ճակատագիրն ազատ տնօրինելու անքակտելի իրավունքի իրացման, ժողովրդավարության զարգացման և միջազգային հանրությանը լիիրավ ինտեգրման հարցերում,

Գիտակցելով Հայաստանի, Արցախի և Սփյուռքի առջև առկա և հնարավոր նոր մարտահրավերներին միասնաբար` պետության, հայ եկեղեցու, համահայկական կառույցների և  համայնքային կազմակերպությունների ջանքերի համադրմամբ արձագանքելու և համահայկական խնդիրները համատեղ ուժերով լուծելու անհրաժեշտությունը,

Համոզված լինելով, որ փոփոխվող աշխարհում Սփյուռքի համայնքների դինամիկ զարգացումը հնարավորություն է տալիս նորովի մասնակցություն բերելու Հայաստանի և Արցախի տնտեսական ու մշակութային զարգացմանը՝ այդպիսով նպաստելով հզոր հայրենիքի կառուցմանը,

Փաստելով, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունում  ամրագրված է հայապահպանմանն ուղղված քաղաքականություն վարելու և հայրենադարձությանը համակողմանիորեն նպաստելու պետության առաքելությունը, որը նոր որակ և բովանդակություն է հաղորդելու Հայրենիք-Սփյուռք հարաբերություններին,

Հավաստելով, որ իր իրավունքների պաշտպանության ու արդարության վերականգնման համար հայության պայքարը հիմնված է համամարդկային արժեքների վրա և հանդիսանում է մեր համազգային գործակցության առանցքային ուղենիշներից մեկը,

Ողջունելով Համահայկական խորհրդի՝ որպես համազգային առաջնահերթությունների ճշգրտման, ազգային ներուժի մեկտեղման և բարձր մակարդակի ռազմավարական երկխոսության հարթակի ձևավորման գործընթացը,

Հավատարիմ մնալով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի Համահայկական հռչակագրի սկզբունքներին,

Վերահաստատում ենք մեր պատրաստակամությունը՝ միասնաբար և փոխադարձ պատասխանատվությամբ, մարդկային, նյութական և հոգևոր ներուժի համախմբմամբ առավել ամրապնդել Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը` այն ուղղորդելով հետևյալ նպատակների և խնդիրների  իրագործմանը.

Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության հզորացմանը, անվտանգության ամրապնդմանը, բարգավաճմանը, աշխարհասփյուռ հայկական համայնքների համախմբմանը, ազգային ինքնության պահպանմանը, ինչպես նաև հայրենադարձության քաջալերմանը,

Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ և արդարացի հանգուցալուծմանը, Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրականացման միջազգային ճանաչմանը,

Օսմանյան կայսրության և Թուրքիայի տարբեր վարչակարգերի կողմից պետականորեն ծրագրված և իրագործված Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման, դատապարտման և դրա հետևանքների վերացման ուղղությամբ առավել համակարգված և միասնական քաղաքականության  իրականացմանը, ցեղասպա­նությունների և մարդկության դեմ ուղղված հանցագործությունների կանխարգելման նպատակով միջազգային հանրության պայքարի առաջնագծում հաստատուն դիրքի պահպանմանը` այդ համարելով  որպես ցեղասպանություն վերապրած ժողովրդի` համամարդկային արժեքների և միջազգային իրավունքի վրա խարսխված բարոյական պարտք ողջ միջազգային հանրության առջև,

Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանն ուղղված գործընթացում իրազեկվածության առավել բարձրացմանը, պատմական հիշողության պահպանման ու փոխանցման կարևորմանը և այդ հանցագործության ժխտման, նսեմացման դեմ պայքարի իրականացմանը՝ այդ թվում իրավունքի ուժով,

Հայաստանի պաշտպանվածության ամրապնդմանը, զինված ուժերի ռազմատեխնիկական, տեխնոլոգիական և մասնագիտական ներուժի արդիականացմանը, ռազմաարդյունաբերական համալիրի զարգացմանը` որպես տնտեսության զարգացման և տեխնոլոգիական առաջընթացի շարժիչ ուժ և «Ազգ-Բանակ» հայեցակարգի կենսագործման առանցքային ուղղություն,

Աշխարհի տեղեկատվական տարբեր հարթակներում հայատյացության և հակահայ քարոզչության փորձերի դեմ միասնական պայքար ծավալելու և նման քաղաքականության ազդեցության չեզոքացման ուղղությամբ գործնական ծրագրերի և համակարգված գործունեության շարունակական իրականացմանը,

Երիտասարդության շրջանում ազգային ինք­նության հավաքական որակների տարածմանն ու ամրապնդմանը, հայ դպրոցի զորացմանը, հայ սերունդներին հայկականության ոգով դաստիարակմանը, հայեցի կրթության գործում ժամանակակից տեխնոլոգիաների ներդրմանը, հայրենաճանաչության նոր ծրագրերի մշակմանն ու իրականացմանը,

Հայության մեջ սիրո, համերաշխության, հանդուրժողականության, վստահության և միասնության ամրապնդմանը, հայ մարդու անվտանգ ու արժանապատիվ կյանքի համար բարենպաստ միջավայրի ապահովմանը,

Հայկական  համայնքների առջև ծառացած մարտահրավերների դիմագրավման ու հաղթահարման և հնարավոր այլ մարտահրավերների բացահայտման ուղղությամբ ջանքերի համադրմանը,

Մերձավոր Արևելքի և, մասնավորապես, ծանր փորձությունների միջով անցնող Սիրիայի հայությանը համակողմանի աջակցության ցուցաբերմանը, այդ տարածաշրջանում հայկական հաստատությունների, պատմամշակութային կոթողների և մշակութային արժեքների պահպանմանը,

Հայաստանի, Արցախի բնակավայրերի (հատկապես՝ սահմանամերձ)  կենսագործունեության տարբեր ոլորտների զարգացմանն ուղղված ծրագրերի մշակմանը և իրականացմանը,

Հայաստանի և Արցախի վերաբերյալ միջազգային իրազեկվածության բարձրացմանը, այդ նպատակով համահայկական օրակարգի ձևավորմանը և դրա լուծման ուղղություններով միասնական քաղաքականության մշակմանը և իրականացմանը` նոր և ավանդական կառույցների միջոցով,

Տարբեր երկրներում հայկական պատմամշակութային ժառանգությունը պահպանելու, աշխարհում հայկական մշակույթը պատշաճ կերպով ներկայացնելու, հայկական համայնքների ինքնակազմակերպման  ուղղությամբ միասնական ջանքերի գործադրմանը,

Արևմտահայերենի պահպանման, տարածման, Սփյուռքում հայոց լեզվի և հայագիտական առարկաների դասավանդման աջակցության նպատակով Հայաստանի և Սփյուռքի մասնագիտական ներուժի համախմբմանը:

Համաժողովի մասնակիցներս լիահույս ենք, որ Հայաստանի, Արցախի և Սփյուռքի բոլոր կառույցները, երիտասարդության լայն ներգրավմամբ, պատշաճորեն կնշեն Հայաստանի առաջին Հանրապետության ու Մայիսյան հերոսամարտերի 100-ամյա, ինչպես նաև քաղաքամայր Երևանի հիմնադրման 2800-ամյա հոբելյանները:

Սույն ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ երաշխավորում ենք որպես ուղենիշ ողջ հայության, Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության պետական մարմինների, հայ եկեղեցու, համահայկական, համայնքային կառույցների ու կազմակերպությունների համար՝ հետամուտ լինելու համահայկական նպատակների իրականացմանը:

ՀԱՅԱՍՏԱՆ – ՍՓՅՈՒՌՔ 6-ՐԴ ՀԱՄԱԺՈՂՈՎԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐ

Երևան – 20.09.2017թ.»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930