Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Աղջիկ պտղից ազատվելու համար կինը 2 շիշ «պիվա», հետո ասպիրին է խմել, 10 հատ չպճղած ձու կերել, մամայի խորհրդով էլ` ներսն ինչ-որ իր դրել (Տեսանյութ)

Սեպտեմբեր 20,2017 17:48

«Սկեսուրների դերը» եւ «Ինչպե՞ս տղա երեխա ունենալ». այս թեմայով այսօր «Վորլդ Վիժն Հայաստանը» ներկայացրեց հետազոտության արդյունքները:

Ռուզաննա Ծատուրյանը ներկայացնելով հետազոտության արդյունքները, նկատեց՝ այն կանայք, որոնք սպասում են կամ նախապատվությունը տալիս են տղա երեխային, չեն գրանցվում որպես հղի, որովհետեւ սեռը բացահայտվում է հղիության 12-րդ շաբաթում, եւ նրանք սպասում են մինչեւ 12 շաբաթը լրանա, պտղի սեռը պարզվի՝ նոր որոշում կայացնեն. «Այստեղ կա հստակ ցանց հայտնի մասնագետների, որոնց մոտ հերթագրմամբ հասնում են եւ հենց 11-12 շաբաթական շրջանում ուլտրաձայնային հետազոտությամբ պարզում են պտղի սեռը: Եվ եթե պարզեցին, որ տղա է, իսկ այդ ընտանիքը տղա է ուզում, արդեն գրանցվում են որպես հղի: Իսկ եթե ոչ՝ դրան հաջորդում է՝ «դե իմացանք աղջիկ է, գնացինք հանեցինք» արտահայտությունը»:

Թալինի գյուղերից մի տղամարդ էլ, ինչպես Ծատուրյանը ներկայացրեց, հարցման ժամանակ ասաց, որ 4 աղջիկ ուներ եւ վերջապես 5-րդ տղան էր ունեցել, ուլտրաձայնային հետազոտություն անող բժշկի մասին ասել է. «Նա սասունցիների Աստվածն է: Թալինի գյուղերի բնակիչները արմատներով Սասունից են, եւ որպես ավելի հայրիշխանության բնակչություն, ավելի շատ են երազում տղա երեխա ունենալու մասին: Իսկ բժիշկը սասունցիների Աստվածն էր, որովհետեւ կարողանում էր վաղ շրջանում ճշգրտորեն պտղի սեռը բացահայտել»:

Ծատուրյանը հարցման ընթացքում նկատել է մարդկանց անտարբերությունն ու սառնասրտությունը աղջիկ երեխաներից ազատվելու երեւույթի նկատմամբ: Ըստ Ծատուրյանի, թե՛ կանայք, եւ թե՛ տղամարդիկ մշակութայնորեն հիմնավորված են համարում այս երեւույթը, եւ պոպուլիստական բանաձեւեր են շրջանառվում համայնքից համայնք՝ «բա ի՞նչ անեն, եթե մարդ ուզում է տղա ունենալ», «բերեն չկըրնան պահել, մանկատուն տայի՞ն»:

«Ամենադրամատիկ երեւույթը, երբ տարբեր միջոցներով՝ գուշակություններով կամ հաշվարկներով պարզում են, որ տղա չէ, եւ ի՞նչ անել դրանից հետո: Կամ թույլ տալ, որ այդ եւս մեկ ավելորդ աղջիկը ծնվի, մինչեւ կարողանանք այնպես անել, որ տղան ծնվի, կամ որն ավելի տարածված է համայնքներում՝ սոցիալական պայմաններից՝ սահմանափակել երեխաների թիվը, բայց այնպես անել, որ մեկ տղա անպայման ունենան: Այս դեպքում աղջիկ պտղից հրաժարվելու մութ ոլորանները շատ չեն քննարկվել: Սա արդեն օրենսդրական շրջանակներից դուրս է: Եվ քանի որ օրենքը արգելում է 12 շաբաթականից հետո հղիության ընդհատումը, մարդիկ չէին կիսվում՝ ոնց են ընդհատել»,-ասաց Ծատուրյանը:

Նրա ներկայացմամբ՝ կանայք հղիության ընդհատման ժողովրդական մեթոդների են դիմում, որպեսզի չհասնեն գինեկոլոգիական ծառայություներ. դրանք վճարովի են, ճանապարհ պիտի հատեն, կապեր պիտի ունենան. «Հատկապես գյուղաբնակ կանանց համար է այդպես: Նրանց ամուսիները հիմնականում արտագնա աշխատանքի են, զանգում են ամուսնուն ու ասում ՝ աղջիկ է: Նա էլ ասում է՝ «մեզ աղջիկ պետք չի, կհանես»: Եվ այս կինը պետք է խնդիրը լուծի՝ բարձր տեղից է թռնում, դեղեր խմում, ծանր իրեր վերցնում, որպեսզի վիժում առաջանա»:

Տիկին Ծատուրյանը ներկայացրեց նաեւ մի գինեկոլոգի պատմածը այն կնոջ մասին, որը փորձել էր ինքնուրույն վիժեցնել պտղին.«Կինն ասել էր՝ բժիշկ ջան 2 շիշ պիվա խմեցի, հետո՝ ասպիրին, հետո՝ 10 հատ չպճղած ձու կերա, հետո մամաս ասավ՝ ներսից ինչ-որ իր դիր, որ խթանես: Արդյունքում արգանդը հեռացրել են»:

Մանրամասն՝ տեսանյութում

Aravot.am-ի հարցին՝ ինչպիսի արդյունքներ է տվել սեռով պայմանավորված հղիության ընդհատման դեմ հանրային քարոզարշավը, պաշտոնապես հայտարարվում է, որ թիվը մի փոքր նվազել է, Ռուզաննա Ծատուրյանն այսպես պատասխանեց. «Չնայած հանրային քարոզարշավը մի կողմից ուներ շատ դրական արդյունք, բայց մշակութային կարծրատիպերի փոփոխությունը թվերով շոշափելը բարդ գործ է: Երեւույթը հանրային քարոզարշավի արդյունքում թաքնվել է տներում եւ ավելի դժվար բռնվող է դառնալու հետագա ժամանակաշրջանի համար»:

Մանրամասն՝ տեսանյութում

Քննարկման մեկ այլ բանախոս ԵՊՀ գենդերային հետազոտությունների եւ առաջնորդության կենտրոնի տնօրեն Գոհար Շահնազարյանն էլ ներկայացրեց սկեսուրների շրջանում հարցման արդյունքները: Ըստ այդմ, ինչպես Շահնազարյանը ներկայացրեց, որոշ կեսուրների համար հարսի՝ սկեսուրին մամա ասելը մեծ ձեռքբերում է: Մի սկեսուր էլ իրեն դժբախտ է համարել, որ որդին ամուսնանալուց հետո առանձնացել է, այս սկեսուրի կարծիքով՝ «ուրեմն ես էնքան լավը չէի, որ չուզեցին իմ հետ ապրել»:

Հարցված սկեսուրներն այն կարծիքին են, որ հիմա ժամանակները փոխվել են, եւ այսօրվա հարսները կարող են իրենց այնպիսի բաներ թույլ տալ, ինչը իրենք որպես հարս չէին կարող անել: Հարցված սկեսուրները, ինչպես ներկայացրեց Շահնազարյանը, կարծում են, որ ընտանիքում համերաշխությունը կախված է կնոջից. «Սա ուղերձ էր հարսներին»:

Իսկ բռնությունների մասին սկեսուրների ընկալումը հետեւյալն է՝ «դա անխուսափելի է, պետք է հարմարվել»:

 

Ըստ հարցված սկեսուրների, իրենց երիտասարդության ժամանակ չամուսնանալու մասին անգամ չէին կարող մտածել, դրան միջամտում էր հանրությունը, հարեւանը, բարեկամը, հետաքրքրվելով՝ բա ե՞րբ ես ամուսնանալու: Իսկ ամուսնուն հակառակվելը, ըստ հարցման, անընդունելի մի բան է: Շահնազարյանի ներկայացմամբ, մի կին ասել է. «Շատ լավ էինք իրար հետ, իրավունք չունեի խոսեի: Ինքը տղամարդ է, հո չեմ հակառակվի, որ սխալ էր: Հետո զգացել է իր սխալը, բայց ես հո երեսով չէի տա, էտի շատ մեծ սխալ է կնգա կողմից մարդուն երեսով տալը»:

Aravot.am-ի այն հարցին էլ՝ որքան է սկեսուրների դերը սեռով պայմանավորված պտղի ընդհատման որոշման հարցում, բանախոսներից Գոհար Շահնազարյանը պատասխանեց. «Սկեսուրների դերն այս գործընթացում յուրահատուկ է: Հայաստանում, քանի որ խնդիրը մեծ է՝ սեռով պայմանավորված հղիության ընդհատման հարցում, այստեղ կարեւոր է, թե՝ ի՞նչ դեր ունեն զուտ սկեսուրները, ոչ թե սկեսուր-հարս հարաբերություններն են»:

Իսկ թե սկեսուրների ազդման չափը որքան է, Շահնազարյանը դժվարացավ պատասխանել, նկատելով՝ հետազոտությունը որակական էր, ոչ թե քանակական:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930