«1988-ը չէր լինի, եթե չլիներ այն սերունդը, որը ծնեց 1988-ը: 1988-ին մարդկանց այդ սերունդն իրենց պապերի երազանքի կանչը փորձեց իրականություն դարձնել»,- «Նոյյան տապան» մամուլի սրահում հայտարարեց ԳԽ պատգամավոր, «Գերագույն Խորհուրդ պատգամավորական ակումբ» ՀԿ նախագահ Վարդան Պետրոսյանը:
Ըստ նրա` նման փորձեր բազմաթիվ անգամներ եղել էին, բայց 1988-ին ստացվեց այնպես, որ ժողովուրդն ուժեղ միասնականություն հանդես բերեց. «Դա ոչ թե մեխանիկական էր, այլ ներքին փոռթկումով»։
Հարցին` իսկ ի՞նչ ունեցանք 1994-ից հետո, ԳԽ պատգամավորը պատասխանեց. «Տեղի ունեցավ այն, որ որոշ մարդիկ, որոնք մինչ այդ համարձակություն չէին ունենում իրենց անձնական կամ խմբակային նպատակներն իրականություն դարձնել, օգտվելով այն բանից, որ ժողովրդի շրջանում պայքարի ընթացքում ֆիզիկական հոգնածություն էր առաջացել, արագ վերցրին իշխանությունը և վերջ: Մենք ունենք ճկուն ժողովուրդ, բայց այլանդակ կառավարում, որն իրականացնելն էլ է շնորհքի հարց: Խնդիր է դրված սպասարկել տարբեր պետությունների իշխանությունների, անձերի շահերը: Արդյունքում ունենք սարսափելի արտագաղթ, բայց ճոխ վերլուծություններ, որոնք ցույց են տալիս, թե մենք տոկոսային աճ ենք ունենում: Եթե նման աճ ունենայինք, բոլոր գժերը գժանոցներում կբուժվեին»:
Խոսելով ՀՀ երեք նախագահների ընդհանրությունների մասին` ԳԽ պատգամավորը նկատեց. «Կարող է երեք նախագահները հասակով տարբեր են, բայց բոլորն էլ վաստակեցին ժողովրդի անեծքը»:
Հարցին` արդյոք Հայաստանը անկա՞խ է, Վարդան Պետրոսյանն այսպես արձագանքեց. «Ցանկացած երկրի համար անկախությունն այն մակարդակում է, ինչքանով անկախ են քաղաքացիներն իրենց մտքերն ու դրսևորումներն արտահայտելու հարցում, կենցաղում, ոչ թե կախված են ամեն ինչից: ՀՀ-ում առավոտյան մարդը հենց արթնացավ, խնդիրների ցուցակն իր առջևում է: Սա անկախության հետ առնչություն ունենալ չի կարող»:
Դառնալով հողերի հանձնման շահարկումներին ու մտահոգություններին` պարոն Պետրոսյանը վրդովվեց. «Դա հող չէ, հողը հայրենիք է: Հայրենիք է այդ տարածքը: Մեկի համար դա հայրենիք է, իսկ օտարի համար դա հող է»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Լուսանկարը` «Նոյյան տապան»-ի