Սեպտեմբերի 19-ի երեկոյան Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի Դովեղ գյուղի սահմանագոտում մեծ հրդեհ է բռնկվել, որը տարածվել է Դովեղ գյուղի տարածքներ:
Դովեղցիների խոսքերով՝ այրվել են չհնձված խոտհարքներ, չմշակված վարելահողեր, արոտավայրեր, անտառամերձ տարածքներ: Կրակը մոտեցել է Դովեղ գյուղին:
Հրդեհը հանգցնելու համար համագործակցված աշխատել են Նոյեմբերյանի հրշեջները, Դովեղի բնակիչները, Նոյեմբերյանի անտառտնտեսության աշխատողներ, սահմանապահ զինվորականներ: Ընդհանուր ուժերով հաջողվել է մարել կրակը:
Դովեղցիների վկայությամբ`սեպտեմբերի 20-ի վաղ առավոտյան հրդեհի բոլոր օջախները մարել են:
Դովեղի վարչական ղեկավար Սամվել Գորգինյանն ասաց, որ չգիտի, թե կրակն ինչից է առաջացել, հրդեհը տարածվել է Ադրբեջանին սահմանակից «Ջալաղներ» տարածքից: Ս. Գորգինյանի խոսքերով`կարեւորն այն է, որ հրդեհի հետեւանքով խաղողի այգիները, անտառը չի վնասվել, բերքի կորուստ չի եղել:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ