Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ովքեր ունեն, թող բերեն դնեն». Սփյուռքահայերը՝ Հրանուշ Հակոբյանի՝ 1000 դոլար բերելու կոչի մասին

Սեպտեմբեր 20,2017 16:24

Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը կոչ էր արել սփյուռքահայերին, որ ամեն մեկը 1000 դոլար բերի ու դնի հայաստանյան բանկերում:

Այսօր մենք Հայաստան-Սփյուռք համաժողովին մասնակցող մի քանի սփյուռքահայերից հետաքրքրվեցինք՝ իրենց բաժին 1000 դոլարը բերե՞լ են, թե՞ չէ:

Սոցիալ-Դեմոկրատական Հնչակյան կուսակցության կենտրոնական վարչության ատենապետ Համբիկ Սարաֆյանի խոսքով՝ «Դա մտնում էր այն ցանկությունների մեջ, որ կարող էր իրականանալ, վստահ եմ, կան մարդիկ, որոնք, եթե ուրիշ գործով չեն զբաղվում, Հայաստանի հետ ուրիշ օրգանական կապ չունեն, միգուցե դրանով իրենց նվազագույն պարտքը կատարած լինեն: Թեեւ շատ քննադատվեց ժամանակին այդ 1000 դոլար ուզելը՝ որպես պարզամիտ մոտեցում, բայց գիտեք, եթե մենք այլընտրանքներ չունենք, ամեն ինչ էլ պիտի փորձվի վերջիվերջո: Պարզ է, ամեն մեկը իր մոտեցումով է անում, ամեն մեկը իր ձեւն ունի հայրենիքի հետ կապվելու, ավելի ճիշտ կլինի համակարգված եւ լայնամասշտաբ փոխհարաբերություն: Նախադրյալներ կան, որոնք պետք է շտկվեն, ուղղվեն: Բեմերից խոսվեց ինչ կա այստեղ, ինչ խնդիրներ ու բացթողումներ կան: Եթե այդ խնդիրները չլուծվեն՝ որեւէ բան խոսակցության սահմանից դեպի գործնական չի կարող լինել»:

ԱՄՆ-ից ժամանած սփյուռքահայ Տիգրան Բաբիկյանը Հրանուշ Հակոբյանի հորդորի հետ կապված ասաց. «Ես լսած եմ, որ ասել է՝ պետք է աջակցիլ, բայց գումարներու համար բան մը չեմ լսած: Սփյուռքը, ոչ ամեն մարդ, բայց բավական մեծ խավ մը իր աջակցությունը հայտնում է ամեն տեսակ բաներուն, արդեն օգնում է, վերջապես մեր երկիրն է»:

«Դե ովքեր ունեն, թող բերեն դնեն, ի՞նչ է խանգարում: Եթե հայերը շատ փող ունեն, մի 1000 դոլար էլ թող Հայաստանի բանկերում դնեն, միայն թե ծառայի իր նպատակին եւ համազգային կարեւոր ինչ-որ խնդիր լուծվի»,- ասաց Վրաստանի հայ գրողների «Վերնատուն» միության նախագահ Գեւորգ Սնխչյանը:

«Պետք է նախ հավատը վերականգնել, եթե կա»,- արձագանքեց Վրաստանից եկած բանաստեղծ, հրապարակախոս Հարություն Հովնաթանը:

Հարցին՝ դուք այլեւս չե՞ք հավատում մեր իշխանություններին՝ նա պատասխանեց. «Ես հավատում եմ Աստծուն, որ մեզ չի կորցնի: Այստեղ Հրանուշի խնդիրն էլ չի, իշխանությունը իր մոտեցումը, իր մտածողությունը պիտի փոխի: Հայ ժողովուրդը պիտի փոխի իր մտածողությունը: Այս մոտեցումներով չի լինելու այն, ինչի մասին խոսում են: Աշխարհի 4 ծագերից հայերը գալիս են, միմյանց են տեսնում ու գնում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930