Լույս է տեսել Մատենադարանի արվեստի պատմության բաժնի վարիչ, դոկտոր Կարեն Մաթևոսյանի «Նորավանքի վիմագրերը եւ հիշատակարանները» գիրքը:
Aravot.am-ի հետ զրույցում հեղինակը փաստում է. «Մինչեւ հիմա նման բան չի եղել, որ որեւէ վանքի վիմագրությունն ու հիշատակարանները մեկ գրքով լույս տեսնեն»: Ապա մանրամասնում է. «Արված է ուսումնասիրություն Նորավանքի մասին, մի շարք հարցեր են պարզաբանված: Օրինակ, երկար ժամանակ շփոթ է եղել երկու եկեղեցիների անունների` Սուրբ Կարապետ, թե Սուրբ Ստեփանոս: Դա է պարզաբանվում: Քննվում է այն հարցը, թե ինչու է Սմբատ Օրբելյան իշխանը որոշ վիմագրերում կոչվում «Սմբատ արքա»։ Իրականում դա «արքաուն» անվանումն է, որով մոնղոլական Մանգու խանը կոչել է Սմբատին, երբ նա գնացել էր Կարակորում 1251 և 1256 թվականներին (մոնղոլները «արքաուն» էին կոչում քրիստոնյաներին)։ Կամ՝ արդյոք Մոմիկը ճարտարապե՞տն է Բուրդելաշենի եւ այլն»:
Կարեն Մաթեւոսյանն անդրադարձավ նաեւ Բուդելաշենի վրա եղած Ճանկող արծվի քանդակին, որը համարվում էր զինանշան: «Պարզվում է` զինանշան չէ, քանի որ կրկնվում է շատ ուրիշ եկեղեցիների վրա և, ըստ էության, փրկագործական խորհրդանիշ է: Ճանկող արծվի խորհրդանիշը կրկնվում է Եղվարդի եկեղեցու վրա, Մամիկոնյաններին պատկանող Բարձրաքաշում, Թանահատում, Հերհերում…Այդպիսի քանդակ կա Անիի մայր տաճարի վրա, ճանկող արծվի պատկերով քանդակներ կան Տայքի քաղկեդոնական եկեղեցիների, 16-17-18-րդ դդ տապանաքարերի ու խաչքարերի վրա: Ամենահետաքրքիրը Գանձասարի եկեղեցու թմբուկի վրա եղած քանդակներն են, որտեղ ճանկող արծիվը պատկերված է հրեշտակի դեմքով»,- նշում է գիտնականը:
Հավելենք, որ Վայոց ձորում գտնվող Նորավանքը, որը 13-րդ դարի վերջերից Սյունիքի մետրոպոլիտների նստավայրն ու Օրբելյան զորեղ իշխանական տան դամբարանավայրն էր, նշանավոր է իր պատմությամբ եւ հարուստ մշակութային ժառանգությամբ՝ որպես ճարտարապետության եւ արվեստի խոշոր կենտրոն։
Նորավանքի 136 վիմագրեր տեղ են գտել Սեդրակ Բարխուդարյանի կազմած «Դիվան հայ վիմագրության» 3-րդ հատորում (1967 թ.)։ Հետագա տարիներին Նորավանքի վիմագրերը լրացրել են Սուրեն Սաղումյանը, Մայքլ Սթոունը և Կարեն Մաթեւոսյանը, և այս գրքում ընդգրկված է 236 վիմագիր։
Հրատարակվում են նաև Նորավանքում գրված բոլոր ձեռագրերի հիշատակարանները, որոնցից յուրաքանչյուրը ներկայացվում է պատմական և աղբյուրագիտական համառոտ ուսումնասիրությամբ։ Նորավանքի վիմագրերը և հիշատակարանները իրենց պարունակած տեղեկություններով լրացնում են միմյանց և հետաքրքրություն են ներկայացնում ինչպես պատմական, մշակութային, այնպես էլ լեզվաբանական առումով։
Գրքի հետազոտական բաժնում ներկայացված են Նորավանքի պատմության այն հարցերը, որոնք մինչև այժմ թերի են ուսումնասիրված։ Այստեղ պարզաբանված է, թե որտեղից է առաջացել վանքի հնագույն Ս. Կարապետ և Ս. Ստեփանոս եկեղեցիների շփոթը, որը կարելի է տեսնել բազմաթիվ հրատարակություններում:
Ի թիվս այլ հարցերի, հաստատվում է, որ Նորավանքի Ս. Աստվածածին եկեղեցու շինարարությունը սկսվել էր արդեն 1318 թ., Մոմիկի կենդանության ժամանակ, իսկ ավարտվել է նրա մահից (1333) հետո՝ 1339 թ.։ Նորավանքի գավթի հայտնի պատկերաքանդակների վիմագրերի վերլուծությամբ լրացուցիչ փաստեր են ի հայտ գալիս, որոնք վկայում են, որ դրանց հեղինակը Մոմիկն է։
Ինչպես արդեն վերը նշվեց, հետազոտվում է Նորավանքի Ս. Աստվածածին եկեղեցու արևելյան ճակատի՝ որսը ճանկած արծվի քանդակը, որը մինչև այժմ համարվում էր Օրբելյանների զինանշան։ Սակայն ճիշտ այդպիսի քանդակներ կան նաև մի շարք այլ իշխանական տոհմերի կառուցած եկեղեցիներում։
Պատրաստեց ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆԸ
Լուսանկարը` հեղինակի