Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Մեղադրյալներն էս շոգին ամեն անգամ գալիս-գնում են». դատավորը նախատեց «Սասնա ծռերի» պաշտպաններին (Տեսանյութ)

Սեպտեմբեր 20,2017 15:10

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, 2016թ. Ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված եւ ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող «Սասնա ծռեր» խմբի անդամներից 14-ի գործով հերթական դատական նիստում այսօր 13 փաստաբաններ կրկին գործադուլ արեցին՝ բողոքելով դատարանի կարգադրիչների կողմից իրենց հանդեպ, իրենց իսկ բնորոշմամբ, ապօրինի խուզարկությունների դեմ:

Նրանք այդ մասին գրություն էին թողել դատավոր Արտուշ Գաբրիելյանին, որում նաեւ խնդրանք կա՝ քանի որ Արայիկ Պապիկյանին եւ Մուշեղ Շուշանյանին թույլ չտվեցին նիստերի դահլիճ մտնել, օրենքով սահմանված կարգով հետաձգեք նիստը: Դատավորին այս խնդրանքը բարկացրեց: Նա զարմացավ՝ այդ ինչպե՞ս է ստացվում, որ չորս հանրային պաշտպաններն ամեն անգամ անարգել մուտք են գործում դատարան, իսկ մյուս փաստաբանները «խուզարկվում» են:

Ներկա հանրային պաշտպաններից Արմինե Ֆանյանը չհամաձայնեց, ասելով՝ մի դեպքում մետաղորսիչ սարքը ազդանշան է տալիս, եւ կարգադրիչը պահանջում է ցույց տալ մետաղական իրերը, մի դեպքում էլ՝ չի պահանջում, ուստի տարբերակված մոտեցում կա:

Դատավորը վրդովվեց. «Էլի եմ ասում՝ նախագահող դատավորին իր լիազորություններն իրականացնում է դատական նիստերի դահլիճում: Կարգադրիչներն էլ առաջնորդվում են օրենքով»:

Մինչ Արտուշ Գաբրիելյանն իր դիտողություններն էր անում, գործադուլ անող փաստաբաններից եւս մեկ գրություն ստացվեց. «Նորից հիշեցնենք, որ որպես նախագահող դատավոր՝ դուք պարտավոր եք ապահովել բոլոր պաշտպանների մուտքը նիստերի դահլիճ: Պահանջում ենք արհեստական խոչընդոտները վերացնել»: Արտուշ Գաբրիելյանը կրկին զարմացավ. «Այս մարդիկ (նկատի ունի ամբաստանյալներին.խմբ), էս շոգին ամեն անգամ գալիս-գնում են, նրանք ձեր պաշտպանության կարիքն ունեն, փոխանակ պաշտպանեք, եկել-ի՞նչ եք ասում…»:

Ապա հաշվի առնելով այն փաստը, որ տասից ավելի պաշտպաններ ներկա չեն, նիստը հետաձգեց եւ նշանակեց հաջորդ չորեքշաբթի՝ ժամը 11 00-ին:

 Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930